Գիտնականների կատարած վերջին հետազոտությունները պարզել են, որ Արևելյան և Հարավային Աֆրիկայում միլիոնավոր տարիներ առաջ հրաբխային ժայթքումների և տեկտոնական տեղաշարժի պատճառով տեղի ունեցած լանդշաֆտային փոփոխությունները կարող էին պատճառ հանդիսանալ, որ մեր նախնիները սկսեն քայլել: Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում անելով Russia Today-ին, որն էլ իր հերթին ներկայացնում է Antiquity պարբերականում հրապարակված արդյունքները:

Նոր հետազոտությունը հերքում է նախկինում ընդունված այն վարկածը,թե նախամարդուն կանգնել ստիպել են կլիմայական փոփոխությունները: Ավելի վաղ գիտնականները տեսակետ էին հայտնում, որ կլիմայական փոփոխությունները հանգեցրել են ծառերի և անտառների կրճատմանը, ինչի հետևանքով կրճատվել է մարդկանց բնակության համար նախատեսված տարածքները:

Այժմ հնագետներն այլ եզրակացության են եկել: «Նախամարդու՝ ուղիղ կեցվածքով քայլելուն նպաստել է հարմարվելը միջավայրին, այլ ոչ թե անտառների քանակի նվազմանը», հայտնել է Անգլիայի Յորք քաղաքի Հնագիտության համալսարանի դասախոս Իզաբել Վինդերը:

Փոփոխված լանդշաֆտի պայմաններում ընկնելուց խուսափելու համար մեր նախնիները ստիպված են եղել քայլել ուղղահայաց կեցվածքով, իսկ նրանց ոտքերը ժամանակի հետ սովորել են տանել մարմնի մեծ մասի ծանրությունը: