Ladynews.am-ի հյուրասրահում է հաղորդավար Էրիկ Անթառանյանը:

-Ասում են՝ կանայք տղամարդու կյանքում «քաղցր հեքիաթ են», Էրի´կ, Ձեր կյանքում եղած կամ եղող բոլոր կանայք «քաղցր հեքիաթ են» եղե՞լ, թե՞…

-Մարդիկ սիրում են հեքիաթների մեջ ապրել: Եթե նրանք լինեին հեքիաթ, ապա հիմա նրանցից որեւէ մեկի հետ կլինեի: Ես գտել եմ իմ հեքիաթն ու ապրում եմ իմ «Ոսկե քաղաքում»՝ իմ «չքնաղ թագուհու» եւ իմ «փոքրիկ իշխանի»' որդուս հետ:

-Վերջերս հաճախ եք նշում՝ ոչ միայն սիրում եք, այլեւ սկսել եք նորից սիրահարվել Ձեր կնոջն, այդ ի՞նչ եղավ, որ զգացիք՝ նորից սիրահարվում եք, դա Ձեր կնոջի՞ց է, թե Ձեզնից:

-Կա՞ որևէ մեկն, ով երբեւէ կբացատրի՝ումի՞ց, ո՞նց ու ի՞նչ ճանապարհով աճեց իր սիրահարվածությունը… Սերը դեռ կարող է բացատրություն ունենալ սիրհարվածությունը՝ ոչ:

-Ամենախենթ արարքը, որ կատարել եք սիրահարված ժամանակ, ո՞րն է եղել:

-Նեղ անձնական է, չէի ցանկանա պատմել:

-Էրի´կ, ի՞նչն եք ամենաշատն արժեվորում եւ գնահատում կանանց մեջ առհասարակ եւ Ձեր կնոջ մեջ' մասնավորապես:

-Այն ամենն, ինչ գնահատում եմ կանանց մեջ, միավորված է կնոջս՝ Բելլայի կերպարում: Իմ կողքի կինն առաջին հերթին պիտի լիներ գեղեցիկ, անպայման խելացի, պիտի լինի ինձ ընկեր ու սիրուհի և անպայմանորեն՝ Մայր: Երբ ծնվեց տղաս, հասկացա՝ ամենից շատ արժեվորում եմ կնոջ հենց այդ առաքելությունը, իսկ խելացի կինս կարողացավ դրան զուգահեռել պահպանել նաեւ մեր ընկերությունն ու ամուսնական կյանքը:

-Հաճախ եք կոչ անում՝ «եղեք ազատ եւ մի սահմանափակեք ուրիշների ազատությունը», ինքներդ ինչպե՞ս եք վերաբերում ազատություն ասվածին, օրինակ՝ որպես ամուսին, որպես հայր երբեք սահմանափակումներ չե՞ք դնում Ձեր կնոջ եւ երեխայի առջև:

-Իհարկե ո´չ: Կնոջս մասին չխոսեմ, անգամ որդիս, լինելով 2 տարեկան, ինքնուրույն անհատականություն է: Մարդն, աշխարհ գալով, ստանձնում է իր առջեւ դրված առաքելությունը, որեւէ այլ մեկն իրավունք չունի սահմանափակել նրան: Ես կոչված եմ իմ ընտանիքին անընդհատ հրելու,առաջ տանելու, այլ ոչ թե նրանց սահմանափակելու:

-Էրի´կ, սիրո ամենամեծ դրսեւորումը որ պետք է կինն անընդհատ զգա սիրելի տղամարդուց, ըստ Ձեզ՝ ո՞րն է: Ի՞նչ եք Դուք անում, որպեսզի Ձեր կինն անընդհատ զգա Ձեր սերը:

-Ցանկացած կնոջ մեծագույն ցանկությունն է լինել գնահատված եւ ուշադրության կենտրոնում, ուստի՝ ինչ պետք է անի նրա տղամարդը, կարծում եմ՝պարզ է: Իսկ որպեսզի սիրած էակդ զգա քո սերը, պետք չէ հատուկ «ինչ-որ բան» անել, պետք է ուղղակի սիրել:

-Ասացեք խնդրեմ, կանանց իսկապես դժվա՞ր է հասկանալ, թե՞պարզապես տղամարդիկ են շատ պարզ՝ նրանց հասկանալու համար:

-Այո՝, դժվար է, բայց թույլ է այն տղամարդն, ով կընկրկի այդ դժվարության առջեւ, ով գեթ մի պահ կնահանջի ու չի ցանկանա բացել այդ անսպառ գրքի հերթական էջը:

-Կնոջ արտաքինից ի՞նչը կարող է առաջին հերթին արժանանալ Ձեր ուշադրությանը մազե՞րը, աչքե՞րը, երկար ոտքե՞րը …

-Ամեն ինչը….Կինն՝ ինքը:

-Ասում են՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում կին է կանգնած, համամի՞տ եք, Ձեր դեպքում ո՞վ է այդ կինը:

-Իհարկե կինս: Համաձայն եմ՝ այդպես է: Համո Սահյանից մեջբերե՞մ, թե՞ Սեւակից կամ ինչու՞, հենց ինքս էլ կարտահայտվեմ: Այո՛, ու եթե հանկարծ մի օր չգիտակցես ու չգնահատես, կկորցնես հաջողությանդ ճանապարհը:

-Ե՞րբ է Ձեր կնոջը հաջողվում Ձեզ հունից հանել, նյարդայնացնել, նման պահեր լ ինո՞ւմ են:

-Մեքենա վարելիս (ծիծաղում է): Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ «իդեալական» չէ:

-Ինչպե՞ս եք վերաբերում տղամարդ-կին հավասարությանն ընտանիքում եւ ընդ հանրապես, ի՞նչ լավ կամ վատ հետեւանքներ դա կարող է ունենալ:

-Կարծում եմ՝ ամեն զույգ ինքը պիտի գնահատի իր ռեսուրսներն ու ինքը պիտի որոշի իրենց փոխհարաբերությունների սահմանագիծը. դա պետք է գծել հստակ եւ ամենակարեւորը՝ հարգել մյուսի տարածքը:

-Ամուր եւ ներդաշնակ ընտանիք ունելաու համար անհրաժե՞շտ է…

-Փոխադարձ սեր ու վստահություն, եւ ամենակարևորը՝ բարձունքները միասին հաղթահարելու ուժ եւ պատրաստակամություն:

Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի