Ժամանակակից մարդիկ վստահ են, որ սոցկայքերը ֆենոմեն են, որոնք կարող էին ի հայտ գալ միայն ինտերնետի դարում։ Սակայն ընկերների և ծանոթների հետ տեղեկության փոխանակումը ցանցի ներսում իրականում շատ ավելի մեծ է, քան Facebook-ը, Twitter-ը և MySpace-ը, գրում է inosmi.ru-ն՝ մեջբերելով Los Angeles Times պարբերականում հրապարակված հոդվածը։
Վաղ Հռոմեական Հանրապետության դարաշրջանում՝ մ.թ.ա. 1 դարում, չեն եղել տպագրական մեքենաներ և թուղթ։ Այդ ժամանակ տեղեկությունը շրջանառվում էր հռոմեական էլիտայի ընտանիքների ներսում, որոնք բարեկամացել էին ամուսնությունների միջոցով։ Այդ ընտանիքների անդամները փոխանակվում էին պապիրուսներով։
Հայտնի պետական գործիչ Մարկոս Տուլիոս Ցիցերոնի նամակագրությունը, որը հիանալիորեն պահպանվել է այն ժամանակներից ի վեր, ապացուցում է, որ նա և իր ընկերները պարբերաբար նամակներ են գրել միմյանց, որտեղ մանրամասն պատմել են քաղաքական վերջին ինտրիգների մասին, մեկնաբանել և իրենց վերաբերմունքն արտահայտել տարբեր իրադարձությունների և մարդկանց վերաբերյալ։
«Մարտի 24-ին ես ուղարկել եմ քեզ Բալբուսի նամակի կրկնօրինակը և Կեսարի՝ նրան ուղղված նամակը»,- գրել է Ցիցերոնն իր ընկերոջը նամակներից մեկում։ Այն ժամանակ մարդիկ հաճախ էին միմյանց նամակ գրում, փոխանցում ընկերներին և մեջբերում այլոց նամակներից։ Որոշ նամակներ հասցեագրված էին միաժամանակ մի քանի մարդու, իսկ երբեմն դրանք կարդում էին բարձրաձայն հանրության առաջ կամ փակցնում հասարակական վայրերում։
Երբ Ցիցերոնը կամ որևէ այլ հարգված քաղաքական գործիչ ելույթ էր ունենում, նա տարածում էր իր ելույթի տեքստը՝ փոխանցելով ընկերներին, որոնք էլ հետագայում այն փոխանցում էին իրենց ընկերներին և ծանոթներին։ Այդպիսով՝ ավելի շատ մարդ կարող էր կարդալ այն թղթի վրա, քան լսել։
Նման կերպ նրանք միմյանց փոխանցում էին գրքեր, այսինքն՝ պապիրուսների հավաքածուներ, որոնք անցնում էին մի ընթերցողից մյուսին։ Եթե որևէ մեկը ցանկանում էր պահպանել այս կամ այն գրքի կրկնօրինակը, նա կարող էր վարձել դպիրներ, որոնք արտագրում էին այն։
Հռոմի բնակիչները միմյանց էին փոխանցում նաև պաշտոնական պետական թերթից հատվածներ։ Տեղեկության նման փոխանցումը թույլ էր տալիս, որպեսզի լուրերը հասնեին Հռոմեական կայսրության ամենահեռավոր անկյուններ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։
Դա մի աշխարհ էր, որտեղ մարդիկ հավաքում, մշակում և տարածում էին տեղեկությունն իրենց ընկերների շրջանում։ Մի խոսքով՝ դա նրանց սոցիալական կայքն էր, գրում է թերթը։