PanARMENIAN.Net - 10-րդ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում ինչպես և գրեթե ամեն տարի Հայաստանում է կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով նաև փառատոնի հիմնադիրներից է: Էգոյանը համաձայնվեց ոչ միայն լուսանկարվել, այլև զրուցել մեզ հետ: PanRMENIAN Photo-ն 12 լուսանկարից բախկացած ֆոտոշարք է արել, իսկ PanARMENIAN.Net-ը 12 հարց տվել կինոռեժիսորին Երևանի, Ազնավուրի, «Արարատի», հայկական կինոյի, (իհարկե) «Ոսկե ծիրանի» մասին ու ոչ միայն:
Երևանի վերջին 25 տարիները
Քաղաքը փոխվել է… Երբ առաջին անգամ եկա, շոկի մեջ էի: Մարդիկ զրկանքների մեջ էին, շրջափակում էր, լույս չկար: Ահավոր վիճակ էր: Դրա համար շատ եմ ուրախանում` տեսնելով, թե ինչպիսինն է ներկայիս Երևանը: Ինչ վերաբերվում է մարդկանց, նրանք այժմ ավելի հետաքրքրասեր են դարձել, ու դա լավ է:Նրանք հարցեր են տալիս ապագային, դեպի որը «շարժվում են», ու այդպես էլ պետք է լինի: Կարծում եմ, սա մի ուրիշ ծայրահեղություն է:
«Արարատ» ֆիլմի հետքերի մասին
Շփոթված էինք, քանի որ թուրքական կողմից ավելի «բաց» արձագանքի էինք սպասում, քանի որ, ըստ իս, ֆիլմում երկխոսություն կա: Բայց շատերը բացասական արձագանքեցին: Ամեն դեպքում, դա էլ է պրոպագանդա: Ֆիլմի դրական կողմն այն է, որ նրա մասին մինչ օրս էլ խոսում են, չնայած, որ պրեմիերայից արդեն 11 տարի է անցել:
Ազնավուրն «Արարատ» ֆիլմում
Միշտ երազում էի, որ աշխարհի ամենահայտնի հայը խաղա իմ ֆիլմում. Երազանքս իրականացավ: Աշխարհում ամենահայտնի հայ լինելը պարտավորեցնում է: Ինչպես արդեն ասել եմ, Ազնավուրը մեզ շատ ավելին է տվել, քան կարող ենք պատկերացնել' իր սերը, նաև սերը դեպի իր ժողովուրդը…
Աշխատանքից գոհ մնալու մասին
Հին ֆիլմերս դիտելիս երբեմն ջղայնանում եմ: Մտածում եմ' կարելի էր այլ կերպ նկարել, գուցե այլ լուծում տալ: Ռեժիսորների համար առհասարակ դժվար է տարբերվող ոճ գտնել: Դժվար է այնքանով, որ պետք է կարողանաս ազատվել մյուս ոճերից: Մի բան էլ կա. անհրաժեշտ է ազատվել նախորդ աշխատանքների ազդեցությունից:
«Ոսկե ծիրանի» զարգացումը
Փառատոնի ամենակարևոր խնդիրը հիմա ավելի շատ դիստրիբյուտորների ու պրոդյուսերների հրավիրելն է: Նրանք «Ոսկե ծիրանն» ավելի պահանջված կդարձնեն: Մենք պետք է լուրջ մտածենք այդ ուղղությամբ, քանի որ դա էզարգացման հաջորդ քայլը:
Սոցիալական կինոյի դերը կինոմատոգռաֆիայում
Սոցիալական կինոն պատուհան է. այն նպաստում է, որ Եվրոպայի մյուս կողմը տեսնի, թե ինչպես են մարդիկ այստեղ ապրում: Ու հեչ պարտադիր չէ ներկայացնել միայն կյանքի դրական կողմերը: Սոցիալական կինոն հնարավորություն է տալիս տեսնել խնդիրները, որոնց դեմ մարդիկ պայքարում են:
Հայկական կինոյին պակասում է…
Պետք է, որ հայկական կինոն ավելի շատ «շփվի» դրսի, արտաքին աշխարհի հետ: Պետք է համագործակցել մյուս երկրների հետ, ինչու ոչ' նաև տեխնիկապես: Կարծում եմ, դրան մեծ մասամբ հենց Մշակույթի նախարարությունը պիտինպաստի:
Եվրոպական ու հոլիվուդյան կինոյի տարբերությունը
Գնալով Եվրոպական ու հոլիվուդյան կինոն ավելի փոխկապակցված են դառնում: Կարծում եմ, իրական պատճառը փոքր ու ինդուստրիալ ֆիլմերի տարբերությունն է: Եվրոպան, ինչպես և Հայաստանը, սիրում է Հոլիվուդը. բոլորն են սիրում այն: Իրական հարցն այն է, թե ինչպես ես դու շարունակում պայքարել մեծ մասշտաբի տենդենցների դեմ:
Դերասանների ու չ'դերասանների մասին
Սրամիտ է. այսպիսով մենք կարող ենք բնական կատարում ստանալ, այդ պատճառով էլ ողջունում եմ կինոյում խաղացող չ'դերասաններին:
Հայը
Երբ փոքր էի, ապրում էինք Վիկտորիայում. հուսահատության մեջ էի' ուզում էի լինել ինչպես բոլորը: Նրանք ինձ «փոքրիկ արաբ» էին անվանում, քանի որ մաշկս մի փոքր ավելի մուգ էր, տարօրինակ անուն ունեի ու եկել էի Եգիպտոսից: Միայն տարիներ անց հասկացա, որ ինչ-որ բան կորցրեցի…
Արսինե Խանջյանը
Նա «Armenian princess» (թարգ.' հայկական արքայադուստր-խմբ.) է, իմ ցանկալի դերասանուհին, կինը: Հենց Արսինեն փոխեց մասնագիտական կյանքս, ստիպեց ավելի շատ մտածել իմ հայկական ծագման մասին: Ասեմ, որ սիրում ենք աշխատել միասին, թեև հաճախ չի ստացվում: Ասեմ նաև, որ ընտանիքի տեսանկյունից շատ սխալ է մի ֆիլմի վրա աշխատելը, ինչը հաճախ ենք անում, քանի որ ամիսներ շարունակ դու պետք է քեզ միայն դրան նվրիես ու հետո կրկին վերադառնաս նոռմալ կյանքի: Բայց մեր հարաբերությունները զարգացան ֆիլմերի պատմությունների հիման վրա:
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ
Հուսով եմ՝ մենք կնկարահանենք մի ֆիլմ, որը կպատմի հենց Ցեղասպանության մասին: Բայց ժամանակը քիչ է. եթե նկարահանելու ենք՝ պիտի դա հիմա անենք: Կնախընտրեի, որ դա լիներ ֆիլմ, որը կկենտրոնանար բուն հարցի շուրջ, դրա համար էլ պետք է շտապել...100-ամյակին ընդամենը երկու տարի է մնացել... Ամեն դեպքում, ուրախ եմ, որ դեռ 12 տարի առաջ նկարահանեցի իմ ֆիլմը..