PanARMENIAN.Net - Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ iOS 7 օպերացիոն համակարգը։
Apple-ը փոխել է օպերացիոն համակարգի ինտերֆեյսը՝ փոխել է ծրագրերի նշանների տեսքը՝ սարքելով դրանք ավելի «տափակ», նոր տառատեսակ ու պաստառներ է ավելացրել, ինչպես նաև ավարտին հասցրել մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Եղանակը», «Օրացույցը», «Հաղորդագրությունները», «Փոստը», «Լուսանկարները», գրում է Lenta.ru-ն։
iOS-ի հիմնական էկրանն այժմ կարողանում է արձագանքել, երբ սարքը թեքվում է ու ցույց է տալիս համապատասխան անիմացիա։ Համակարգում ներառված է նաև «Կառավարման կենտրոն», որտեղ հավաքված են առավել օգտագործվող կարգավորումներն ու լապտերը։ Այժմ օպերացիոն համակարգը կարողանում է հետևել, թե որ հավելվածներն են առավել հաճախ ու հազվադեպ օգտագործվում։
Թարմացվել է նաև Safari բրաուզերը․ այնտեղ ներառվել են «ծնողական վերահսկման» կարգավորումները, «խելացի որոնման» դաշտը։
iOS բազայով աշխատող սարքավորումներն այժմ ապահովված են AirDrop-ով՝ Wi-Fi –ի միջոցով ֆայլերի փոխանակման անլար տեխնոլոգիայով, որը մինչ այդ աշխատում էր միայն Mac համակարգիչների վրա։ AirDrop-ը կկարողանան օգտագործել iPhone 5-ի, չորրորդ սերնդի iPad-ի, iPad mini-ի ու 5-րդ սերնդի iPod touch-ի օգտատերերը։
Siri-ն սովորել է «խոսել» նոր ձայներով ու ինտեգրվել է Վիքիպեդիային, որոնողական համակարգերին ու twitter-ին (այժմ դրա օգնությամբ օգտատերերը կարող են, օրինակ, որոնել այս կամ այն բառով թվիթեր)։ App Store խանութում հայտնվել է հավելվածների ավտոմատ թարմացման գործառույթը։ Apple-ը նոր օպերացիոն համակարգն անվանել է «առաջին iPhone-ի գործարկումից հետո iOS-ի ամենանշանակալի թարմացումը»։
Ծրագրավորողների համար iOS 7-ի նախնական տարբերակը հասանելի է հունիսի 10-ից, իսկ վերջնական տարբերակը՝ 2013-ի աշնանը։ Այն հնարավոր կլինի գործարկել iPhone 4-ի, iPhone 4S-ի ու iPhone 5-ի, ինչպես նաև iPad 2-ի ու երրորդ և չորրորդ սերնդների iPad –ների ու 5-րդ սերնդի iPod touch-ի վրա։