"Հետաքրքիր է` ինչի մասին կխոսեին տղամարդիկ, եթե չլինեին մեքենաները":
Միշել Ուելբեք, "Կղզու հնարավորությունը":
"Ինչի մասին են սովորաբար խոսում և ինչի մասին չեն խոսում տղամարդիկ իրենց սեռակիցների շրջապատում"… Այս հարցը, հավանաբար, բազմաթիվ կանանց է հետարքրում: Չէ որ զրույցը մարդու սիրտը նվաճելու ամենահզոր միջոցներից է. կինը պետք է իմանա հակառակ սեռի ներկայացուցչի հոգեբանությունը, կարողանա խոսել նրա "լեզվով":
Ըստ գիտնականների հետազոտությունների' կանայք տղամարդկանցից 3 անգամ ավելի շատ են խոսում: Կինը օրական օգտագործում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավելի է: Բացի այդ' կանայք ավելի արագ են խոսում, քան տղամարդիկ, ավելի շատ ներուժ են ծախսում բամբասանքի վրա և հաճույք են ստանում սեփական ձայնից: Կին հոգեթերապևտ Լուան Բրիզենդայնը իր "The Female Mind", /"Կանացի ուղեղ"/ գրքում գրում է, որ կնոջ ու տղամարդու ուղեղի բնածին տարբերությունն է պատճառը, որ կանայք ավելի շատախոս են: Նրա կարծիքով կանանց ուղեղում ավելի շատ բջիջներ կան, որոնք պատասխանատու են խոսքային գործառույթի համար: Զարմանալի չէ, որ աղջիկ-երեխաները ավելի շուտ են սկսում խոսել: Արդյունքում տղաները, ապա և' տղամարդիկ, խոսում են ավելի քիչ և փորձում են հնարավորինս թաքցնել իրենց զգացմունքները:
Ուշագրավ է, որ չնայած վերը նշված հանգամանքին' ըստ Daily Mail թերթի կատարած հարցումների 3500 բրիտանացիների շրջանում' տղամարդիկ սկսել են կանանցից շատ խոսել հեռախոսով: Միջին վիճակագրական տղամարդը բջջային և քաղաքային հեռախոսով խոսում է օրական 32 րոպե, ինչը 10 րոպեով ավելի է, քան 5 տարի առաջ: Իսկ կինը խոսում է միջինը 26 րոպե, ինչը 9 րոպեով քիչ է, քան արձանագրվել է 2002թ.-ին:
Ըստ հարցումների' տղամարդիկ հեռախոսով սիրում են քննարկել սպորտը /29%/, կանանց /22%/ և դրամի հետ կապված հարցերը /20%/: Կանանց համար ամենահարազատ թեմաներն են տղամարդիկ /32%/, հագուստը /32%/ , ընդհանուր ընկերներն ու ապագա պլանները /20%/:
Տղամարդկանց հոգեհարազատ թեմաների մասին զրուցեցի մեր հայրենակիցների հետ' թե կանանց, թե տղամարդկանց, և ահա թե որոնք էին ամենաբնորոշ պատասխանները.
Արմեն Ավագյան
"Եթե համառոտ պատասխանեմ, ապա տղամարդիկ խոսում են կանանցից, մեքենաներից և զենքից: Դա կախված է նաև նրանց պատկանած խավից. տարբեր խավերի տղամարդկանց թեմաները տարբերվում են":
Արտակ Քիքինյան
"Դե, իհարկե, աշխատանքից, զվարճանքից, դրամ վաստակելուց, ընկերներից ու էլի շատ ու շատ բաներից":
Վահե Ավագյան
"Իսկական տղամարդը պետք է խոսի խմիչքից և կնոջից":
Փառանձեմ Սարդարյան
"Տղամարդկանց ամենասիրելի թեման ԿԻՆՆ է: Սովորաբար նրանք ճոխացրած գույներով պատմում են "աղջիկ կպցնելու" գունագեղ հեքիաթը: Ընթացքում բոցավառվում են աչքերը, ծոր է տալիս ժպիտը, թուլանում են ձեռքերն ու ոտքերը: Ի դեպ, "հեքիաթասացին" վերջում անպայման հարցնում են. "Հը", մի բան արեցիր": "Բա ոնց, ինձ չգիտես"… Այդ ամբողջ հեքիաթի իմաստը հենց այդ "բան անելն է", այլապես հեքիաթն "անհաջող պատահար" են համարում":
Սուսաննա Ղազարյան
"Տղամարդիկ խոսում են քաղաքականության մասին":
Նունե Եղիկյան
"Տղամարդիկ միշտ խոսում են այն տղամարդկանց մասին, ովքեր իրենցից շատ դրամ, գեղեցիկ սիրուհի ու լավ ավտոմեքենա ունեն' "գոլդ" համարներով":
Իրինա Դավթյան
"Շատ են սիրում իրենց գովել, մանավանդ երբ անցնում են բանակի թեմային":
Ռուզաննա Դանիելյան
"Տղամարդիկ սիրում են խոսել ֆուտբոլից, դրամ ստեղծելու միջոցներից, սիրուհիներից… Իրենց կանանց մասին' լռություն":
Մարիա Մանուկյան
"Սիրում են խոսել սպորտի, զենքերի, կռիվների, կանանց մասին":
Սվետա
"Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց թերություններից, նախկին կանանց հետ հարաբերությունների մասին ներկայիս կնոջ հետ, չեն խոսում սեռական ոլորտի խնդիրներից, եթե ունեն":
Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ տղամարդկանց շոշափած թեմաների մեծամասնությունն առնչվում է հետևյալ ոլորտներին:
Աշխատանք և գործեր' հասարակական, քաղաքական, բարոյական և այլն: Տղամարդկանց սիրած թեմաներից է վերանորոգումը' տան, մեքենայի կամ տարբեր սարքավորումների: Սա նրանց ամենասիրած թեմաներից է, որոնց շուրջ կարող են խանդավառ խոսել: Կան տղամարդիկ, որոնց մոտ մեքենայի հանդեպ սերն անգամ խնդիրներ է առաջացնում կնոջ հետ: Հումորով ասում են' "Կարծես ամուսնացած լինի մեքենայի հետ":
Տղամարդիկ կարող են ավերջ ու անսկիզբ զրուցել իրար հետ մեքենաներից, համակարգիչներից, ստերեոհամակարգերից, հեռուստացույցներից, տարբեր հավաքածուներից: Խոսում են մանրամասների մասին' ում մեքենան է ավելի մեծ, որտեղ արժե տեղադրել նոր զովացուցիչը կամ քանի սանտիմետրանոց հեռուստացույց է նպատակահարմար գնել:
Որոշակի խավի տղամարդիկ անպայման խոսում են քաղաքականության մասին: Հաճախ արծարծվող թեմաներից են նոր ճանապարհները կամ շինությունները քաղաքում:
Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնում սպորտը, հատկապես ֆուտբոլը: Եթե երկու զրուցակիցներն էլ ֆուտբոլասեր են, զրույցը պարտադիր լինում է թեժ և խանդավառ:
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ
Տղամարդիկ աշխատում են չխոսել կանանց մասին: Նրանք քննարկում են սեքսը: Կինը, սակայն, այս դեպքում դիտվում է որպես օբյեկտ, տղամարդիկ շատ չեն մանրամասնում նրա անձը զրուցակցի հետ: Օրինակ' "Ծանոթացել եմ մեկի հետ, նա շատ լավն է ու ամեն ինչ կարողանում է": Երբեմն տղամարդը կարող է մանրամասների մասին խոսել միայն շատ մտերիմ մարդու հետ, բայց օտար շրջապատում խոսել իր անձնականի մասին նշանակում է անվստահություն, բացբերանություն և ցածրահոգություն դրսևորել: Չնայած, բնականաբար, կան չափազանցնել սիրող ու իրենց սիրային արկածները գունավոր ներկայացնող տղամարդիկ, ովքեր խոսքեր չեն խնայում պատմելու իրենց "հաղթանակների" մասին: Բայց դա առավելապես հատուկ է դեռահաս տարիքին:
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց խնայողությունների, ունեցած գումարի մասին: Կարող են ում ասես քննարկել, բայց սեփական գումարների կամ դրանք հայթայթման միջոցների մասին երբեք չեն խոսում:
Տղամարդիկ չեն սիրում խոսել հիվանդությունների մասին: Կամ միանգամից անցնում են գործնական դաշտ, այսինքն' որ դեղն է օգնում և այլն, բայց երկար երբեք չեն ծավալվի այդ թեմայով:
Իսկական տաբու է դրված նորաձևության թեմայի վրա: Հավատացեք, գրեթե ոչ մի տղամարդ չի սիրում գնումներ կատարել: Բացի այդ' կա մի հանգամանք. խանութում տեսնելով ամենաշքեղ ու ճաշակով զգեստը, նա չի գնահատի այն: Տղամարդը հագուստի արժեքը գնահատում է միայն կնոջ հագին, երբ կարող է հպվել, իսկ իդեալական տարբերակում' հանել: Ուստի չարժի նրան ձեզ հետ գնումների տանել: Տղամարդն անգամ նորաձևության էջերի նկարները չի նայում ամսագրերում: