Ինչ էլ որ ասեն, տղամարդիկ կանանցից պակաս չեն սիրում ականջներով: Բայց կան արտահայտություններ, որոնք կարող են վիրավորել նրանց:

«Շատ ես նման նախկին ընկերոջս»

Սա N1 տաբու-արտահայտությունն է: Երբեք, ոչ մի պարագայում մի համեմատեք նրանց, այն էլ բարձրաձայն: Բաժանվելու ամենաաշխատող տարբերակը նախկինիդ ու ներկայիդ համեմատելն է:

«Մայրիկդ տոլման սխալ է պատրաստում»

Սա նույնպես արգելված թեմա է: Անգամ եթե նրա մոր տոլման թղթից ոչնչով չի տարբերվում, ժպտա և գովաբանիր ապագա սկեսուրիդ խոհարարական կարողությունները: Հետո, երբ կամուսնանաք, ցույց կտաս ամուսնուդ, թե որն է իսկական տոլման, թեև չի բացառվում, որ նրա համար մոր տոլման անհամեմատելի բարձունքում մնա:

«Ընկերոջդ մեքենան այնքան լավն է»

Առաջին ռեակցիան այսպիսին կլինի' «Նա ինձ անհաջողակ է համարում»: Երկրորդ ռեակցիան կլինի այսպիսին' «Նա սիրահարված է ընկերոջս»: Երրորդ ռեակցիա' «Դե ուրեմն թող գնա նրա մոտ»: Դուք դա՞ եք ուզում:

«Ուզում եմ լինել Անիի/ Կարինեի/ Սոնայի նման»

Գուցե ձեր այդ խոսքերից հետո նա սկսի այլ կերպ նայել վերոնշյալ աղջկան: Լավ է, եթե ընտրել եք անհասանելի որևէ դերասանուհու կամ երգչուհու, իսկ եթե խոսքը գնում է ձեր լավագույն ընկերուհու մասին, ապա նրան գովաբաները հաստատ ի օգուտ ձեզ չէ:

«Շատ քիչ ես վաստակում»

Պետք չէ տղամարդու մոտ զարգացնել անլիարժեքության բարդույթ: Նա վաստակում է այնքան, որքան կարողանում է: Չի՞ հերիքում. վաստակեք ինքներդ: Իսկ եթե չեք կարող, ընտրեք այնպիսի տղամարդու, ով վաստակում է այնքան, որքան դուք եք ցանկանում:

«Այս զգեստը 80000 դրամ է»

Խնայեք ձեր տղամարդու նյարդերը: Քիչ են այն տղամարդիկ, ովքեր հանգիստ կտանեն այն փաստը, որ հերթական «լաթին» այնդքան գումար եք տվել: Իսկ ահա տնտեսող լինելու համար ձեզ ավելի շատ կսիրեն, հավատացեք:

Եվ ընդհանրապես, աղջիկներ, ավելի լավատես եղեք: Ձեր տղամարդը ամենալավն է, ամենաքնքուշը, ամենահոգատարն ու անկրկնելին, չէ՞ որ ինքներդ եք նրան ընտրել:

 

Հեղինակ՝ Mari Love