Ամերիկյան հանրահայտ Google ընկերությունը դիմել է ԱՄՆ-ի դատարան, որպեսզի այն իրեն թույլ տա հրապարակել հատուկ ծառայություններից օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ ստացված դիմումները։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, հայցը ներկայացվել է Վաշինգտոնում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունը և մյուս հատուկ ծառայություններն ուղիղ մուտք ունեն մի քանի տեխնոլոգիական հսկաների սերվերներ ու օգտատերերի անձնական տվյալների բազա։
«Այս գործում պարզություն ու թափանցիկություն է հարկավոր, ուստի մենք ցանկանում ենք հրապարակել դիմումների վերաբերյալ վիճակագրությունը»,-նշել է Google-ի խոսնակը։ Նա նաև նշել է, որ ընկերությունը ցանկանում է նման քայլի դիմել, որպեսզի սկանդալից հետո Google-ի հեղինակությունն անկում չապրի։
Հիշեցնենք, որ վերջերս ամերիկյան հեղինակավոր The Washinghton Post պարբերականը սկանդալային նյութ էր հրապարակել, որում նշվում էր, որ Google, Apple, Microsoft և Facebook ընկերություններն օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել հատուկ ծառայություններին։