Շատ տղամարդիկ անկեղծ հավատում են, որ երբեք չեն ընկնի կնոջ ազդեցության տակ: Տղամարդիկ մտածում են՝ իրենք են գլխավորը, իսկ կանայք պետք է հարմարվեն: Իրականում ցանկացած տղամարդու կարելի է կառավարել եւ աննկատ դրդել նրան այնպիսի որոշումների, որոնք մեզ՝ կանանց են ձեռնտու:
Միանգամից նշենք, որ սկանդալներն ու սպառնալիքները ոչ մի դրական արդյունք չեն ունենա: Հաճելի խնդրանքներ, անկեղծ գովասանքի խոսքեր եւ խթան հանդիսացող այլ մեթոդների կիրառումը, հենց սրանք էլ հանդիսանում են կանացի մանիպուլացիայի ամենաուժեղ զենքերը:
Գովեք նրան: Տղամարդը դառնում է ավելի ուժեղ, եթե նրա ուժի մասին՝ ե´ւ ֆիզիկական, ե´ւ մտավոր խոսում է կինը՝ հատկապես սիրելի կինը: Անընդհատ շեշտեք, թե նա ինչ տղամարդ է' ուշադիր, պատասխանատու, հնարամիտ, Դուք էլ իր կողքին Ձեզ այնքան ապահով եւ պաշտպանված եք զգում եւ այլն… Ամենակարեւորը՝ շատ ձեւական չլինի՝ դառնալով ներկայացում: Եթե նույնիսկ Ձեր սիրելին չունի վերոնշյալ հատկանիշները, ապա փորձեք անկեղծ հավատալ, որ նրա մեջ կան բոլոր նախադրյալներն այդպիսին դառնալու:
Վատ մի զգացեք դիմել նրա օգնությանը: Ցավոք «ուժեղ կնոջ» մասին խեղաթյուրված պատկերացումներն արդեն մոլորակի շատ կանանց համար դարձել են գրավիչ: Գեղեցիկ սեռի այդ ներկայացուցիչները գտնում են՝ ամեն ինչ կարելի է ինքնուրույն անել: Ինչ-որ առումով, սա, անխոս, ճիշտ է. իսկական տղամարդիկ, ինչպես նաեւ կանայք մեր ժամանակներում քիչ են, բայց այդպիսիք կան, եւ դա ժխտել չի կարելի: Ուստի պետք չէ հարմարվել պայուսակը միայնակ քարշ տալուն, վերարկուն միայնակ հագնելուն, ինչպես նաեւ նրան, որ դուռը Ձեր առջեւ բացողներ չեն լինի, հավատացեք՝ կգտնվեն տղամարդիկ, ովքեր դա կանեն: Եթե նույնիսկ կարող եք միայնակ փոխել էլեկտրական լամպը, միեւնույնն է խնդրեք՝ դա անի Ձեր կողքի տղամարդը: Հիշեք՝ տղամարդու համար կարեւոր է, որ ինքն իրեն պետքական զգա:
Լսեք նրան: Ավելի շուտ ձեւացրեք, որ լսում եք: Սա երեւի թե կանանց ամենահանրահայտ հնարքներից է, եւ տղամարդիկ իրենք էլ ժամանակի ընթացքում լրիվ անկեղծ սկսում են հավատալ այդ ամենին: Խոստովանեք, որ նա է գլխավորը, իսկ Դուք եթե անգամ իրենից ինչ-որ բան եք խնդրել, ապա նա պարտադիր չէ՝ կատարի Ձեր խնդրանքը, ինքը կարող է որոշել կատարե՞լ այն, թե՞ ոչ, իսկ Դուք էլ ոչ մի դեպքում չեք նեղանա, որովհետեւ նա ավելի լավ գիտի՝ որն է ճիշտը: Հենց այստեղ էլ սկսում է գործել հրաշքը: Տղամարդն սկսում է իրեն զգալ խելացի, կարեւոր եւ գլխավոր: Բայց հիշեք՝ մի բան է, երբ խնդրանքը վերաբերում է իսկապես լուրջ եւ կարեւոր ինչ-որ հարցի, լրիվ այլ բան է, երբ Դուք ուղղակի գործի եք դնում մանիպուլացիոն հնարքները եւ սկսում կամակորություններ անել: Այդ տեսակ կանանց այդքան էլ չեն սիրում, այնպես որ, եթե Ձեզ այդպես պահեք, ապա անձնական կյանքում առանձնապես հաջողություններ չեք ունենա: Պետք չէ զբաղվել տղամարդու դաստիարակությամբ, առաջին հերթին ինքներդ Ձեզ դաստիարակեք:
Նրան սխալվելու հրանավորություն տվեք: Երբեմն փորձը դառնում է լավագույն «դաստիարակ»: Եթե տղամարդը կտրականապես հրաժարվում է Ձեր խորհուրդներից, լռեք եւ թույլ տվեք ինքնուրույն որոշումներ կայացնի՝ նայելով, թե իր մոտ դա ինչպես կստացվի: Եթե ոչինչ չստացվի, ապա նա հաջորդ անգամ երկար կմտածի եւ հնարավոր է՝ ինքն արդեն Ձեզ դիմի: Սակայն նրա ունեցած անհաջողությունների դեպքում երբեք նրան չասեք կանանց համար շատ սիրելի այն արտահայտությունը՝ «Ես ասում էի, չէ՞»: Սա տղամարդու մոտ առաջացնում է կամակորություն, եւ նա դիտավորյալ կդադարի Ձեզ լսել:
Ամենագլխավորը, սիրելի լեդիներ՝ չշփոթեք կանացի մանր-մունր հնարքները, այլ ավելի խորը եւ լուրջ երեւույթների հետ: Սիրեք եւ հարգեք Ձեր տղամարդուն:
Շողիկ Գալստյան