Ուկրաինայում ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Երգչի թիկնապահներից մեկը շշով հարվածել է Կիրկորովին լուսանկարել փորձող լրագրողներից մեկի գլխին և վնասել ռեստորանի պատուհանը:
Լուսանկարիչը տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնաբանելով միջադեպը' Կիրկորովի մամլո խոսնակն ասել է, որ երիտասարդն իրեն ագրեսիվ է պահել և չի հեռացել Ֆիլիպի ճանապարհից:
«Կիևում ունեցած մեծ համերգային ծրագրից հետո Ֆիլիպը ճաշել է ընկերների հետ, այնուհետև բարձր տրամադրությամբ դուրս է եկել ռեստորանից, հանկարծ ինչ-որ երիտասարդ հայտնվել է նրա դիմաց և փակել ճանապարհը: Թիկնապահները փորձել են հեռացնել, սակայն նա ամեն կերպ ձգտել է հասնել իր նպատակին: Ես հարցրել եմ իրեն, որ լրատվամիջոցն է ներկայացնում, սակայն ինձ պատասխանել. «Իսկ քո ի՞նչ գործ»: Նրա միակ նպատակը սկանդալն է եղել»,-ասել է մամլո խոսնակը: