Ինչ են խոսում. դերասան, «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Տանոյի կերպարը մարմնավորող Նարեկ Ներսիսյանը մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանի թոռն է:
Իրականում. տարածված լուրերի իսկությունը պարզելու համար խոսեցինք երիտասարդ դերասան Նարեկ Ներսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այո, ճիշտ է, ես Բաբկեն Ներսիսյանի թոռն եմ, նրա որդու՝ Մամիկոնի տղան»:
Դերասանի հավաստմամբ' հայտնի ազգանունն ու բարեկամներն իր համար մասնագիտական կյանքում ճանապարհ չեն հարթել:
«Հայտնի ազգանուն ու հայտնի մարդու թոռ լինելն ինձ կյանքում ոչինչ չի տվել, ամեն ինչի ինքնուրույն եմ հասել: Նույնիսկ դերասանների ընտանիքում ծնված լինելը չէր պատճառը, որ ինձ թատերական ինստիտուտ տարավ. այդ բուհ ընդունվելս շատ պատահական է եղել. քիչ ժամանակ ունեի ընդունելության քննություններին պատրաստվելու համար, դիմեցի թատերական ինստիտուտ և ընդունվեցի Դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետը»:
Դերասանն այժմ էլ մասնագիտական իր գործունեության առաջխաղացման հարցում միայն իրեն է ապավինում: «Այժմյան հաջողություններս էլ չի կարելի կապել արմատներիս հետ. հեռուստատեսություն ևս ինքնուրույն եմ մտել. իմացա սերիալի մասին, խոսեցի սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ, մասնակցեցի քասթինգին ու ինձ համար հարմար եղավ Տանոյի կերպարը:
Ինչ վերաբերում է «32 ատամ»-ին, ասեմ, որ տղաներն ինձ վաղուց էին ճանաչում' դեռ ինստիտուտից: Պրոդյուսերը' Կարեն Բաբաջանյանը, առաջարկեց մասնակցել «32»-ի նկարահանումներին, ու դրանից էլ սկսվեց իմ ու նրանց համագործակցությունը: Ես երաժշտական համարներ եմ պատրաստում, քանի որ նաև երաժշտական կրթություն ունեմ' ավարտել եմ Սայաթ-Նովայի անվան աշուղական դպրոցը»,- մանրամասնեց Նարեկը:
esyes.am-ը Նարեկի հետ խոսեց նաև հորեղբոր' Տիգրան Ներսիսյանի հետ ունեցած հարաբերությունների մասին, որին ի պատասխան' դերասանն ասաց. «Մենք ընդհանրապես չենք շփվում, դեռ փոքր էի, որ մեր ընտանիքների մեջ տարաձայնություն եղավ, դրանից հետո կապ չունենք իրար հետ, ես նրա ընտանիքին ճանաչում եմ այնքանով, որքանով դուք… Ուղակի գիտեմ' որպես մեր երկրում հայտնի ընտանիք»,- ավելացրեց Նարեկը:
Երիտասարդ դերասանն ասաց, որ 2008 թվականից աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում' ընդգրկված լինելով թատրոնի խաղացանկային ներկայացումների մեծ մասում:
Դերասանի հետ զրուցեց Մերի Պողոսյանը