Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելել է ամերիկյան երգչուհի Քելի Քլարքսոնին երկրից հանել մի ժամանակ Ջեյն Օսթինին պատկանած ոսկե մատանին: Աստղը, որը հայտնի էր դարձել Ամերիկայի ձայն մրցույթում հաղթելուց հետո, զարդը 150,000 ֆունտով անցած տարի գնել էր աճուրդի ժամանակ, սակայն մշակույթի նախարար Էդ Վեյզեյը ժամանակավորապես արգելել է այն հանել Մեծ Բրիտանիայից: Մատանին մեկն է Օսթինին պատկանող այն երեք զարդերից, որոնք նա տվել էր իր քույր Կասանդրային, որն էլ իր հերթին դրանք փոխանցել էր իր ընտանիքի անդամներին: Նախարարը հայտնել է, որ Ջեյն Օսթինի համեստ կյանքը և նրա վաղաժամ մահը ապացույցնն են այն բանի, որ գրողին պատկացած ցանկացած իր հազվագյուտ է, և հույս է հայտնել, որ կգտնվի մի բրիտանացի գնորդ, որը կօգնի մատանին պահել ազգի համար: Մատանին երկրից հանելու վերաբերյալ արգելքի որոշումը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը, որից հետո այն կարող է երկարաձգվել մինչև դեկտեմբերի 30-ը: