Սպիտակ գույնն արդեն երրորդ տարին անընդմեջ մնում է ամբողջ աշխարհում ավտոմեքենաների համար ամենատարածված գույնը։ Այս մասին ասված է ավտոարտադրության համար ներկող նյութերի առաջատար արտադրողներից PPG Industries կորպորացիայի հետազոտության մեջ, գրում է Взгляд-ը:
Ընկերության մասնագետները գտել են, որ սպիտակն ամենատարածված գույնն է ԱՄՆ-ում:
Վերջին հետազոտության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ում մեքենաների 21 տոկոսը սպիտակ է, դրան հաջորդում է սևը՝ 19 տոկոս, մոխրագույնը՝ 17 տոկոս, արծաթագույնը՝ 15 տոկոս: Կարմիր և կապույտ գույները սկսում են նույնպես տարածվել, հատկապես սպորտային մեքենաների շարքում:
PPG-ի ներկայացուցիչների խոսքերով՝ Apple ընկերության շնորհիվ վերջին տարիներին սպիտակ գույնը դարձել է հեղինակավոր և «բարձրտեխնոլոգիական»:
Սպիտակն առաջատար է դարձել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում. այդ գույնն են նախընտրում գնորդների 25 տոկոսը: Ընդ որում՝ սևն ու արծաթագույնը շատ չեն զիջում, դրանք նախընտրողները 18-ական տոկոս են:
Մասնագետների պնդմամբ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գնորդների ճաշակները փոքր-ինչ տարբերվում են: