Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում պանդաներից մեկը երկվորյակների է ծննդաբերել: ԱՄՆ-ում վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել 26 տարի առաջ, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով CNN-ին:

Ըստ հեռուստաընկերության տվյալների, երկվորյակների մայրը 15-ամյա Լին Լին պանդան է: Նորածին պանդաների մորթին վարդագույն է, իսկ նրանց բնորոշ սև բծերը առաջանում են կյանքի 2-րդ շաբաթում: Ծննդաբերությունից հետո ձագերից մեկը մնացել է մոր մոտ, իսկ մյուսը տեղափոխվել է կենդանաբանական այգում առկա ապաստանը: Կենդանաբանական այգում նշում են, որ երկվորյակ պանդաները հիմնականում ավելի թեթև են քան միայնակ ծնված ձագերը, ինչի պատճառով նրանց մոտ մահացությունների թիվը միջինից բարձր է:

Մեծ պանդան համարվում է վերացող տեսակ: Ըստ վերջին տվյալների, վայրի բնության մեջ նրանց թիվը չի անցնում 3.000-ը: