Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենսուրախ կանայք քիչ հնարավորություններ ունեն ղեկավար դառնալու, գրում է tert.am-ը` հղում տալով Inopressa-ին, որն էլ իր հերթին Daily Mail-ին է վկայակոչում:
Գերմանացի գիտնականները հավաստում են, որ կանայք բարձր պաշտոնների հասնելու համար պետք է աչքի ընկնեն խստությամբ, համառությամբ և իշխելու հանդեպ հակվածությամբ: Նույնիսկ ամենաաշխատասեր աշխատակցուհիները ղեկավարի պաշտոն չեն ստանում գենդերային կարծրատիպերի պատճառով, ասվում է հետազոտության մեջ:
Գիտնականները փորձ են անցկացրել տարբեր ոլորտներ ներկայացնող աշխատակիցների շրջանում՝ խնդրելով նրանց ղեկավարի պաշտոնի համար ընտրել իրենց նախընտրած թեկնածուին և թվարկել հնարավոր թեկնածուի հատկանիշները:
Արդյունքում փորձի մասնակիցները խոստովանել են, որ կին թեկնածուներն ունեն մի շարք առավելություններ՝ բանակցություններ վարելու, աշխատակազմի հետ աշխատելու և ռազմավարական ծրագրեր մշակելու հմտություններ, սակայն ղեկավարի պաշտոնում վերջիններս նախընտրել են տեսնել տղամարդ թեկնածուի: Միաժամանակ կանայք, ովքեր «հպարտ» և ոչ թե «կենսուրախ» մարդու տպավորություն են թողել, հավաքել են ավելի շատ միավորներ: