«Նա ունի լայն դիապազոնով հրաշալի ձայն, նրա կատարումը դյութում է կրքի և սվինգի անզուգական զգացողությամբ»:
Ալեքսեյ Բատաշև:
Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955թ. հունիսի 3-ին, Երևանում: Երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երաժշտական առաջին փորձերը սկսել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ գործում էր նաև երգչախումբ: Դպրոցն ավարտելուց հետո, դարձել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն՝ որպես խմբավար:
Առաջին անգամ հայտնվելով մեծ բեմում 70-ականներին Պետական նվագախմբի կազմում՝ Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ, Տաթևիկ Հովհաննիսյանն անմիջապես աչքի ընկավ:Իննը տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի: Այդ տարիներին նա խիստ պահանջարկված էր. ելույթ էր ունենում ձայնագրվում էր Իգոր Բրիլի անսամբլի, Թիիթ Պաուլուսի էստոնական տրիոյի, Գունարա Ռոզենբերգի՝ Ռիգայի բիգ-բենդի հետ, նրա ձայնը հնչել է ռադիոյով և հեռուստատեսությամբ:
80-ականներին ճակատագրի բերումով Տաթևկ Հովհաննիսյանը հայտնվեց ԱՄՆ-ում և բնակություն հաստատեց Նյու Յորքում: Նրան հաջողվեց ջազի հայրենիքում նույնպես ապացուցել սեփական «ես»-ը, և այս բոլոր տարիներին հավատարիմ է իր կոչմանը՝ երգում է ջազ:
Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում: Նրա համար երգեր է գրել հայտնի ժամանակակից երգահան Միշել Լեգրանը: Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով: Բնակվում է Նյու Յորքում: