«Կարիերան իմ ողջ կյանքը չէ: Ես այն թողում եմ դռների ետևում, երբ տուն եմ գալիս: Եվ դա այն բանն է, որը երբեք չի փոխվի»:
Այս տարի «Գրեմմի» 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ բրիտանացի երգչուհի Ադելը ռեկորդ սահմանեց' ստանալով 6 մրցանակ առաջադրված 6 անվանակարգերում:
Բացի երաժշտական փայլուն տվյալներից, նա կարծես ասպարեզ բերեց նաեւ փոփ աստղի գնահատման նոր չափանիշներ: Ադելի գլխապտույտ հաջողությունից հետո ողջ աշխարհը հասկացավ կամ նորից հիշեց, որ պարտադիր չէ ունենալ 90- 60- 90 չափսերին ձգտող մարմին կամ լինել սեքս խորհրդանիշ ու ինտիմ լուսանկարների հերոսուհի, որ քեզ «գնահատեն»:
Ադել Լաուրին Ադկինսը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Լոնդոնի հյուսիսում: Մայրը անչափահաս է եղել, երբ հղիացել է, իսկ ընդամենը 3 տարի հետո երեխայի հայրը լքել է նրանց, ինչի մասին Ադելը մինչեւ հիմա ցավով է խոսում' չներելով հորը:
«Մայրս այնքան հպարտ է ինձով, այնքան ուրախ, որ ինձ այդքան երիտասարդ տարիքում է ունեցել, չնայած որ չի կարողացել աջակցել: Ես նրա երազն եմ: Շուտով կլրանա նրա 40-ամյակը , նրան 40 նվեր եմ գնելու»:
Ադելի մանկությունն անցել է քաղաքից քաղաք տեղափոխվելով, իսկ երգել սկսել է դեռ 4 տարեկանից: Առաջին անգամ ելույթ է ունեցել դպրոցական բեմում, որտեղ կատարել է Գաբրիելի «Վերելք» (Rise) հիթը: Այդ ժամանակ դպրոցական աղջիկը իր սիրելի կատարողների ' Էթթի Ջեյմսի և Դասթի Սպրինգֆիլդի ազդեցության տակ էր, չնայած հետո մերժել է' ասելով, որ նրանց ձայնագրությունները պատահաբար են միայն իր ձեռքն ընկել:
Կենտրոնական Լոնդոն տեղափոխվելուց հետո Ադելի կյանքը բեկումնային շրջադարձ է կատարել: Նրանով սկսել են հետաքրքրվել R&B ոճի արտիստներ, ինչպիսիք են Aaliyah-ը, Destiny's Child-ը և Mary J. Blige-ը:
Ինչպես մի անգամ նշել է Ադելը, իր կյանքի ամենահիշարժան պահերից է եղել, երբ ինքը Pink-ին տեսել է Brixton Academy-ում երգելիս: ««Missundaztood» երգի ձայնագրությունն էր, իսկ ես երևի 13 կամ 14 տարեկան կլինեի: Կյանքումս նման ձայն չէի լսել: Կարծես ես մութ թունելում էի, ու ինչ-որ ձայն ինձ ուժեղ հարվածում էր: Դա ուղղակի անբացատրելի է»: 2006 թվականին երիտասարդ աղջիկը ավարտում է Բրիտանիայի BRIT School for Performing Arts & Technology դպրոցը, որտեղ սովորում է հայտնի կատարողներ Էմի Ուայնհաուսի, Քեթի Մելուայի, Լեոնա Լյուիսի և շատ ուրիշների հետ: Չանցած 4 ամիս, ձայնագրում է երկու նոր երգ: Միանգամից հռչակ է բերում նրան իր Hometown Glory երգը, որը 2007 թվականին դառնում է հիթ: Մեկ տարի անց նա իր երկրպագուների դատին է ներկայացնում իր տարիքով անվանած դեբյուտային ձայնասկավառակը' «19»: Ալբոմի ամենահայտնի երգը' Chasing Pavements-ը, Մեծ Բրիտանիայի «Albums chart» –ում մեծ ձեռքբերումներ ունեցավ և այնուհետև նաև տեսահոլովակ: Հետո ալբոմը պատրաստվեց ամերիկյան շուկայի համար, ուր ներխուժեց 2008-ին: Իսկ ահա 2009-ին նա առաջադրվել էր աշխարհի ամենահայտնի մրցանակաբաշխությունում' «Գրեմմի»-ում, որտեղ դարձավ միանգամից երկու անվանակարգի հաղթող' «Տարվա հայտնություն» և «Կանացի լավագույն կատարում»:
Երկու տարի անց Ադելը ներկայացրեց իր երկրորդ ալբոմը, այս անգամ' «21»' «19»-ի նմանությամբ: «Ես շատ հուզված եմ, նյարդայնացած, մտահոգված, քանի որ ներկայացնում եմ իմ նոր ալբոմը: Այն տարբերվում է «19»-ից , չնայած որ նույն բանի մասին է, ուղղակի' այլ լույսի ներքո: Ես սկսել եմ ամեն ինչին այլ կերպ նայել»,- ալբոմի շնորհանդեսին ասել էր երգչուհին: Սա այն ալբոմն է, որը աշխարհի ամեն անկյունում մեծ պահանջարկ է վայելում ու արդեն 17 մլն օրինակով վաճառվել է:
Ադելը Vogue ամսագրին «Գրեմմի»-ից հետո տված հարցազրույցում խոստովանեց, որ իր այս հաջողությունների համար պարտական է իր նախկին ընկերոջը, այն ցավին , որ պատճառել է նա: Այդ տառապանքը ծնունդ տվեց մի շարք երգերի, որոնք հիմա դարձել են հիթեր: «Իմ նախկին ընկերը փոխեց իմ ամբողջ կյանքն այնպես, որ նույնիսկ չէի էլ կարող ենթադրել: Եթե ես նրան չհադիպեի, հավանաբար չէի ունենա այն հաջողությունները, որոնցով հիմա ես հպարտանում եմ: Բաժանվելուց հետո հասկացա, որ մինչև այդ 18-ամյա աղջիկ էի, իսկ հիմա գիտեմ, թե կյանքից ինչ եմ ուզում եւ ինչ պահանջներ ունեմ ինքս ինձնից»,- նշել է երգչուհին:
«Գրեմմի»-ից հետո երգչուհին հայտարարեց, որ որոշ ժամանակով հանգիստ է վերցնում մինչև իր նոր' երրորդ ալբոմի աշխատանքները սկսելը: «Ուզում եմ որոշ ժամանակ ուղղակի ոչինչ չանել: Ես երևի 25 կամ 26 տարեկան կլինեմ, երբ լույս կընծայեմ իմ 3-րդ ալբոմը: Իսկ հիմա մի տեսակ ուզում եմ տուն գնալ, մնալ այնտեղ: Ես կանհետանամ և միանգամից կհայտնվեմ նոր' բավական լավ ալբոմով»: Ադելը հայտարարեց, որ վերջապես կարող է դասավորել նաեւ անձնական կյանքը 37-ամյա ընկերոջ' Սայմն Կոնեցկիի հետ. լարված աշխատանքների պատճառով նրանց հարաբերությունները շատ էին տուժել:
Սայմնին նա անվանում է հրաշալի մարդ, ով իր կողքին գտնվեց եւ սատարեց իր կյանքի ամենածանր պահերից մեկի ժամանակ' վիրահատվելիս: Խոսքը ձայնալարերի վիրահատության մասին է: «Ձայնս կորավ միանգամից: Ես ստիպված էի օրերով նստել մութ սենյակում: Ամեն ինչ անում էի ինչպես մնջախաղում»:
«Գրեմմի»-ից հետո նորաձեւության մասին կայքերն ու ամսագրերը սկսեցին քննարկել Ադելի համեստ հագուկապը և մի փոքր էլ ավել քաշը: Բայց երգչուհին առանց երկմտելու արժանի հակահարված է տալիս բոլորին: «Ես սիրում եմ Johnny Cash –ի հագուստները, միայն հագնում եմ սև զգեստներ»: «Իմ կյանքը լի է դրամատիզմով և ես ժամանակ չունեմ մտածելու, թե ինչպիսի տեսք ունեմ: Ես չեմ սիրում գնալ սպորտդահլիճներ, շատ եմ սիրում լավ ուտելիքներ, համեղ գինի: Եթե նույնիսկ ես անթերի կազմվածք ունենայի, ես չէի ցուցադրի իմ բարեմասնությունները ինչ-որ մեկի համար»: Ադելի կարծիքով' տգեղ չէ, երբ նայում ես Լեդի Գագայի և Քեթի Փերիի կրծքերին և հետույքին, բայց իր երգը ոչ թե աչքերի համար է, այլ ականջների: Ադելը բազմիցս նշել է, որ ոգեշնչվել է հատկապես Բեյոնսեի երգերից: Տպավորիչ է եղել նաեւ իր ոգեշնչման աղբյուրի հետ առաջին հանդիպումը. «Ես պատրաստվում էի հանդիպել Բեյոնսեին, ու մեծ վախ կար: Հանդիպումից հետո Բեյոնսեն ասաց. «Հիանալի է. երբ լսում եմ քեզ, ինձ թվում է' լսում եմ Աստծուն: Այդ խոսքերից հետո ես դուրս եկա պատշգամբ ու սկսեցի հիստերիկորեն լաց լինել»:
Ասում են' մեծ փոթորկից առաջ միշտ էլ խաղաղ է լինում: Դե ինչ, սպասենք Ադելի նոր հիթային փոթորիկներին:
Մարդիկ շարունակում են խոսել իմ քաշի մասին, բայց ես չեմ պատրաստվում փոխել իմ չափսերը, որովհետեւ ինչ-որ մեկն ուզում է դա: Ես երգեր եմ գրում երաժիշտ լինելու համար, ոչ թե որ մի օր հայտնվեմ Playboy-ի շապիկին:
Ես սիրում եմ ունկնդրել իմ հանդիսատեսի շնչառությունը:
Ինձ դուր է գալիս գեղեցիկ լինել, հարդարել դեմքս, մազերս, բայց հարմարավետ եմ զգում ինձ նորաձևությունից դուրս: Ես նիհար աղջիկներին գրավիչ չեմ համարում: Եղեք գեղեցիկ և առողջ: Ես խնդիր չունեմ իմ արտաքինի հետ: Ավելի լավ է' հանգիստ ճաշեմ իմ ընկերների հետ, քան այցելեմ սպորտդահլիճ:
Ես կարծում եմ, որ այն գլխավոր հատկանիշը, որով ինձ առանձնացնում են մնացած կատարողներից այն է, որ իմ կյանքը այդքան չեն քննարկում: Իմ բախտը բերել է, որ դա իմ առօրյայի մի մասը չէ:
Հասմիկ Մելիքսեթյան