Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը «W Magazine» ամսագրին շատ անկեղծորեն պատմել է, թե ինչ մանկություն է ունեցել ու ինչպես է հաջողության հասել. «Ես Ջենին եմ ետնախորշերից: Հիշում եմ՝ ինչպես էի ննջարանիս հայելու մոտ պարեր փորձում ու երազում, որ հայտնի եմ դառնալու: Այսօր այդ ննջասենյակն այլևս չկա, ու երազանքներն էլ կարծես իրականացել են»,- խոստովանել է նա:
Ընդ որում, նա իր մասին պատմել է' այցելելով Նյու Յորքի Բրոնսկ թաղամաս, որտեղ և մեծացել է. «Շատ էի անհանգստանում, երբ գալիս էի այստեղ: Բանն այն է, որ հենց այս տանն է անցել իմ մանկությունը»,- ասել է նա' ցույց տալով նաև այն պատուհանը, որտեղ կանգնած սպասել է իր ընկերոջը: Սակայն նա հրաժարվել է տուն մտնել'բացատրելով, որ վերջին անգամ նա այստեղ եղել էր, երբ մայրն ու հայրը կանչել էին իրեն ու հայտնել, որ բաժանվում են: Նա հեռացել է հայրական տնից 18 տարեկանում. «Կարծես ուրվական լինի այս տունը: Հիմա ինձ մոտ և՛ ուրախ, և՛ շատ տխուր զգացմունքների խառնուրդ է: Չեմ կարող ներս մտնել»:
Նա հայտնել է, որ դեռ փոքր ժամանակվանից սպորտով է զբաղվել ու պարի է գնացել. «Ես և մայրս անընդհատ վիճում էինք իմ ապագայի վերաբերյալ: Ես օրերով պարով էի զբաղվում ու չէի ուզում քոլեջ գնալ: Մայրս դեմ էր: Արդյունքում ես հեռացա տնից: Գիշերում էի պարի ստուդիայի բազմոցին, բայց չէի հանձնվում: Մի քանի ամիս անց ես պարուսույցի գործ ստացա Եվրոպայում, իսկ երբ վերադարձա Նահանգներ, բնակության տեղափոխվեցի Լոս Անջելես: Առաջին ամիսներին, ես ատում էի այդ քաղաքը, քանի որ հարցնում էի մարդկանց, թե որտեղ կարող եմ կաթ գնել, իսկ նրանք չգիտեին: Նրանք չգիտեին անգամ իրենց թաղամասն ու դրան մերձակա խանութները: Հետո, իհարկե, սիրեցի Լոս Անջելեսը, բայց առաջին տարիներին ինձ այստեղ ապրելու համար օգնեց Բրոնսկում իմ ապրած փորձը: Կարելի է ասել, որ ապրել հենց Բրոնկսում եմ սովորել»,- պատմել է նա:
Նա նաև, խոսելով իր երեխաների մասին, ասել է, թե ուրախ է իր երեխաների' 5-ամյա երկվորյակներ Էմմայի ու Մաքսի համար, քանի որ նրանք իր հետ հյուրախաղերի են գնում ու արդեն այս տարիքից սովորում են աշխատել.
«Երեխաները երբեք չեն անի այն, ինչ դուք եք նրանց ասում: Նրանք կանեն միայն այն, ինչը կանեք դուք, կկրկնօրինակեն այն, ինչ կտեսնեն ձեր պահվածքում: Երբ փոքր էի, տեսնում էի, որ հայրս աշխատում է մինչև ուշ գիշեր ու մեզ համար գումար է բերում: Մայրս միաժամանակ և՛ խոհանոցային պարագաներ էր վաճառում, և՛ դպրոցում էր աշխատում: Ես ապրում էի այն զգացողությամբ, որ իրավունք չունեմ նրանց նման չլինել»,- անկեղծացել է Լոպեսը: