Սիրահարվածությունը կենսաբանորեն տևում է մեկ տարուց ոչ ավելի: Այսպիսի եզրակացության է եկել ամերիկացի էնդոկրինոլոգների մի խումբ, որոնց հետազոտության արդյունքները հրապարակել է «Հոգենյարդային էնդոկրինոլոգիա» գիտական ամսագիրը:

Գիտական ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ սիրահարվածության վիճակում օրգանիզմում մեծանում է հատուկ տիպի սպիտակուցների քանակությունը, ինչը, սակայն, մեկ տարուց ավել չի տևում: Նրանք դա ապացուցել են փորձով: 18-30 տարեկան մոտ 300 կամավորներ արյան ստուգումներ են անցել վաղ սիրահարված վիճակում: Միաժամանակ գիտնականնները ստուգել են համապատասխան սպիտակուցների քանակը մի քանի տարի ամուսնական կյանք վարող զույգերի մոտ: Առաջինների դեպքում սպիտակուցները գրեթե կրկնակի շատ են եղել: Մոտ մեկ տարուց գիտնականները նորից այցելել են առաջին խմբի կամավորներին, որոնց մեծ մասը հավատացրել է, որ շարունակում է «խենթի պես» սիրել, բայց նույն բանը ցույց չեն տվել երկրորդ հետազոտության արդյունքները: Արյան մեջ համապատասխան սպիտակուցների քանակն իջած է եղել նորմալ մակարդակի:

Գիտնականներն արձանագրում են, որ այս փորձը ցույց է տալիս՝ արհեստական ճանապարհով, այսինքն՝ համապատասխան սպիտակուցներ օրգանիզմ ներարկելով կարելի է մարդուն բերել «սիրահարվածության վիճակի»: Մյուս կողմից՝ օրգանիզմից Ձեր սիրահարված վիճակը մեկ տարուց ավել «աջակցություն» չի ստանում, և հարաբերությունների հետագա շարունակության համար մյուս հիմքերի վրա կրկնակի «ծանրաբեռնվածություն» է ընկնում):