Այսօր երգչուհի Հասմիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում փոխել է կարգավիճակը և նշել, որ հարաբերությունների մեջ է՝ չնշելով որևիցե անուն: Հիշեցնենք, որ դեռևս իր ծննդյան օրը ESem.am-ին երգչուհին ասել էր, որ կա մեկը, ով այս տարի իրեն առաջին անգամ է շնորհավորելու: Այն ժամանակ Հասմիկը չցանկացավ մանրամասնել դա՝ միայն նշելով, որ գուցե առաջիկայում անձնական փոփոխություններ ունենա:
Այսօր ESem.am-ի հետ զրույցում 36-ամյա երգչուհին հաստատեց, որ սիրված է ու սիրում է: «Ուղղակի մեկ խոսքով կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ այս պահին. սիրված կին եմ և սիրում եմ»,- նշեց երգչուհին' հավելելով, որ մինչև հարաբերությունների օրինականացումն ավելին չի կարող հաղորդել, ինչի պատճառով էլ չի ցանկանում բացահայտել ընտրյալին:
Սիրելիի մասին խոսելիս երգչուհին միայն ասաց, որ ամիսներ առաջ է հանդիպել նրան: «Միշտ խոսել եմ անձնականիս մասին, բարձրաձայնել եմ փոփոխությունները, սակայն այժմ իմ անձնականը միայն իմն է»,- պնդեց նա:
Առաջիկայում հարաբերությունները օրինականացնելու մասին էլ երգչուհին հետևյալն ասաց. «Ամեն բան ժամանակից է կախված, իսկ երբ մեր հարաբերություններն օրինականացվեն, անպայման ինքս Ձեզ կտեղեկացնեմ»:
ESem.am-ը երջանկություն է մաղթում Հասմիկին:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյան