Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ասել է, որ չի պատրաստվում հեռանալ բեմից, գրում է premiere.fr-ը:
Télé Loisirs-ին Շառլ Ազնավուրը պատմել է, որ իրականում երբեք մտադիր չի եղել թողնել բեմը։ «Երբ ես հոգնած եմ, ինձ ասում եմ, որ ժամանակն է դադար առնել: Բայց ոչ հրաժեշտ տալու մակարդակի: Ես երբեք չեմ լքի բեմը: Բեմը կլքի ինձ, դա շատ ավելի պարզ է»,-ասել է նա:
Իր տարիքում Ազնավուրը հավատում է նոր սերնդին և իր բնական անկեղծությամբ ասում է. «Մենք այսօր երգչուհիներ ունենք, ինչպես Զազն է կամ Օլիվյա Ռուիզը, ովքեր բացի «Դու ինձ սիրում ես, դու գնում ես, ես վերադառնում եմ…» խոսքերից, այլ բան են գրում: Որոշ երիտասարդ երգիչների հաջողվում է այդ արվեստն ապրեցնել և պատմություններ պատմել: Բոլոր երաժշտական շարժումները, ինչպես ռեփն է, նորություններ են բերում: Բայց գոյություն չունի երաժշտության հիսուն տեսակ, գոյություն ունեն երկուսը՝ լավ կամ վատ»:
Անդրադառնալով նրանց, ովքեր կցանկանային նրան երաժշտությունից հեռանալիս տեսնել, Ազնավուրն ասել է, թե ինքը մտադրություն չունի հեռանալ բեմից, նաև՝ կյանքից: «Հրեա մայրերը, ովքեր ինձ սիրում են, իսկ ես հիանում են նրանցով, ինձ միշտ ասում են. «120 տարվա կյանք քեզ»: Ես ամեն ինչ պատրաստվում եմ անել 120 տարի ապրելու համար»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով. «Ոչ, իրականում, ես ընդհանրապես չեմ ցանկանում մահանալ»։