Նորվեգիայի կառավարությունը, մտահոգվելով երկրում առկա ամուսնալուծությունների 40%-անոց ցուցանիշով, կոչ է արել զույգերին ժամադրության գնալ գիշերը, ինչը, ըստ իշխանությունների, կօգնի կրճատել բաժանվող ամուսինների թիվը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, իշխանությունները կոչ են արել ամուսնացած զույգերին երեկոյան և գիշերն ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, որպեսզի նրանց հարաբերությունները բարելավվեն։
Մասնավորապես՝ երեխաների, հավասարության ու սոցիալական ինտեգրման հարցերով նախարար Սոլվեյգ Հորնը, ով ևս ամուսնալուծված է, նշել է, որ «գիշերային ժամադրությունները նոր կիրք կհաղորդեն ամուսինների հարաբերություններին՝ նրանց տալով «սիրեկանի» հետ հանդիպելու զգացողություն»։
«Յուրաքանչյուր զույգ պետք է երեկոյան հետաքրքիր արկած ունենա։ Դա կարող է լինել այց կինոթատրոն, ռոմանտիկ զբոսանք կամ մեկ այլ բան։ Սակայն նախընտրելի է, որ ամուսինները լինեն միայնակ՝ առանց երեխաների»,-ասել է նախարարը։