Հանրահայտ Գինեսի ռեկորդների գիրքը թարմացրել է զբոսաշրջային նվաճումների շարքը, որտեղ ներառված են տաքսով ամենաերկարատև ճամփորդությունը, ամենածանր շենքը, ամենացուրտ հյուրանոցը, մի խոսքով՝ զբոսաշրջության վերաբերյալ ամենահետաքրքիր փաստերը։
Սակայն, ինչպես նկատում է Euromag-ը, ամենախոշոր փոփոխությունները տեղի են ունեցել հյուրանոցային ոլորտում։
1. Ամենաթանկ հյուրանոցային համարը
Ժնևում գտնվող President Wilson հյուրանոցի թագավորական լյուքս համարում մեկ գիշերն անցկացնելն արժե 49.513 եվրո։ Այն զբաղեցնում է հյուրանոցի ողջ 8-րդ հարկը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում Ժնևի լճի ու Ալպերի ուղղությամբ։
2. Ամենավատ հյուրանոցը
Աշխարհի ամենավատ հյուրանոցը՝ Null Hotel Stern-ը, գտնվում է Շվեյցարիայում՝ միջուկային բունկերում։ Դրա տնօրինությունը հպարտությամբ նշում է, որ Null Hotel Stern-ը ոչ մի աստղ չունի։
3. Ամենափոքր սրճարան- հյուրանոցը
Կոպենհագենում է գտնվում աշխարհի ամենափոքր սրճարան- հյուրանոցը՝ Hotel Central & Cafe-ն, որն իրենից ներկայացնում է մեկ սենյականոց սենյակ։ 2X3-ի վրա չափերով սենյակում կա լոգարան, հեռուստացույց, էլեկտրական թեյնիկ ու մինի բար։
4. Ամենավախենալու հյուրանոցները
Տասնյակ հյուրանոցներ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով պնդում են, որ իրենց համարներում ու միջանցքներում կան ուրվականներ։ Նման հաստատությունների շարքում են Լոնդոնի Langham-ն ու Ֆլորենցիայի Burchianti-ն, որոնք փորձագետները ճանաչել են ամենավախենալուն։
5. Ամենացուրտ հյուրանոցը
Շվեդական Icehotel-ն, անկասկած, ամենացուրտ հյուրանոցն է, որի ննջարաններում օդի ջերմաստիճանը -5 աստիճան է։
6. Ամենախոր հյուրանոցը
Շվեդիայում գտնվող Sala Silvermine հյուրանոցը կառուցված է երկրի մակերևույթից 155մ խորության վրա։
7. Ամենակեղտոտ հյուրանոցը
Ամստերդամում գտնվող Hans Brinker Budget Hotel-ի այցելուները պետք է շատ քաջ լինեն այստեղ կանգ առնելու համար։ Նրանք նախապես զգուշացվում են կասկածելի հիգիենայի ու մահճակալների հետ խնդիրների մասին։ Հյուրանոցը նախատեսված է ֆինանսական սուղ միջոցներ ունեցող զբոսաշրջիկների համար, ովքեր ուշադրություն չեն դարձնում կեղտոտ սպիտակեղենին ու գորգերին։
8. Ամենաանվտանգ հյուրանոցը
Անգլիական Սաֆոլկ կոմսությունում է գտնվում աշխարհի ամենաանվտանգ հյուրանոցը՝ Martello աշտարակները, որոնք կառուցվել են Նապոլեոն Բոնապարտի հարձակումից պաշտպանվելու համար։
9. Աշխարհի ամենահին թանգարանը
Լոնդոնի հանրահայտ «Թաուերում» գտնվող Թագավորական զինանոցն իր դռներն այցելուների առաջ բացել է հեռավոր 1660թ.։
10. Ամենածանր շինությունը
Աշխարհի ամենածանր շինությունն է ճանաչվել Բուխարեստում գտնվող Խորհրդարանի պալատը։ Այն պատրաստված է 700 հազար տոննա պողպատից ու բրոնզից, 1 մլն խմ մարմարից, 3500 տոննա բյուրեղապակուց և 900 հազար խմ փայտից։
11. Ուշագրավ է նաև 2 բրիտանացիների սահմանած ռեկորդը. նրանք ունեցել են տաքսով ամենաերկար ճանապարհորդությունը՝ անցնելով 69.715 կմ։ Արդյունքում տղամարդիկ ստիպված են եղել տաքսու վարորդին վճարել 93.864 եվրո։