Վեց տարվա ընկերությունից հետո միայն ընտանիք կազմած Լիդիա-Գագո զույգին կհիշես հեռուստաեթերից, երբ նրանք վարում էին «Tatoo Art» հաղորդումը: Այս զույգի կյանքում ճակատագրական էր թատրոնի դերը. ամեն բան սկսվել է Դրամատիկական թատրոնից, որտեղ էլ Լիդիան հանդիսատեսից «դարձավ» թատրոնի դերասանուհի:

Զույգին միմյանց հետ ծանոթացրել է հայտնի հաղորդավար Սուրեն Փահլևանյանը, ով Գագոյի մտերիմ ընկերներից է: Շատ զույգերի պես Գագոյի ու Լիդիայի հարաբերություններն ինքնըստինքյան են ստացվել. սկզբում շատ լավ ընկերներ էին՝ այնքան մտերիմ, որ շատերի կարծիքով' սիրային զույգ էին: Ընկերությունն ու շփումը հետագայում ինքնաբերաբեր վերածվել է սիրային հանդիպումների: «Մենք միշտ միասին էինք, թատրոնում փորձի էինք գնում: Բայց այնքան հետաքրքիր էին մեր հարաբերությունները… առանց սիրո խոստովանության, անգամ ամուսնության առաջարկ չի եղել,- պատմեց Լիդիան, իսկ Գագոն հավելեց,- ճիշտ է, ամուսնության առաջարկությունը շատ սիրուն բան է, բայց, իմ կարծիքով, կարող է այլ տարբերակ էլ լինել: Պարզապես մարդիկ այնքան են մտերմանում ու հասկանում միմյանց, որ խոսքերի կարիք չի լինում: Կարծում եմ, առաջարկություն անելիս Լիդիան արդեն մտածում էր, որ նման բան կարող է լինել: Մեզ մոտ ամեն բան շատ հարթ է եղել»: Զույգի պնդմամբ' իրենց կյանքում ծրագրված բաներ չեն եղել:

Նրանց հարսանյաց հանդեսից արդեն երկուսուկես տարի է անցել: Ի դեպ, Գագոն և Լիդիան հասակակիցներ են ու միմյանց հանդիպել են 18 տարեկանում: Գագոյի խոսքերով՝ երբևէ չի էլ մտածել, որ կամուսնանա 24 տարեկանում, սակայն այժմ շատ ուրախ է, որ բախտը ժպտացել է իրեն ու հանդիպել է Լիդիային: «Թեև փոքր էինք տարիքով, սակայն պարզապես սիրել ենք իրար ու փորձել ենք ամեն բան միասին ստեղծել»,- ավելացրեց Լիդիան: Նրանք այն զույգերից են, ովքեր փորձել են համատեղ աշխատանքի ու ընկերության տարիների ընթացքում աշխատել և ամեն բան իրենց ուժերով անել: Ամուսնությունից հետո էլ նախ փորձել են կայանալ որպես ընտանիք ու նոր միայն մտածել դրա համալրման մասին:
Նրանց հարսանիքն անցել է ըստ Լիդիայի ռեժիսուրայի: «Այդ ընթացքում Գագոն գումար էր աշխատում, որ այդ ամենը կազմակերպեինք, իսկ ես նրա մյուս մտերիմ ընկեր ՙՎիտամինի՚ Տիգրանի հետ պատրաստվում էինք հարսանիքին»,- նշեց Լիդիան, ում ցանկությամբ իրենց հարսանիքը տարբերվել է հայկական ավանդական հարսանիքներից: Նախ հարսի և փեսայի բակում ավանդական զուռնա դհոլին փոխարինել է սիմֆոնիկ նվագախումբը: Հարսի մեքենայի փոխարեն զույգն ընտրել է կառքով նժույգ: Քանի որ այս զույգի կյանքում մեծ նշանակություն է ունեցել Դրամատիկական թատրոնը, նրանց հարսանիքի քավորը թատրոնի տնօրեն Արմեն Խանդիկյանն էր:

Անդրադառնալով զույգի կյանքում թատրոնի դերին՝ ասենք, որ թեև Լիդիան սովորում էր Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժնում, սակայն դա չխանգարեց նրան հայտնվել թատրոնի բեմում, ինչի մասին շատ էր երազում: «Մեր ծանոթությունից որոշ ժամանակ անց հանդիպեցինք թատերական ինստիտուտում, որտեղ սովորում էինք ես ու Լիդիայի ընկերուհին: Լիդիան ինձ առաջարկեց գնալ տիկնիկային թատրոն, որից հետո խոստովանեց, որ ինքն էլ կուզենար խաղար թատրոնում, սակայն, ափսոս, որ իրեն թույլ չեն տվել: Այդ նախադասությունը ֆիքսեցի, ու երբ առիթ եղավ թատրնում նոր մարդկանց ներգրավելու, առաջարկեցի Լիդիային: Այդ ժամանակ արդեն սիրահարվել էի»,- խոստովանեց Գագոն:

Այժմ երկուսն էլ նույն թատրոնի դերասաններ են: Ինչպես նշեցինք, բացի թատրոնից, Գագոն և Լիդիան այլ համատեղ հետաքրքրություն և աշխատանք ունեն: «Երբ ես ու Լիդիան հանդիպեցինք, ինձ դերասանուհի Լիկա Մեսրոպյանն արդեն առաջարկել էր աշխատել նորաբաց տատու սրահում: Ինքս ավարտել եմ թատերականի նկարչության բաժինը, իսկ նկարչությունը շատ կարևոր է տատու արվեստում: Այդ ընթացքում ես և Լիդիան հանդիպում էինք, միասին թատրոնի փորձի գնում, այնուհետև գալիս տատու ակումբ: Այդպես սկսեցինք համատեղ աշխատել»,- նշեց Գագոն: Ըստ նրա՝ համատեղ աշխատանքը չի խանգարել կամ ազդել իրենց հարաբերությունների վրա: «Արդեն մի քանի տարի շարունակ մենք միասին ենք և´ թատրոնում, և´ տատու ակումբում ու սովոր ենք անընդհատ միմյանց ներկայությանը»,- եզրափակեց դերասանը:

Այժմ զույգը սպասում է իրենց առաջնեկին