Մի քանի օր առաջ մենք ներկայացրել էինք դիմահարդար Ագա Քանքանյանի ծննդյան անակնկալը՝ խոսք տալով, որ կներկայացնենք նաեւ ծավալուն հարցազրույց Ագայի հետ: Երեկ «Zham.am»-ը այցելել է «Aga Kankanyan» իմիջ կենտրոն, չափազանց ջերմ մթնոլորտում զրուցել դիմահարդարի հետ: Ագան պատմեց իր կարիերայի, անձնական կյանքի, հաճախորդների եւ այն մասին, թե ինչու են բոլորը կարծում, թե նա աստղաբաշխական եվրոներ է վերցնում հաճախորդներից:
-Ես մասնագիտությունով մոդելավորող եմ, նկարել եմ, նկարել եմ, նկարում եմ: 17-18 տարեկանից սկսել եմ հետաքրքրվել դիմահարդարմամբ: Այդ տարիներին չկար դիմահարդարման առանձին մասնագիտություն: Նման բան չկար, ոչ մեկ հոնքերը ձեւավորելու կամ հատուկ դիմահարդարում անելու համար ոչ մի տեղ չէր գնում սովորելու:
Արդեն 15 տարի է, ինչ հաճախորդների հետ եմ աշխատում, այսինքն՝ անում եմ պրոֆեսիոնալ դիմահարդարում: Որոշ ժամանակ աշխատել եմ առանձին գեղեցկության սրահում, հետո արդեն ունեցել եմ իմ առանձին սրահը, որտեղ, այսպես ասած, սկսել եմ ստեղծագործել իմ աուրայով:
Հիմա ունեմ սեփական ստուդիա՝ «Aga Kankanyan» իմիջ կենտրոնը, որը հոկտեմբեր ամսին կդառնա մեկ տարեկան: Մենք, իհարկե, մեծ կնշենք սրահի մեկամյակը: Գործի բերմումով շատ եմ գնում այլ երկրներ ու միանշանակ կարող եմ ասել, որ այլ երկրներում, անգամ ամենաթանկ դիմահարդարման սրահներում, կենտրոնի տնօրենը որպես հարգանք, կարող է յուրաքանչյուր այցելուի հետ նստի զրուցի ու ջերմ վերաբերմունքի արժանացնի: Երկար եմ ման եկել սրահիս համար հարմար վայր ու վերջապես գտա այն տեղը, որտեղ իմ հաճախորդներն իրենց լիովին ջերմ ու բավարարված կզգան: Այդուհանդերձ, ես երբեք չեմ դադարում սովորել:
Մինչ օրս հինգ տարբեր դիմահարդարման դպրոցներ եմ ավարտել արտերկրում: Ու երբեք չեմ դադարում նոր բաներ սովորել:
Ես ապացուցել եմ, որ աշխատանքը չի կարող խանգարել անձնական կյանքին
Բոլորն էլ գիտեն, որ ես այն եզակիներից եմ, որ համատեղում եմ անձնական կյանքը աշխատանքիս հետ: Ծնվել ու մեծացել եմ ավանդական ընտանիքում: Մայրս տնտեսվար է, հայրս՝ ինժեներ, քույրս դասախոս է, եղբայրս մարկետինգի ասպարեզում է: Մասանագիտության ընտրության հարցում երբեք խոչընդոտներ չեմ հանդիպել տանը, բոլորն էլ հարգել են իմ ընտրությունը: Հետո ամուսնանլուց հետո էլ նույն մթնոլորտը եղել է նաեւ ամուսնուս ընտանիքում:
Երբեք մեկը մյուսին չի խանգարել: Ապրում եմ հայկական ավանդական ընտանիքում, ամուսնուս, սկեսուրիս սկեսրայրիս հետ: Ունեմ երկու հրաշք բալիկներ՝ աղջիկ եւ տղա: Աղջկաս անվանել եմ Վիվիեն, տղայիս՝ Կարեն: Աղջիկս արդեն 4-րդ դասարան է տեղափոխվել, տղաս էլ այս տարի առաջին դասարան է գնալու: Ամուսինս ունի իր անձնական բիզնեսը ու ամեն բանով օգնել է ինձ, ներառյալ՝ սրահիս ստեղծման հարցում:
Չկա որեւէ նորամուծություն, որ ես տեղյակ չլինեմ
Իմ հաճախորդները գնահատում են այն փաստը, որ ես միշտ տեղյակ եմ նորաձեւ դիմահարդարումից: Ես միշտ գիտեմ՝ ինչ տենդենցներ կան աշխարհում, ինչ կարելի է անել, ինչ չէ: Չկա այնպիսի նորամուծություն, որ ես չիմանամ ու չկիրառեմ: Մեր շուկան շատ փոքր է զարգանալու համար: Այստեղ միայն կարելի է մեկը մյուսից ինչ-որ բաներ սովորել, բայց ոչ երբեք ամենավերջին տենդենցները: Դրա համար պետք է միշտ աչալուրջ ու հետեւողական լինել:
Հաճախորդներիս շատ եմ օգնում, խորհրդատվություն եմ տալիս
Մի քանի ամիս առաջ ընկերուհիներս խնդրեցին, որ վիդեո տարբերակով խորհուրդներ տամ դիմահարդարման: Մի քանի վիդեոներ հիմա «Յութուբում» կան, որոնք, իհարկե, նկարված չեն պրոֆեսիոնալ մակարդակով, այլ ընդամենը սիրողական: Դա ես արել եմ, որ անվճար խորհրդատվություն տամ բոլոր այն աղջիկներին, որոնք ուզում են ունենալ գեղեցիկ տեսք, կամ տիրապետել դիմահարդարման գաղտնքիներին: Իհարկե, եղել են տարաբնույթ կարծիքներ՝ եւ՛ դրական, եւ՛ բացասական: Բայց ես, իհարկե, անցնում եմ բացասական մեկնաբանությունները, որովհետեւ դրանցով չար մարդն իրեն է վատություն անում եւ ոչ ինձ:
Մարդիկ կարծում են, որ մեզ մոտ աստղաբաշխական թվեր են
Ինձ շատ են ասում, որ բոլորը կարծում են, թե Ագայի մոտ աստղաբաշխական թվեր են շրջանառվում դիմահարդարման համար: Դա նորմալ է, իհարկե, ստատուս ունեցող վայրը միշտ էլ պիտի նույնքան վարձատրվի, բայց ինձ մոտ այդպես չէ, ես ուսումնասիրել եմ մարկետինգը, խորը ուսումնասիրել եմ նաեւ բիզնեսը, ու հասկացել, որ մեր շուկան շատ փոքր է՝ ինձ համապատասխան վարկանիշի գներ վերցնելու համար: Մեզ մոտ միջին գներ են: Գնի տատանումները կախված են, իհարկե, օգտագործվող պարագաներից, որ կարող է ազդել գնի փոքր-ինչ բարձրացման վրա: Մենք շատ անգամ չենք էլ նայում, թե տվյալ անձը կարող է տալ այդքան գումար, թե ոչ, եթե նա մտել է «Ագա Քանքանյան» իմիջ կենտրոն, ապա անպայման այնտեղից խնամված եւ գոհ դուրս կգա:
Հարսիկներից յուրաքանչյուրը ինդիվիդուալ է
Մեզ մոտ հարսիկներից յուրաքանչյուրը ինդիվիդուալ մոտեցման է արժանանում: Գալիս են մեզ մոտ նախօրոք, որոշում ենք, թե ինչ դիմահարդարում ավելի ճիշտ կլինի անել, ես անպայման նայում եմ հարսի զգեստը, խորհուրդներ եմ տալիս, բացի այդ ընտրում ենք նաեւ մազերի համապատասխան պարագա, որ էլ ավելի գեղեցիկ լինի ամբողջական կերպարը:
Անգամ դեպքեր են լինում, որ այդ օրը համապատասխան ժամին ազատ տեղ չի լինում, բայց քանի որ հարսիկներս սովոր են իմ դիմահարդարմանը, համաձայնում են գալ անգամ առավոտյան ժամը 6-ից:
Քաղաքում եւս մեկ «Ագա» կենտրոն կա, բայց այդ կենտրոնի հետ ես կապ չունեմ
Շատ անգամ եմ լսել, որ իմ հաճախորդները, որոնք ծանոթանում են իմ աշխատանքներին եւ ուզում են իմ ստուդիայում խնամվել, շփոթում եւ գնում են մեկ այլ «Ագա» կենտրոն, որի հետ ես որեւէ կապ չունեմ: Այդ վարսավիրանոցը ստեղծվել է դեռ տարիներ առաջ, անվանվել է «Ագա», այսօր, իհարկե, դա ո՛չ ինձ համար է խոչընդոտ, ո՛չ իմ հաճախորներդների, ուղղակի որպես բրենդ դա իմ անձնականն է: Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ իմ սեփական ստուդիան գտնվում է Իսահակյան 14 հասցեում եւ ոչ թե Խանջյան փողոցում: