Դերասան Ժան Նշանյանին ESem.am-ն անդրադարձել է: Դերասանի հետ նաև «դերասանական քննություն» ենք անցկացրել, սակայն հայ դերասաններից շատերին նա չէր ճանաչում' երկար տարիներ այստեղ չլինելու և չաշխատելու պատճառով: Սերիալային դեմքերին նա ընդհանրապես չճանաչեց և «քննեց» այն դերասաններին, ում գիտի թատրոնից: Ի դեպ, նա նշեց, որ կանանց մեջ ավելի շատ է տեսնում տաղանդավոր մարդկանց: «Չգիտեմ, դա իմ սեռո՞վ է պայմանավորված, թե՞ իսկապես այդպես է»,- ծիծաղելով հավելեց նա:

Խորեն Լևոնյան
Որպես դերասան' արդեն ոչ թե երիտասարդ, այլ մեծ մարդ է' կազմավորված: Եթե իրեն այդքան շատ են ներգրավում ֆիլմերում, ուրեմն իրենից ինչ-որ բան ներկայացնում է: Այդ մասին խոսք չկա: Պարզապես բոլոր երիտասարդ դերասաններն էլ աճելու տեղ ունեն և պետք է աշխատեն իրենց վրա: Կարծում եմ' ինքն այն մարդկանցից է, ով շատ պրոֆեսիոնալ է մոտենում իր գործին և շատ լուրջ է իր արվեստում: Ըստ իս' Հայաստանի լավագույն դերասանների ցանկում է:
Նարինե Գրիգորյան
Հրաշալի դերասանուհի է, մտածող մարդ, բեմադրող, ում ես շատ կցանկանայի տեսնել այլ դիրքում, այլ բարձունքի հասած, որովհետև ինքն ունի բոլոր հնարավորությունները' հասնելու մեծ բարձունքների և´ ֆիլմում, և´ թատրոնում: Հիացած եմ իրենով և´ որպես մարդ, և´ որպես տաղանդավոր աղջիկ: Չգիտես ինչու, ֆիլմերում նրան չեն նկարահանում, սերիալում ինքը չի ցանկանում խաղալ, որովհետև կարծում է, որ թատրոնն ու կինոն նախևառաջ «պինգ պոնգ» է. ո՞ւմ հետ ինքը պիտի խաղա: Սերիալը վատ բան չի, բայց պետք է իմանաս' ում հետ ես խաղում. պետք է հավասարը հավասարի հետ խաղաս: Ինքը ճիշտ է անում, որ չի խաղում: Սակայն ես համոզված եմ, որ եթե լինի էնպիսի դեր, որ ինքը շրջապատված լինի պրոֆեսիոնալ մարդկանցով, սերիալի մաս կկազմի:

Նարինե Պետրոսյան
Շատ տաղանդավոր աղջիկ է: Պարտաճանաչ, նվիրված ինքն իրեն, իր գործերին, իր դերերին: Կարող աղջիկ է, ով բոլոր հնարավորություններն ունի լավ դերասանուհի դառնալու համար:
Սոս Ջանիբեկյան
Սոսի նկատմամբ հայրական սեր ունեմ. նախ' իր հայրն իմ շատ մոտ ընկերն է, երկրորդ' մոտ ընկերուհուս' Աղասարյան Անահիտի որդին է: Սակայն, անկախ այս ամենից, ես նրան շատ շնորհքով եմ համարում: Իհարկե, իրենց' և´ Սոսին, և´ բոլոր երիտասարդներին պետք են ռեժիսորներ, ում հետ աշխատելիս նրանք ավելի լավ կձևավորվեն: Նրանց պետք է թատրոն, որպեսզի աշխատեն պրոֆեսիոնալ դերասանների, ռեժիսորների հետ. այդ կերպ նրանք կձևավորվեն' որպես լավ, փորձառու դերասաններ:

Նազենի Հովհաննիսյան
Ավարտել է Արմեն Մազմանյանի կուրսը, որը շատ լավ կուրս էր. այնտեղ շատ շնորհքով մարդիկ կային, դրանից հետո ընդունվել է Դրամատիկական թատրոն, ավելի ուշ' հեռուստատեսություն: Կարծում եմ' նա հիանալի ՙշոումեն՚ է: Շատ եմ հավանում իր հաղորդումները և նայում եմ, բայց ֆիլմերից չեմ դիտել: Իհարկե, դա հպարտությամբ չեմ ասում, քանի որ պետք է դիտեի: Գիտեմ, որ խաղացել է նաև ՙԱրա Գեղեցիկ՚-ում, ցավոք, դա էլ չեմ դիտել: Այնպես որ, ծանոթ չեմ նրա դերասանական կարողություններին, սակայն գիտեմ, որ նրան ևս շատ են ընդգրկում ֆիլմերում, ուրեմն, այդ աղջիկն ինչ-որ պոտենցիալ ունի:
Հայկ Մարության, Մկրտիչ Արզումանյան
Ես Հայկոյին էլ, Մկոյին էլ սիրում եմ: Չեմ ուզում իրենց բաժանել: Չեմ կարծում, որ իրական կյանքում «Կարգին սերիալում» Հայկոյի կերպարի պես մարդ կա, որովհետև նախևառաջ ես պետք է հավատամ դրան: Սակայն այլ հարց է, եթե դա ժամանց է: Ես գնահատում եմ իրենց աշխատանքը. կա ճաշակ, որակ: Ես դեմ չեմ այդպիսի բաներին. եթե լինելու է, թող այդ որակի և մակարդակի լինի: Իրենք կարող տղաներ են:

Անի Պետրոսյան
Անիին շատ եմ հավանում: Նրա հետ աշխատել եմ, թեև' կարճ ժամանակ: Ուղեղն աշխատում է և կարողանում է սերիալային այդ պարզ վիճակում անել իր կարողացածը: Իմ ներկայացման մեջ ես նրան շատ եմ հավանել: Սակայն դա չեմ ասում, որովհետև իմն է եղել, այնտեղ էլ եղել են դերասաններ, որոնց չեմ հավանել' կարծելով, որ կարող էին ավելին անել:
Հովհաննես Դավթյան
Շատ լավ է խաղում: Ցավում եմ, որ թատրոնից դուրս է եկել: Ի վերջո, մեր ջահելները պետք է հասկանան, որ թատրոնը մարդը չէ. թատրոնն իր կառուցվածքն ունի, ու ամեն ինչ հալած յուղի պես չի ընթանալու: Մեր ժամանակ էլ են եղել մարդիկ, ովքեր մեզ խանգարել են, ճնշել, բայց դու ո՞ւմ դեմ ես պայքարում, քո արվեստի՞, ինչո՞ւ ես դուրս գալիս թատրոնից: Պետք է պայքարել: Ոչ ոք չի բերելու յուղոտ պատառները քեզ տա: Մենք էլ ենք խնդիրներ ունեցել, ես էլ եմ նեղացել, գնացել թատրոնից, բայց հետո հասկացա, որ իմ, մյուսի, երրորդի գնալով մենք վնաս տվեցինք թատրոնին: Այս աշխարհում ոչ ոք հավիտյան չէ. մենք ուզենք-չուզենք մեր «աթոռը» թողնելու ենք, գնանք, ու գալու են երիտասարդներ, ովքեր պետք է պատրաստ լինեն այդ «աթոռին» նստելու: Թատրոնից գնալն ամենահեշտ բանն է:

Լուիզա Ղամբարյան
Լուիզան արդեն ոչ թե երիտասարդ, այլ հասուն դերասանուհի է: Նրա մասնակցությամբ երեք ներկայացում եմ դիտել' «Ա՜խ, Աննա, Աննա»-ն, «Չաո»-ն և, եթե չեմ սխալվում, «Դոն Ժուան»-ը: Կարծում եմ' այս քաղաքում երկու-երեք դերասանուհի կա, Լուիզան նրանցից մեկն է:
Լուիզա Ներսիսյան
Ցավոք, նրա մասնակցությամբ ոչ մի ներկայացում չեմ դիտել: Միայն Արա Երնջակյանի «Քաջ Նազարն» եմ տեսել, որտեղ ինքը դեռ շատ երիտասարդ էր: Այդ ներկայացման մեջ շատ եմ հավանել նրան: Վերջերս մի ներկայացման դրվագներ եմ դիտել ու էլի հավանել եմ իր խաղը: Եթե ամբողջական ներկայացումը դիտած լինեի, ավելի հստակ կարծիք կկարողանայի հայտնել, սակայն նրա մասին էլ արդեն ձևավորված կարծիք կա' որպես շնորհքով մարդու, ինչը չի կարելի անտեսել:

 

Հովհաննես Ազոյան
Ժողովուրդն իրեն սիրում է: Շատ անկեղծ է խաղում, եթե այսքան մարդ գնում, իրեն դիտում է, ուրեմն մի լավ բան կա իր մեջ: Ես իրեն մեծ հաճույքով եմ դիտում:
Մարջան Ավետիսյան
Շատ շնորհքով աղջիկ է. հուզական, լիքը ներքինով: Բոլոր հնարավորություններն ունի դառնալու լավ դերասանուհի, եթե արդեն չի դարձել: Թատրոնում նրա մասնակցությամբ մի ներկայացում եմ դիտել, որտեղ շատ եմ հավանել նրան:

Արման Նշանյան
Արմանի մասին բացեիբաց կարող եմ ասել այն, ինչ մտածում եմ. ինքն ուրիշ դպրոց է անցել, այնպիսի դասախոսների մոտ է սովորել, այնքան գիտություն ունի թատերական արվեստի մասին, որ երբեմն մենք իրար հետ բախվում ենք, վիճում թատերական արվեստի մասին: Արմանը մեծ պոտենցիալ ունի, սակայն անհամբեր մարդ է: Ամենակարևորը' ինքը շատ լուրջ է վերաբերում իր արվեստին. երբեք կոմպրոմիսների չի գնա, չի դավաճանի այն, ինչին հավատում և սիրում է' անգամ մեր հետ վիճելով: Ինձ համար ինքը շնորհքով է: Այն դերը, որ նա խաղաց սերիալում, այդ որակով փորձեցին խաղալ անգամ փորձված դերասաններ ու չկարողացան: Դա իսկապես բարդ դեր էր: Այնպես չէ, որ Արմանն իմ տղան է, գովում եմ, դա միայն իմ կարծիքը չէ. փաստ է, թող մարդիկ դիտեն ու համոզվեն:

 

Գրի առավ Ամալյա Հովհաննիսյանը