Երեկ հարսանիքաշատ օր էր :) Բացի Դելոյից, ամուսնացել է նաև ֆուտբոլիստ Նորայր Գյոզալյանը:
Նախկին «Իմպուլս» թիմի ֆուտբոլիստ, 2012 թվականի լավագույն ռմբարկու ճանաչված Նորայրի և ընտրյալի՝ Տնտեսագիտական համալսարանի ուսանող Շուշաննայի պասակադրությունը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 9-ին: Զույգը Նորայրի ընկերոջ՝ Գոռի քավորությամբ, տեր և հնազանդ լինելու խոստում է տվել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում, իսկ հետո՝ շուրջ 350 հյուրերով խնջույքը շարունակել երևանյան ռեստորանային համալիրում:

«Ես ու Շուշան վաղուց ենք ճանաչում միմիանց: Մեր առաջին հանդիպումը տեղի է ունեցել մեր ընդհանուր բարեկամներից մեկի տանը, այնուհետև՝ երկար տարիներ իրար չտեսնելուց հետո, 2008թ. պատահական հանդիպեցինք երթուղայինի մեջ ու այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց. 2011-ին նշանվեցինք, երեկ էլ ամուսնացանք»,-ասաց տարվա լավագույն ռմբարկուն:
Հարսանեկան նախապատրաստություններին Նորայրը գրեթե չի մասնակցել. հարսի կերպարի հետ կապված էլ Շուշաննան ամեն ինչ մենակ է արել:

«Նորայրն ինձ հետ կապված գործերին չի միջամտել, ամեն ինչ մենակ եմ որոշել. զգեստս էլ առաջին անգամ հենց պսակադրության օրն է տեսել»,- ասաց Շուշաննան:
Զույգի հայկական ավանդական հարսանյաց խնջույքին հարազատների և բարեկամների հետ ներկա են եղել նաև ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Արամ Բարեղամյանը, Արտակ Խաչատրյանը, Սեմյոն Մուրադյանը և այլք:

Նորապսակները Նորայրի պարապմունքների պատճառով առաջիկայում չեն պատրաստվում մեղրամիս մեկնել: