Ֆեյսբուքյան հարցերից մեկին, թե ինչն է Ձեզ համար անտանելի, հարցվածների մեծ մասը պատասխանել էր’ խաբված լինելը: Ի դեպ, հայտնի է, որ կանայք ավելի հեշտ են բացահայտում սուտը, քան տղամարդիկ: Կանանց ուղեղում միջինում 13-16 որոշիչ, բացահայտիչ մեխանիզմ կա, որոնք վերլուծում են բառերը, ձայնի տոնայնությունը, մարմնի ազդանշանները և այլն: Իսկ տղամարդկանց մոտ, թեպետ նրանք ավելի շատ են հակված խաբելուն, այդպիսի մեխանիզմները 4-7-ն են: Ինչևէ, անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից, սոցիալական վիճակից, շատերն են խաբում և խաբվում: «Չկա ավելի տհաճ երևույթ, քան խաբված լինելը: Անկախ նրանից, դա ինքնապաշտպանական նկատառումով է, շահադիտական, թե պարզապես չգիտակցված, միևնույն է, ստելը վնասում է թե դիմացինին, թե հենց ստողին»,- ասում է հոգեբան Լիանա Սեյրանյանը: LN-ի հետ զրույցում հոգեբանը նշեց մի քանի տարբերանշաններ, ժեստեր, որոնք կօգնեն ձեզ բացահայտել սուտը:
«Ընդհանրապես գոյություն ունի, այսպես ասած, «խաբողի հոգեբանություն» կոչվածը: Նրանք, ովքեր ստում են, գտնվում են շատ խոցելի վիճակում: Նրանց կարող է թվալ հակառակը’ թե ինքնապաշտպանվում են, բայց իրականում այդ պահին նրանք վնասում են, խոցում են հենց իրենց»,- ասում է Լիանա Սեյրանյանը:
Այսինքն’ խոցելի է ոչ միայն խաբվողը, այլև խաբողը: Իսկ թե ինչով է հատկապես խոցելի, LN -ի ընթերցողների համար պարզաբանում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը. «Նախ, ցանկացած արարք, որի անընդունելիությունը, բացասական լինելը մենք գիտակցում ենք, անկախ մեր կամքից մենք դրա համար ունենում ենք մեղքի զգացում: Իսկ սա իր հերթին լրացուցիչ լարվածություն է ստեղծում, անհանգստություն: Ճշմարտությունը միշտ մեր մտքում առաջինն է: Երբ մեզ հարցնում են մի բան, կամ պարզապես պատմում ենք, առաջինը մեր մտքում ճշմարտությունն է գալիս: Իսկ որպեսզի չբացահայտենք այն, պետք է ստիպողաբար «հետ տանենք» ճշմարտությունը և առաջ բերենք նոր, հնարած մի երևույթ: Այս գործընթացը նույնպես մեծ ջանքեր է պահանջում մեզնից»:
Այսպիսով, այդքան հեշտ ու հասարակ թվացող սուտն իրականում մեզնից պահանջում է շատ էներգիա, ուղեղի լարված աշխատանք և, ինչու ոչ, հիշողություն: Ըստ հոգեբան Անուշ Ալեքսանյանի’ կարելի է հասկանալ, որ դիմացինդ ստում է, երբ քո անակնկալ հարցից հետո նա գործի է դնում «պահեստային» բառերը’ փորձելով ժամանակ շահել: Յուրաքնչյուր պարագայում, եթե, իհարկե, սուտն արդեն կանխամտածված չէր, խաբողը պետք է մտածի, իսկ դրա համար նրան ժամանակ է պետք: Բացի դրանից, խաբողների հուզական ռեակցիան չի համապատասխանում գործողության ճիշտ պահին: Նրանց ռեակցիան մի փոքր ուշացած է լինում: Ինչպես’ նա կարող է ասել, որ այդ օրն ինքն ամենաերջանիկն էր և միայն ասելուց հետո ժպտա կամ երանության արտահայտություն տա դեմքին: Իրականում, երբ մարդն ակնեղծ է, խոսքն ու հուզական ռեակցիան համապատասխանում են միմյանց: «Առաջին հերթին աչքերն են, որոնք մատնում են խաբողին: Խոսքը «պրոֆեսիոնալների» մասին չէ: Խաբելում հմտացած մեկը կարող է շատ ուշադիր նայել աչքերին և ստել: Բայց ընդհանրապես մարդիկ ակամայից փախցնում են հայացքը կամ սկսում են հաճախ թարթել աչքերը, երբ ստում են: Կարևոր են նաև մարմնի ազդանշանները: Եթե խոսելիս մարմնի երկկողմ մասերից (ուսը, ձեռքը,ոտքը ) միայն մի կողմն է ակտիվ, դա կարող է ցույց տալ, որ նա չի ասում այն, ինչ մտածում է: Կարող է խոսելիս մեկ քայլ ետ գնալ, և դա էլ կապացուցի այն,որ նա ինքը չի հավատում իր ասածին»,- բացահայտում է Լիանա Սեյրանյանը:
Ըստ հոգեբանի, նշաններ կարող են լինել նաև ձեռքերի նյարդային շարժումները, շուրթերի հետ խաղը ատամներով, անհարկի դետալների մանրամասնելը և այլն: Լարվածությունն այնքան մեծ է, որ նրանք կարող են սկսել մատներով շոյել հենց իրենց’ ենթագիտակցորեն փորձելով հանգստացնել: Մեր հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սուտը հենց խաբողի վրա, հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանեց. «Շատ հաճախ նրանք, ովքեր ստում են, շահագործում են, կարող են չհավատալ, որ կան անշահախնդիր, ազնիվ մարդիկ: Հաճախ այն, ինչին մենք հավատում ենք, դա էլ տեսնում ենք մեր շրջապատում: Խաբողներին միշտ կթվա, որ իրենց նույնպես խաբում են, շահագործում են, դրանով իսկ փորձելով արդարացնել իրենց»:
Խուսափեք ստից առհասարակ: Թույլ մի տվեք խաբել Ձեզ և մի ստեք նաև Դուք: Հիշեք Ցիցերոնի հայտնի խոսքերը’ խաբողին չեն հավատում նույնիսկ այն դեպքում, երբ նա ճշմարտությունն է ասում: