Ընկերասեր կենգուրուն փրկել է ավստրալական արգելոցում ընտանեկան պիկնիկի ժամանակ կորած 7-ամյա տղա երեխային, գրում է ria.ru-ն՝ հղում անելով CNN-ին:

Փոքրիկ Սայմոն Կրյուգերի ընտանիքն անցած հանգստյան օրերին պիկնիկ էր կազմակերպել Ավստրալիայի հարավում գտնվող Դիփ-Քրիք արգելոցում: Երեխան՝ տարվելով ծաղիկներ և խարույկի համար փայտեր հավաքելով, շատ հեռուն էր գնացել և մոլորվել էր:

Փրկարարական ուղղաթիռներով որոնումները շարունակվել են ողջ օրվա ընթացքում: Ծնողները վախենում էին, որ Սայմոնը կմրսեր, քանի որ գիշերն օդի ջերմաստիճանն իջնում է մինչև 5 աստիճանի:

Երբ փրկարարները գտել են երեխային, նա պատմել է իր անհանգստացած ծնողներին, որ իրեն օգնության է հասել կենգուրուն: Նրա խոսքով՝ ընկերասեր կենդանին մոտեցել է նրան, երբ ինքը ծաղիկներ էր հավաքում մայրիկի համար: Կենգուրուն մինչև գիշեր մնացել է նրա հետ, իսկ գիշերը պառկել է նրա կողքին՝ տաքացնելով սեփական մարմնով: