2013-ի ձմռանը սիրելիին սարերում հանդիպած Լուսինե Թովմասյանին հանդիպեցինք հարսանեկան եռուզեռի շրջանում: Անկախ զբաղվածությունից' Լուսինեն մեծ ուրախությամբ համաձայնեց պատմել իր կյանքի կարևորագույն իրադարձության մասին և մանրամասներ պատմել ամենաերիտասարդական ամսագրի' «ԵՍ եմ…»ի ընթերցողներին: Ողջ հարցազրույցի ընթացքում « Վիցե միսս Եվրոպա 2005»-ի դեմքից ժպիտը չէր հեռանում, իսկ սիրելիի' Արթուրի անունը արտաբերելիս' աչքերը խորամանկորեն ժպտում էին :)

- Քո և ամուսնուդ հանդիպումը բավականին հետաքրքիր պայմաններում է եղել: Նման հանդիպումները շատ հաճախ անցողիկ են լինում, շուտ էլ մոռացվում են: Ինչպե՞ս կարողացաք պահպանել հարաբերություններն ու հասնել ամուսնության շեմին:
- Պահպանելն ու հասնելը երևի թե ավելի շատ տղայից է կախված, ոչ թե աղջկանից: Սկզբում ծանոթանում, շփվում ես, այնուհետև, իմ համոզմամբ, ամեն բան տղայի ձեռքերում է. նա կհասնի իր ուզածին, թե ոչ: Արթուրը բնավորությամբ շատ պնդող է. եթե դուրս չգայի էլ տանից, այնպես կաներ, որ անպայման հանդիպենք: Ամեն բան անում էր, որ մեր հանդիպումներն ավելի հաճախ լինեն: Իմ ընկերության հետ էլ է շատ մտերիմ ու հաճախ նրանց միջոցով էր կազմակերպում հանդիպումները: Նրա ուղեղը շատ արագ է աշխատում, ճիշտ ուղղությամբ. անկախ ամեն ինչից, գիտիª ինչ է ուզում և ինչի համար է անում:
- Շատ տղաների ուշադրության կենտրոնում էիր ու անընդհատ քեզ վերագրում էին տարբեր սիրավեպեր: Արթուրը հատկապես ինչո՞վ գրավեց քո ուշադրությունը, ի՞նչը մինչ այդ չէր հաջողվել մյուս սիրահետողներին:
- Օ, ամեն ինչով. բնավորությամբ, հումորի զգացումով, նրանով, որ երբեք հետ չի կանգնում, իր համառությամբ, անկեղծությամբ, իր վերաբերմունքով: Միայն վերաբերմունքն ու մոտեցումն ամեն ինչ արժե: Մեզ մոտ նույնիսկ սուրճ խմելու գնալը խինդ-ուրախություն էր, մեծ տոն էր: Ինձ ամեն օր ծիծաղեցնում էր ու ժպիտս դեմքիցս չէր հեռանում:

- Առաջին անգամ էր, որ լրատվամիջոցներն անդրադարձան քեզ' որևէ տղայի կողքին: Կարելի՞ է ասել, որ քո նախկին սիրային հարաբերությունները լուրջ չեն եղել:
- Երբ հանդիպում էի Արթուրի հետ, ոչ ոք չգիտեր դրա մասին, հանրությանը չէի պատմում, երբեք լուսանկարներ չէի հրապարակում, որովհետև մենք դեռ հանդիպում էինք: Նշանադրությունից հետո դուք առաջինն էիք, որ գրեցիք այդ մասին, ու ես հասկացա, որ մի օր պետք է խոսեմ և չեմ կարող մշտապես թաքցնել այդ ամենը. չէ՞ որ նա այն մարդն է, ով լինելու է ամուսինս, երեխաներիս հայրը… Իսկ նշանադրությունն ինձ մոտ առաջին ու վերջին անգամ էր: Կարող եմ ասել, որ մյուս հարաբերությունները պարզապես նշանադրության չեն հասել:

- Աղջիկները միշտ փնտրում են իրենց ճերմակ ձիով ասպետին: Արդյոք ընտրյալդ հենց նա՞ է, ում սպասում էիր: Ձեր ծանոթության ժամանակահատվածը բավակա՞ն էր միմյանց ճանաչելու և հետագա կյանքը նրա հետ կապելու համար:
- Հա´, պատկերացրեք, որ հիմա աչքերս փակում եմ ու հասկանում, որ հենց ինքն է: Պատկերացնում էի, թե ինչպիսի բնավորություն պետք է ունենա, ինչպիսի հարաբերություններ պետք է լինեն և ինչ վերաբերմունք պետք է լինի իմ նկատմամբ: Եթե ես ամուսնացել եմ, ուրեմն հենց նրան էի սպասում: Երբ հասկանում ես, որ նա է, կարիք չկա երկար սպասելու: Որոշում կայացնելու համար ինձ երեք-չորս ամիս ժամանակ պետք եղավ:
- Կարծես ամեն ինչ ինքնուրույն ես որոշել, որից հետո միայն տեղյակ ես պահել ընտանիքիդ: Նրանց համար անսպասելի չէ՞ր ձեր նշանադրությունը, հետո նաև հարսանյաց հանդեսը:
- Ընտանիքս մեր հարաբերությունների մասին տեղյակ էր, իսկ երբ ամուսնության, նշանադրության հարցն է քննարկվել, Արթուրը եկել է մեր տուն ու խոսել այդ մասին: Ինձ համար շատ մեծ երջանկություն էր, որ բոլորը կողմ էին ու ընդունում էին նրան' որպես ընտանիքի անդամ: Ծնողներիս համար շատ անսպասելի էր ամուսնանալու որոշումս, բայց, միևնույն ժամանակ, տեսնելով երջանկությունս, աչքերիս փայլը, հասկացան, որ այո, եթե ուզում եմ, ինչու ոչ:

 

- Մինչ հարսանիքը Արթուրի հետ մի շարք ճամփորդությունների ես մեկնել: Փաստորեն, ձեր մեղրամիսը նախապե՞ս եք վայելել:
- Կարծում եմ' մեղրամիսն ամուսնությունից հետո է լինում, իսկ դրանք ուղղակի ճամփորդություններ էին:
- Ամուսնությունից առաջ ևս հանգստի էիք մեկնել Իսպանիա: Այդ ճամփորդությունները չե՞ն խանգարել հարսանեկան նախապատրաստությանը:
- Պարզապես մինչև հարսանիքը պետք է հանգստանայինք, որովհետև ամառն ափսոս էր և պետք էր վայելել այն: Դրա հետ մեկտեղ Իսպանիայում ամուսնանում էին մեր ընկերները, մենք էլ մեկնել էինք մասնակցելու այդ հարսանիքին: Նրանք էլ մեղրամիս չմեկնեցին, որպեսզի մասնակցեն նաև մեր հարսանիքին: Ամեն բան փորձել ենք այնպես անել, որ ճամփորդությունները չխանգարեն հարսանիքի նխապատրաստական աշխատանքներին:

- Հանրայինում կադրային մի շարք փոփոխություններ եղան, ու շատերին է հետաքրքրում, թե այժմ ինչո՞վ ես զբաղվում և հանրայինում զբաղեցրածդ պաշտոնը դեռ քո՞նն է:
- Երբ Ալեքսան Հարությունյանը դուրս եկավ Հանրայինից, որպես մամուլի քարտուղար' ես էլ դիմում գրեցի և դուրս եկա: Այժմ «Ուլիս մեդիայի» նախագահն եմ, որի մեջ մտնում են «Նոր ռադիոն» և «NewMag»-ը:
- Ընտրյալդ աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետը: Որքանով տեղյակ եմ, օրվա ընթացքում շատ զբաղված է լինում: Այդ դեպքում ինչպե՞ս եք կարողանում կազմակերպել ձեր հանդիպումները:
- Մինչև հարսանիքը երեկոները միշտ միասին էինք անցկացնում. ճաշում էինք միասին, ես գնում էի իր մոտ կամ ինչ-որ մի տեղ հանդիպում էինք: Ծանոթությունից հետո' մոտ յոթ ամիս, չի եղել մի օր, որ չհանդիպենք:

- Ձեզ համար հարսանիքում կարևորագույն կետը ո՞րն էր:
- Եկեղեցում պսակադրությունը: Մենք երկու բանի մասին էինք մտածում. մեկը եկեղեցին էր, մյուսը' ամեն բան շատ լավ անցնի, հյուրերն ուրախ լինեն:
- Պսակադրվեցիք Երևանում, իսկ հարսանեկան խնջույքն անցավ Աղվերանում: Ինչո՞ւ այնտեղ:
- Եթե անկեղծ լինեմ, վայրը չեմ կարևորում: Որոշել էինք ամռանն ամուսնանալ, իսկ ամռան հետ միշտ գալիս է բացօթյա հասկացությունը: Տարածք փնտրելով' հասկացանք, որ շատ դժվար է Երևանում ազատ և կանաչ տարածք ընտրելը, որտեղ կարող էինք բեմադրել մեր ուզածը: Երևանում նման տարածք չգտնելով' հասանք Աղվերան: Մի խոսքով, հենց այնտեղ կար նաև լողավազան և որոշեցինք այնտեղ անցկացնել մեր հարսանիքը: Իսկ Սուրբ Մարիամ եկեղեցին ընտրել էինք նրա համար, որ երկուսս էլ հաճախ ենք այնտեղ լինում:

- Խոսենք հարսանիքի մանրամասներից, ձեր կերպարներից: Ի՞նչ զգեստ էիր ընտրել պսակադրության համար: Բրենդային զգե՞ստ էր, թե՞ ոչ:
- Բրենդայի՞ն: Ճիշտն ասած, չգիտեմ, բայց իմ բոլոր զգեստները պատվիրում եմ Վահան Խաչատրյանի մոտ: Միասին կտորը պատվիրել ենք Անգլիայից: Նա այնքան ջանք ու եռանդ է դրել. երևի թե իր գլուխգործոցներից մեկն է արել: Իմ ներդրումը շատ չէ, ուղղակի համաձայնել եմ Վահանի մտահղացման հետ: Ճերմակ երկարափեշ զգեստը, որի փեշի երկարությունը 7-8 մետր էր, եկեղեցի մտնելիս եմ հագել, իսկ ռեստորանում այլ զգեստ եմ հագել, որի հեղինակը դարձյալ Վահանն է: Արթուրի կերպարով ինքներս ենք զբաղվել. կոստյումն արտերկրից ենք գնել. կարծում եմ' պատրաստի գնելն ավելի ճիշտ է:
- Իսկ զգեստը Վահանի հարսանեկան նվե՞րն էր:
- Չէ, չգիտեմ, այդ մասին չեմ ուզում խոսել:

- Ամուսնությունից հետո որտե՞ղ եք բնակվում, ո՞ւմ հետ և ինչպիսի՞ հարաբերություններ ունես ամուսնուդ ծնողների հետ:
- Արթուրն առանձին բնակարան ունի, որտեղ ապրում էր նաև մինչև ամուսնությունը: Նրանց հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, կարծես իրենց դուստրը լինեմ:
- Արդեն մտածո՞ւմ ես մայրանալու, երեխա ունենալու մասին:
- Գիտեք, երբ ընտանիք ես կազմում, այսպես թե այնպես պետք է մայրանաս, բայց թե դա երբ և ինչպես կլինի, չեմ կարող ասել: Երբեք չեմ մտածել, որ մեկ տարուց կամ երկու ամսից պետք է մայրանամ:

Շնորհավորում եմ. Արևիկ Իսաջանյան