«Եվրահանձնաժողովը կհատկացնի ավելի քան 1.2 միլիարդ եվրո գումար մարդու ուղեղի հնարավորինս ճշգրիտ համակարգչային մոդելը ստեղծելու համար, որը կմիավորի այդ օրգանի վերաբերյալ բոլոր գիտելիքները: Նախագծի վրա շուրջ 80 գիտնականների խմբեր կաշխատեն Եվրոպայում, Իսրայելում և ԱՄՆ-ում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը»- գրում է tert.am-ը:
Նախագիծը կրում է Human Brain Project անվանումը, իսկ նրա ֆինասնավորման ծավալները հնարավորություն են տալիս այն համեմատել դեպի Լուսին կամ Մարս կատարած ուղևորության հետ:
Շվեյցարական Լոզանում հատուկ այս հետազոտության համար կկառուցվի Neuropolis անունը կրող հսկայական գիտական կենտրոն: Ուղեղի մոդելը պատրաստելու համար կօգտագործվի Եվրոպայի ամենահզոր Juqueen գերհամակարգիչը:
Ըստ գիտնականների, մարդու ուղեղի 3D մոդելը կստեղծվի 10 տարիների ընթացքում: Դրա համար պետք է նեյրոկենսաբանության ոլորտի բոլոր գիտելիքները միավորել ժամանակակից թվային տեխնոլոգիաների հետ: Սակայն գիտնականների իրական նպատակը ոչ թե ուղեղի մոդել ստեղծելն է, այլ ուղեղի խորը հետազոտումն է:
Սակայն մի շարք գիտնականներ հոռետեսորեն են մոտենում նախագծին: Ըստ նրանց, տեխնոլոգիաները և գիտելիքները չեն հասել անհրաժեշտ մակարդակի, իսկ ուղեղի իրական մոդելը հնարավոր կլինի ստեղծել ոչ շուտ քան 20-30 տարի հետո: