Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի և ամուսնու' Էրիկ Կարապետյանի' առաջնեկի սպասելու մասին ESem.am-ը պատմել է: Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը: Նազիկի փոխանցմամբ' իրենց առաջնեկը տղա է լինելու: «Որոշել ենք փոքրիկին սկեսրայրիս անունը տալ' Վաչե: Անվան ընտրությունը երկուսով ենք արել. բոլորս էլ մեր մեջ որոշել էինք, որ եթե տղա ունենանք, նրան ամուսնուս հայրիկի անունն ենք տալու»,-ասաց Նազիկը և հավելեց, որ փոքրիկը կծնվի մինչև նոյեմբերի վերջ: Ըստ ծանրամարտիկի' այժմ իրեն շատ լավ է զգում և ամիսը մեկ անգամ բժշկի է այցելում, ինչպես մյուս բոլոր հղիները:
Դեռ նախորդ նյութում նշել էինք, որ Նազիկի ամուսինը' Էրիկը, ցանկանում էր աղջիկ ունենալ, իսկ երբ իմացել է, որ տղա է ունենալու, է՛լ ավելի է ուրախացել: «Երկուսիս մոտ էլ անբացատրելի զգացողություններ էին, երբ պարզեցինք սեռը: Կարծում եմ' առաջին երեխայի դեպքում բոլորի մոտ էլ նման անբացատրելի զգացողություններ են լինում»,-շեշտեց ծանրամարտիկը:
Նազիկից տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ ընտանիքով Վանաձորից Երևան են տեղափոխվել և ապրում են իրենց նոր առանձնատանը: Նրա փոխանցմամբ' Երևան տեղափոխվելը պայմանավորված է ընտանիքի անդամների աշխատանքով:
ESem.am-ը թեթև ծննդաբերություն է մաղթում Նազիկին:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը