Նյու Յորքում Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Style Awards 2013 մրցանակաբաշխությունը։ Մրցանակը շնորհվում է նորաձևության ոլորտի գործիչներին՝ ոլորտում ունեցած հաջողությունների և նորաձևության զարգացման գործում կատարած ներդրումների համար։

Այս տարի ցանկալի բյուրեղապակե արձանիկը՝ պատրաստված Tiffany & Co ոսկերչական տան կողմից, ստացել է ամերիկացի մոդել Քեյթ Ափթոնը, գրում է loveradio.ru-ն։

21-ամյա ամերիկացի մոդելը փոխարինել է նախորդ տարվա հաղթող պուերտոռիկացի թոփ մոդել Ջոան Սմոլսին։

Հարկ է նշել, որ Քեյթ Ափթոնի արտաքինի հանդեպ վերաբերմունքը նորաձևության աշխարհում միանշանակ չէ։
«Մենք երբեք նրա հետ գործ չենք ունենա, քանի որ նա բաց լուսանկարների աղջիկների նման է։ Նա ֆուտբոլիստի կնոջ տեսք ունի իր բաց գույնի մազերով և այնպիսի դեմքով, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, եթե փող ունենա»,- ասել է Victoria's Secret ընկերության առաջատար ոճաբաններից մեկը։

Իսկապես, գեղեցկուհու չափանիշները գնահատվում են որպես ոչ ստանդարտ նորաձևության բիզնեսի համար, և հետևաբար, դա առաջին քննադատական արձագանքը չէ նրա հասցեին։