«Հոգնածությունը կարող է լինել լուրջ հիվանդությունների՝ անեմիայի, շաքարախտի, հիպոտիրեոզի կամ հեպատիտ C-ի նշան, որոնք հեշտությամբ կբացահայտվեն: Բայց ո՞րն է մշտապես հոգնած լինելու գաղտնի պատճառը, երբ այս հիվանդություններից և ոչ մեկը չի հաստատվել (իհարկե, փառք Աստծո): Քլիվլենդի բժշկական կենտրոնի բժիշկ Տանյա Էդվարդսը համոզված է, որ հոգնածության գաղտնի պատճառ կարող են հանդիսանալ»- գրում է 168.am-ը:
1. Սխալ սննդակարգը
Այնպիսի սննդակարգը, որը կազմված է տրանս ճարպերից, հագեցած ճարպերից, վերամշակված և շաքարով հագեցած սննդից, բերում է էներգիայի անկման և հոգնածության: Խորհուրդ է տրվում անցնել սպիտակուցներով հարուստ սննդի, իսկ հատկապես՝ ձկնեղենի, ընդեղենի, հատիկավորներով ու լոբազգիներով պատրաստված ճաշատեսակների, մրգի ու բանջարեղենի:
2. Սննդարար նյութերի պակասն օրգանիզմում
Որքան էլ մրգեր ու բանջարեղեն օգտագործենք (բույսերը հողից այլևս չեն ստանում անհրաժեշտ սննդարար նյութերն այժմյան արդյունաբերական հողագործության պայմաններում) ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ընդունել մուլտիվիտամինների և հանքային նյութերի կոմպլեքս:
3. Օմեգա – 3 ճարպաթթվի պակասը
Սա նույնպես հոգնածության գաղտնի պատճառ կարող է դառնալ: Օմեգա-3-ը հիմնականում շատ է ձկնեղենի մեջ, որն այնքան էլ հաճախ չենք օգտագործում: Նորից անհրաժեշտ է լրացնել սննդային հավելումներով, ըստ բժիշկ Էդվարդսի՝ օրական 1,000 մլ, կամ ձկան յուղ ընդունելու միջոցով, որն ավելի լավ է, քանի որ դրա կառուցվածքի երկար շղթան լիովին համապատասխանում է մեր օրգանիզմի Օմեգա-3-ի կարիքներին:
4. D վիտամինի պակասը
Վիտամին D-ի պակասը կարող է դառնալ ոչ միայն հոգնածության, այլ նույնիսկ՝ դեպրեսիայի պատճառ: ինչպես և Օմեգա-3-ը, վիտամին D-ն անհրաժեշտ է մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջջին, ներառյալ՝ ուղեղի բջջիջների անխափան աշխատանքին:
5. Մագնեզիումի պակասը
Մեր օրգանիզմում սահմանափակ քանակի մագնեզիում կա, որն անհրաժեշտ է մկանների, ոսկորների աճին և ամրությանը: Դրա պակասը կարող է դառնալ անքնության, հոգնածության, մկանային և հոդային ցավերի, լարվածության և բարձր արյան ճնշման պատճառ:
6. Քնի պակասը
Քնի խախտումներ կարող են նկատվել կանանց մոտ, հատկապես՝ նախակլիմաքսային և հետկլիմաքսային շրջանում ՝ 40-50 տարեկանում: Այս տարիքում չարժե չարաշահել կոֆեինը: Եթե 20 տարեկանում կարող էիք 5 գավաթ սուրճ ըմպել և գիշերը հանգիստ քնել, ապա այս տարիքում նյութափոխանակությունն ավելի դանդաղ է կատարվում: Աշխատեք սուրճն առավոտյան ժամերին խմել:
7. Նստակյացությունը
Նստակյաց վիճակը, որքան էլ զարմանալի է, բերում է հոգնածության և տրամադրության անկման: Պետք է շա՛տ շարժվել: Եթե բոլոր վերը նկարագրած կետերը լրացրել եք, բայց, այնուամենայնիվ, 2 ամիս անց դեռ փոփոխություն չեք նկատում ձեր ինքնազգացողության մեջ, անհրաժեշտ է ընդունել B վիտամինների կոմպլեքս, որը հատկապես անհրաժեշտ է սթրեսային իրավիճակներում, և Coenzyme Q10: Առո՛ղջ եղեք:
Վարդանուշ Պետրոսյան
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ