And Vinyly բրիտանական ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է թողարկել վինիլային ձայնասկավառակներ՝ պատրաստված մահացած մարդու դիակիզված աճյունի մնացորդներից, տեղեկացնում է Russia Today-ը:
Սկավառակի վրա հնարավոր կլինի ձայնագրել 24 րոպե տևողությամբ երաժշտություն՝ պատվիրատուի ընտրությամբ: Նմանօրինակ ծառայությունը բոլոր ցանկացողներին առաջարկվում է 4,6 հազար դոլարով:
And Vinyly ընկերությունը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում 2009-ին գործարար Ջեյմս Լիչի կողմից: Այն հաջողված նախագծեր է իրականացրել հազվագյուտ ձայնասկավառակների արտադրության ոլորտում: Իսկ այս մտահղացման համար պատճառ է հանդիսացել մահացած դիջեյի հարազատների ցանկությունը, ովքեր ցանկանում էին, որ վերջինիս երգերը հնչեն ակումբներում նաև նրա մահից հետո: Այն ժամանակ որոշվել էր ձայնասկավառակը ստեղծել հենց երաժշտի աճյունից:
Ընկերությունը նորարարական ձայնասկավառակի արդեն հարյուրավոր պատվերներ է ստացել, գրում է Business Week-ը: