Դերասանուհի Աննա Հարությունյանի անձնական կյանքի մասին esyes.am-ը պատմելու առիթ ունեցել է: Այս շրջանում նա հանդես չի գալիս սերիալներում, սակայն թատրոնում օրերս ներկայացավ «8 սիրագորով կանայք» ներկայացմամբ, բացի այդ, Աննան մեկ այլ զբաղմունք էլ է գտել իր համար: esyes.am-ն այս և այլ թեմաներով զրուցել է դերասանուհու հետ:
-Երկար ժամանակ էկրաններին լինելուց և հեռուստասերիալներում հանդես գալուց հետո դադար առար: Ինչո՞վ էր դա պայմանավորված, արդյոք երկար ժամանակ էկրաններին լինելը կրկնվելու վտանգ էր ներկայացնում:
-Կարծում եմ՝ պարտադիր չէ միշտ եթերում լինել, թեև պետք է ասեմ, որ երբեք դեմ չեմ եղել դրան: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունն ու ամեն օր ուրախանում եմ այն փաստով, որ զբաղվում եմ դրանով թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում: Ես ուղղակի հեռուստատեսություններից չստացա այն առաջարկները, որ ինձ կհետաքրքրեին: Եթե ինձ տվյալ պահի հոգեվիճակիս համապատասխան դեր առաջակեն, անպայման կհամաձայնեմ, որովհետև կարծում եմ, որ միշտ էլ նորովի ներկայանալու հնարավորություն ունեմ: Թեև հաճախ խոսվում է այն մասին, որ դերասանները կրկնվում են, սակայն եթե դերասանն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, կարող է փոխվել 180 աստճանով: Դրա օրինակը ես ունեցել եմ «Երևան-Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմում: Շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ ինձ չեն կպցրել «սերիալային դերասանուհի» պիտակը:
-Իսկ այժմ ո՞րն է քո հոգեվիճակին համապատասխան դերը:
-Հեռուստադիտողները սովոր են ինձ տեսնել տխուր, իսկ թատրոնի ռեժիսորներն ու հանդիսատեսը՝ կատակերգական կերպարներում: Թատրոնի խաղացանկումս երբեք մելոդրամա չեմ ունեցել, քանի որ հիմա սրտումս մեծ սեր կա, դա փորձում եմ կիրառել նաև բեմում և ինձ տեսնում եմ սիրո հրաշալի պատմության մեջ: Հոգեվիճակս այդպիսին է: Երբևէ չեմ մտածել, որ սիրահարի կերպար մարմնավորելու ցանկություն կունենամ, որովհետև մինչ սիրահարվելս կարծում էի, որ դա այնքան էլ հետաքրքիր աշխատանք չէ: Սակայն հիմա, երբ ամբողջությամբ վայելել եմ սիրո զգացումը, կարծում եմ, որ ամենաբարդն իսկական սիրահարի մարմնավորելն է:
-Իսկ կոնկրետ կերպարներ կա՞ն, որոնց մասին երազում ես:
-Ես ինձ երբեք չեմ ների, եթե 40-50 տարեկանում հետ նայեմ ու հասկաամ, որ ցանկացածս դերերից մեկը չեմ խաղացել: Կա մի պիես, որը մոտակա շրջանում կբեմադրվի, սակայն այդ մասին չեմ խոսի, քանի որ չափազանց վախենում եմ. ես ունեի երազած պիես, որի մասին խոսեցի և այն բեմադրեցին ու այլանդակեցին: Այս պիեսի համար նույնիսկ գլխավոր հերոսին եմ ընտրել' բոլորին շատ հայտնի հրաշալի դերասան է, թեև այդ ինքը դեռ չգիտի, որ ես իրեն ընտրել եմ:) Շատ ուրախ կլինեմ, եթե ինքը համաձայնի: Երկրորդ երազածս կերպարը, որը մինչև 35-40 տարեկան դեռ կարող եմ խաղալ, Մարգարիտ Գոթյեի կերպարն է:
-Ոչ բոլոր հեռուստադիտողներն են դերասաններին ճանաչում նաև թատրոնից: Հեռուստատեսություն լիարժեք ներկայանալու հնարավորություն ունե՞ս:
- Ես բոլորին հրավիրում եմ թատրոն: Ֆելինին ասում է' ֆիլմը ստեղծվում է սցենար գրելիս և մոնտաժ անելիս, դերասանը ընդամենը խաղալիք է, իսկ թատրոնում' լիարժեք տեր: Եղել են դեպքեր, երբ ֆիլմում, իմ կարծիքով, հրաշալի տեսարան եմ խաղացել, հետո երբ դիտել եմ, հասկացել եմ, որ այդ հրաշալից տեսախցիկը ոչինչ չի վերցրել: Բոլորին թվում է, թե դերասաններն իրենց արածի մասին բարձր կարծիք ունեն, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ ես ինձ չափազանց քննադատորեն եմ մոտենում:
-Սերիալներում գլխավոր դերեր չես մարմնավորել: Հեռուստատեսությունում գնահատվա՞ծ ես:
-Ես միայն գոհ եմ, որ գլխավոր դեր չեմ ունեցել, քանի որ դա մեծ հերոսություն է: Ես ծափահարում եմ բոլոր նրանց, ովքեր գլխավոր կերպարներում են հանդես գալիս ու նաև ցավակցում եմ, որովհետև առաջին հերթին վտանգում են իրենց առողջ ու գեղեցիկ տեսքը: Ստեվերում մնալը ճիշտ է, ժամանակն է ծնում իր հերոսներին: Նույն «Աննա» սերիալում գլխավոր կերպարում լինելը ինձ համար կարող էր ճակատագրական լինել: Այդ նույն ժամանակահատվածում ես սովորում էի վերջին կուրսում և պատրաստում էի դիպլոմային աշխատանքս' «Մակբեթթը» և ահա ինձ բաժին ընկավ գլխավոր հերոսուհու քրոջ կերպարը, որը սերիալային իմ լավագույն կերպարն է: Կարծում եմ՝ դիպլոմային աշխատանքը պետք է ամենալավը լինի, քանի որ որպես դերասանուհի՝ դա քո անցաթուղթն է դառնում: Ես այդ օրն ապացուցում էի' արժանի՞ եմ այդ կարմիր դիպլոմին, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ուսումն ամենակարևորն է: Ես Արմեն Մազմանյանի արվեստանոցն եմ ավարտել և երբ չորրորդ կուրսում էի, սրտի դողով մոտեցա նրան ու հարցրեցի' թույլ կտա՞ք սերիալում նկարվեմ: Եթե ինքը մերժեր, ես չէի համաձայնի: Ցավում եմ, որ այսօրվա ուսանողությունը միայն դրամի մասին է մտածում: Իհարկե, անհրաժեշտ է գումար վստակել, բայց նախ պետք է լավ մասնագետ դառնալ: Առաջին կուրսի ուսանողին կարող ես ներկայացման մեջ խաղալու առաջարկ անել, ու նա միանգամից գումարի մասին խոսի, թեև ոչ բոլորն են այդպիսին: Ես մինչև հիմա ունեմ ներկայացումներ, որոնցում գումարի մասին խոսք լինել չի կարող:
-Որքան էլ չկարևորես հոնորարները, ապրելու համար միջոցներ են պետք: Լա՞վ ես վարձատրվում:
-Մեկն ասել է' ինչու ապրել վատ, եթե կարելի է ապրել լավ. այսօր գումարը մեծ նշանակություն ունի մարդավայել ապրելու համար: Դեմ եմ այն մտքին, որ արտիստը պետք է սովի մատնված ապրի, որպեսզի արվեստի գործեր ստեղծի: Եթե պետք է, ես կարող եմ կոտրտված եղունգներով և կեղտոտ մազերով խաղալ, բայց ինչ վերաբերում է որպես արտիստ ներկայանալուն՝ ես պետք է միշտ անթերի լինեմ, դա իմ պարտքն է հասարակության առաջ, իսկ դրա համար, ցավոք, գումար է անհրաժեշտ: Ես դժգոհ չեմ հեռուստատեսային իմ հոնորարներից, իսկ թատրոնում կշարունակեմ խաղալ, եթե նույնիսկ ինձ չվարձատրեն, և, եթե անգամ, թատրոնում ինձ բարձր վարձատրեն, կշարունակեմ սերիալում նկարվել: Ես ամեն երեկո հուզվում եմ նկարահանումների գնալուց առաջ և ուրախանում եմ դրա համար:
-Սերիալային կերպարներիդ հիմնականում կամակորություն է բնորոշ եղել: Դու կամակո՞ր ես:
-Չէ, ես հնարավորինս հարմարվող, իր նպատակին հասնելու համար ամեն ինչի դիմացող մարդ եմ: Ինչպես ասում էր Նապոլեոնը՝ համբերությունը կյանք է և յուրաքանչյուր բանի քայլ առ քայլ ես հասնում: Դժվարությամբ ձեռք բերածդ դժվար թե կորցնես: Ինչ վերաբերում կամակոր կերպարներին՝ բոլորն էլ գիտեն, որ չորսուկես տարի միևնույն սցենարիստի հետ եմ աշխատել: Գուցե նա ինձ այդպիսի կերպարներում է տեսել կամ ես եմ կերպարս այդ ուղղությամբ տարել, ամեն դեպքում, դա ինձ համար ցավալի է. ես կուզեի բազմաժանր ներկայանալ, քանի որ ինձ տարբեր կերպարներում եմ տեսնում:
-Վերջին շրջանում քեզ համար մեկ այլ զբաղմունք էլ ես գտել՝ նիհարեցման սրահ ես բացել: Ինչո՞վ էր պայմանավորված այսպիսի որոշումը:
-Երբ ծանոթացա ընկերոջս հետ, շփվեցինք, սիրահարվեցինք, սիրեցինք ու սկսեցինք մտածել նույնակերպ, մի օր նա ինձ հարցրեց' իսկ դու ուրիշ հետաքրքրություն չունե՞ս: Ես ինձ շատ վիրավորված զգացի, մտածելով, որ ես այնքան սահմանափակ եմ, որ կարծում եմ, որ դերասանությունից այն կողմ աշխարհ չկա, ինչը սխալ է: Ես այդ պահին իրեն ասացի, որ մագիստրատուրան կերպարվեստի բաժնում եմ սովորել, ու ես նաև արվեստաբան եմ, ինքն ասաց' արվեստի կողքին այլ բաներ չկա՞ն: Ես հասկացա, որ այլ հետաքրքրություններ չունեմ: Եվ մենք ինձ համար նոր հետաքրքրություն մտածեցինք, որը լրջացավ և հասավ բժշկական մակարդակի. ընկերոջս խորհրդով և օգնությամբ նիհարեցման սրահ բացեցինք: Երբևէ չեմ մտածել, որ իմ կյանքում կգա մի փուլ, երբ կհետաքրքրվեմ մի բանով, որն արվեսին մոտ չէ: Պիտի նշեմ, որ նիհարեցման գործընթացի ժամանակ կարողանում եմ իմ աշխատանքը հասցնել արվեստի մակարդակի և նույնքան հաճույք ստանալ, ինչքան բեմում և էկրանին: Ուրխանում եմ, երբ կարողանամ եմ օգնել մարդկանց, որ ազատվեն ավելորդ քաշից:
-Սիրելիիդ ազդեցությամբ շա՞տ բան է փոխվել կյանքումդ:
-Սերն ինձ շատ փոխեց. ինձ նախկինում ճանաչողները հիմա չեն ճանաչում: Առաջ մռայլ էի, մտածկոտ, ամփոփված, չշփվող, ջղային և, մարդկանց կարծիքով, գոռոզ ու մեծամիտ: Դա ինքնապաշտպանական բնազդ էր: Ես ջղային կերպար էի ստեղծել, որը բոլորին վախեցնում էր: Այդ շրջանում շատ էի կարդում և բազմաթիվ գրքերի կարդացած ինֆորմացիան դեռ չէր դասավորվել համապատասխան «դարակներում», ամեն ինչ շատ խառն էր, ես համակարծիք չէի ինձ հետ: Անընդհատ փնտրտուքների մեջ էի, ինքս ինձ փորձությունների էի ենթարկում: Իմ առաջ բարիերներ էի դնում, որ ուրիշները դա չանեն: Ես շփվող էի, բայց հիանալիորեն թաքցնում էի դա ու դրանից հաճույք էի ստանում: Ինձ համար դա ինքնադաստիարակման միջոց էր: Երեք տարի ես այդպես նկարահանվեցի' չշփվելով մարդկանց հետ, ովքեր ինձ շրջապատում էին: Երբ սրտումս սեր բացվեց, սկսեցի պայծառանալ, շփվել, բոլորն ապշած նայում էին: Անհասկանալի բարություն է մեջս մտել, ես երբեք այսպիսին չեմ եղել: Ես ուրախ եմ, որ սերն ինձ այցելեց, որովհետև բացակայությունը շատ վատ տեղ է տանում:
-Իսկ այժմ ի՞նչ բարիեր ես դրել քո առաջ:
- Այս պահին հրաշալի հոգեվիճակում եմ: Բարիերները թող սպասեն:) Հիմա ես լիարժեք վայելում եմ կյանքս, լիարժեք ապրում եմ, որովհետև օգտագործում եմ մարդկային հատկություններս' սիրում եմ, օգնում, հետաքրքրվում, հիանում, զարմանում, սովորում:
Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը