«Խավարասերաբուժություն» տերմինն անծանոթ կթվա ընթերցողներին, սակայն բուժման այս մեթոդն իրական բում է ապրում Չինաստանի հյուսիսային հատվածում, որտեղ մարդիկ այս միջատների միջոցով փորձում են բուժել իրենց հիվանդությունները։
Ինչպես նշում է The Telegraph-ը, խավարասերները սկսել են մեծ պահանջարկ վայելել չինացիների շրջանում ոչ թե իրենց համային հատկանիշների, այլ բուժական կարևոր նշանակության շնորհիվ։
Չինացիները խավարասերներին 2 անգամ տապակում են բուսական յուղի մեջ, որպեսզի դրանք դրսից խրթխրթան, իսկ ներսից հյութալի դառնան։ Դրանից հետո նրանք ուտում են միջատներին ինչ-որ այլ կերակուրով։
«Դրանք իրոք հրաշագործ դեղամիջոց են, որոնք օգնում են բուժել մի շարք հիվանդություններ։ Բացի այդ, խավարասերներ ուտելն ավելի լավ արդյունք է տալիս, քան որոշ դեղամիջոցների օգտագործումը»,-նշել է Շանդոնի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Լու Յիշենը։
Նա մանրամասնել է, որ չորացրած խավարասերներից պատրաստված փոշով հիվանդանոցներում բուժում են այրվածքները։ Բացի այդ, դրանք կիրառվում են կոսմետիկ նպատակներով։
Մինչդեռ դրանցից պատրաստված օշարակը, որը ստեղծվել է չինական դեղագործական ընկերություններից մեկի կողմից, բուժում է այնպիսի հիվանդություններ, ինչպես գաստրոէնտերիտը, դուոդենալ խոցը և թոքերի տուբերկուլոզը։ Պրոֆեսորն ընդգծել է, որ այս խավարասերներից պատրաստված դեղամիջոցները շատ ավելի մատչելի են, քան քիմիական դեղերը։
Գիտնականը նաև նշել է, որ ամեն տեսակի խավարասեր չէ, որ ունի բուժական հատկություններ, ունի միայն Periplaneta կոչվող խավարասերը։