Տոկիոյի պետական համալսարանի մասնագետների խումբը մշակել է մի դիագնոստիկ սարքավորում, որն ունակ է մոտ 5 վայրկյանի ընթացքում ախտորոշել, թե մարդը գրիպով կամ այլ սուր հիվանդությամբ տառապում է, թե՞ ոչ: Այս մասին այսօր գրել են ճապոնական թերթերը:
Ճապոնացի գիտնականների այս հայտնագործությունն արտաքնապես հիշեցնում է սովորական նոութբուք: Սարքավորման օգնությամբ հետազոտություն անցնելու համար անհրաժեշտ է ձեռքի ափը դնել հատուկ դրա համար նախատեսված վայրում և որոշ ժամանակի ընթացքում անշարժ պահել: Ախտորոշման ժամանակ սարքավորումը կիրառում է 3 տարբեր սենսորներ և միաժամանակ չափում է մարմնի ջերմաստիճանը, զարկերակը, ինչպես նաև շնչելու և արտաշնչելու քանակը: Ախտորոշումը տրվում է 5-10 վայրկյանների ընթացքում:
Սարքավորման ստեղծողներն ընդգծում են, որ այս սարքավորման ախտորոշումը բարձր ճշգրտություն ունի և նրան հեշտ չէ խաբել, եթե նույնիսկ ջերմությունն իջեցվել է ջերմիջեցնողի միջոցով:
Թե երբ այս ախտորոշիչ սարքը կհանվի վաճառքի, դեռևս չի հաղորդվում: