Ռուսաստանաբնակ Միխայիլ Գալուստյանը պատերազմ է հայտարարում հեղինակային իրավունքները խախտողների դեմ։ Հայտնի դերասանը և պրոդյուսերը գրանցել է իր անունը և ազգանունը (МИХАИЛ ГАЛУСТЯН) որպես բրենդ՝ անօրինական օգտագործման հետևանքներից հեղինակությունն ապահովագրելու համար, գրում է tert.am-ը՝ հղում տալով loveradio.ru-ին։
Վերջին տարիների ընթացքում ռուսական հեռավոր գյուղերում և քաղաքներում «Գալուստյանները» հայտնվում են սնկի պես։ 2013թ. գարնանը մեծ աղմուկ է բարձրացրել հերթական խաբեբայի հետ կապված պատմությունը։ Ինքնակոչ դերասանը պետք է ելույթ ունենար Բաշկորտոստանում, սակայն շատ արագ նրան հաջողվել է բացահայտել։
Բացի այդ, Գալուստյանի մարմնավորած Ռավշանի սիրված կերպարը հաճախ օգտագործվում է արտաքին գովազդում։
Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում ուսանելու տարիներին Գալուստյանը լրջորեն զբաղվել է հեղինակային իրավունքի ուսումնասիրությամբ։ Եվ այժմ որոշել է ապահովագրել իր անունը՝ գործնական հեղինակությունն անբիծ պահելու համար։
«Մարդկանց մեծամասնության մոտ տպավորություն է ստեղծվում, որ ես վաճառում եմ իմ անունը։ Իմ թիմն անընդհատ խոչընդոտում է լրագրողների և գովազդային ոլորտի աշխատակիցների՝ իմ նկարն ու ազգանունն առանց թույլտվության օգտագործելու փորձերը։ Ցավոք, Ռուսաստանում, ի տարբերություն ամբողջ քաղաքակիրթ աշխարհի, դեռևս զարգացած չէ հեղինակային իրավունքի հանդեպ հարգալից վերաբերմունքը»,- ասել է Գալուստյանը։