Երբ կուրծքս արդեն ձևավորվել էր, նկատեցի, որ համաչափ չէ: Ինչո՞ւ է այդպես և կա՞ որևէ մեթոդ՝ այդ անհավասարությունը ոչ վիրահատական ճանապարհով վերացնելու համար:
Կուրծքն անհամաչափ է բոլոր կանանց մոտ. այնպես որ, դու ճիշտ այնպիսին ես, ինչպիսին են մյուս բոլոր կանայք: Եվ, առհասարակ, բոլոր մարդիկ ասիմետրիկ են զարգանում, օրինակ՝ աջ երիկամն ավելի ցածր է տեղադրված, քան ձախը, կամ, եթե ուշադիր լինես, մարդու ոտնաթաթերը նույնպես տարբեր են. այնպես որ, անհանգստանալու և առավել ևս՝ վիրահատական միջամտության կարիք չկա:
Ինչպե՞ս կարող եմ վերականգնել թարթիչներս:
Ավանդական միջոցներից, իհարկե, կարելի է օգտագործել գերչակի յուղը: Եթե քո թարթիչներն այդքան նուրբ են, օգտագործիր միներալային տուշեր։ Բացի այդ, մեր շուկայում արդեն կան հատուկ բուժիչ տուշեր, որոնք նախատեսված են բուժման ու սնուցման համար: Դրանք դեկորատիվ նպատակով չեն օգտագործվում, չունեն գույն կամ արհեստականորեն երկարացնող մասնիկներ:
Հնարավո՞ր է, արդյոք, վերացնել հղիությունից հետո մաշկիս գերձգվածության արդյունքում առաջացած հետքերը:
Իհարկե հնարավոր է: Էսթետիկ բժշկության կենտրոններում իրականացվում են մի շարք պրոցեդուրաներ, որոնք կարող են մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնել մաշկի ճողվածքները. քիմիական պիլինգը կամ լազերային հղկումը հենց այն է, ինչ անհրաժեշտ է:
Ինչպե՞ս պայքարել դեմքի կարմրության դեմ:
Նախ՝ պետք է հասկանալ՝ որն է կարմրության պատճառը: Եթե խոսքը make up-ով քողարկելու մասին է, ապա խորհուրդ կտամ ձեռք բերել պրոֆեսիոնալ make up բազա (կանաչ երանգի), որը հարկավոր է քսել երանգաքսուքից առաջ: Կանաչը չեզոքացնում է կարմրությունը։ Կան նաև կանաչավուն նրբերանգով հատուկ դիմափոշիներ՝ կրկին նախատեսված կարմրությունը վերացնելու համար:
Հոնքերս հանելիս ճակատս բորբոքվում է, չնայած որ ունելին ամեն անգամ սպիրտով լավ մաքրում եմ:
Մաշկին առաջացած ցանկացած բորբոքում խոսում է նախ և առաջ աղիքային դիսբալանսի մասին, իսկ ունելին պարզապես խթանում է արդեն ընթացող պրոցեսները: Սա նշանակում է, որ պետք է սահմանափակել քաղցր, դառը, կծու և թթու ուտելիքը: Կարելի է նաև դիմել մասնագետի. գուցե ճիշտ ուղղությամբ չես հեռացնում ավելորդ մազիկները: