Ստորև ձեզ ենք ներկայացնում Մուշեղ Գալշոյանի «Բրաբիոն ծաղիկ որոնողը» հոդվածը, որը գրվել է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 70-ամյակի առիթով և ընթերցվել հեղինակի կողմից Դաշտենցի հոբելյանական հանդեսին Հայաստանի Գրողների Միության դահլիճում, 1980թ. Մայիսի 22–ին:
Վիլլիամ Սարոյանը իր գրքերը համարում է մարդկանց ուղղված նամակներ։ Սարոյանը աշխարհի գրողն է, աշխարհի մարդկանց ընդունում է որպես իր բարեկամները և իր բազմաթիվ նամակները ուղղում է նրանց՝ մոլորակի բնակիչներին:
Սարոյանի երկրակից Խաչիկ Դաշտենցը իր րնթերցողներին ուղղեց երկու «նամակ». «Խոդեդանը» և «Ռանչպարների կանչը»։ Վերջինը ընթերցողներին հասավ հեղինակի մահից հետո, բայց հասավ հեռագրի պես։ Եվ Դաշտենցը իր «նամակները» հասցեագրեց ոչ թե աշխարհի բոլnր մարդկանց, այլ հատկապես կամ ավելի ճիշտ՝ միայն ու միայն մեզ, իր ազգակիցներին: Եթե «Խոդեդանն» ու «Ռանչպարների կանչը» թարգմանվեն աշխարհի բոլոր լեգուներով, միևնույնն է, մեզ են ուղղված։ Դրանք կորստի ու ցավի նամակներ են, իսկ այդ կորստի ու ցավի տերը մենք ենք, սիրո ու կարոտի նամակներ են, իսկ այդ կարոտը միայն մերն է, նամակները «հայոց դաժան լեռներում» բարկացած քայլող «աստվածների» մասին են՝ հայ ֆիդայիների, որոնց ըմբոստ ճակատները դեռ մենք պետք է համբուրենք, և նրանց ոգու ժառանգորդները մենք ենք, նամակները թլոր Դավթի ձեռքով շինված ջրաղացի մասին են, իսկ Տալվորիկի ձորում լռած հեքիաթի տերը քեռի Թամոն էր:
Դաշտենցի վեպերը Դավթի ջրաղացի ասացող-ջրադացպան քեռի Թամոյի հեքիաթներն են։ «Խոդեդանի» և «Ռանչպարների կանչի» վերնագրված հատվածները, իրոք, հեքիաթների շարուկ են։ Այդ հեքիաթներր կարող ենք ետ ու առաջ պատմել, այսինքն՝ տեղափոխել շատ հատվածներ, տեղափոխել նաև՝ մի վեպից մյուսը, կարող ենք նույնիսկ երկու վեպերը ամփոփել նույն կազմի մեջ... Մեզնից հեռացած նույն լեռների, այդ լեռներից հեռացած և արդեն աշխարհից հեռացած նույն մարդկանց մասին նույն ու մեկ ասքն է հասցեագրել մեզ Խաչիկ Դաշտենցը:
Չկան հատուկ ընտրված հերոսներ՝ դրական ու բացասական, և բախում. Դաշտենցի հերոսները իրական են և հեքիաթային, իսկ բախումը՝ չարի ու բարու բախում. չկա ավանդական վեպի սկիզբ ու վերջ. սկիզբը առասպելն է կամ հեքիաթը, վերջը՝ աոասպելական կամ հեքիաթային իրականությունը, չկա ուրեմն դեպի հատուկ նպատակ գնացող սյուժետային ուղիղ գիծ, իսկ րնթացքը էպոսի փլվածքներն ու թռիչքներն են, չկա գեղարվեստական հնարանք, իսկ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի, դա հեքիաթային պատումն է։ Եվ դա հենց այդպես էլ պետք է լիներ. Խաչիկ Դաշտենցը պատմում է իր մանկության աշխարհի մասին. իսկ մանկությունն ինքն է հեքիաթ, պատմում է աոասպելից ծնված և առասպել ղարձած մի երկրի մասին. իսկ աոասպելն ինքն է հեքիաթ, և, վերջին հաշվով, այդ աշխարհը իրոք հեքիաթային էր՝ իր բնությամբ, իր պատմությամբ, իր տոհմիկ ժողովրդի բնական-նախաստեղծ-հեքիաթային կյանքով։ — Uև սարի հոտաղը չոր փայտը ձեռքին վազում է դեպի կայծակը՝ կրակ բերելու։ Անտառին մանանա է իջել, և մարդն ու արջը նույն ծառից մանանա են ուտում. նրանք միմյանց չեն խանգարում. նույն սարի ծնունդ են, և մանանան երկնքից նրանց համար է իջել։ Մշուշի ծվենները Մշո դաշտից բարձրանում են դեպի Սև Սար. Մեղրագետում Աստղիկի ծոռնեծոռներն են լողանում, ե հովիվ Խոդեդան-Ասատուրը գետում լողացոդ այդ Աստղիկներից մեկի կճուճը փախցրել է. կճուճի տերը ո՞վ է՝ իր հարսնացուն պետք է լինի, և Ասատուրի մահակակից հովիվ Տոնեն, կճուճը չամիչով լցրած, որոնում է տիրոջը։ Մի պառավ դռանը կանգնած իլիկ է մանում, ծտերը թառել են նրա ուսերին, ծլվլում են. պառավը հասկանում է ճնճղկեղեն և նրանց հետ զրույցի մեջ է. իր և ծտերի երկրում, այն ե՞րբ էր, չարքեր հայտնվեցին, որդին լեռներն է ընկել չարքերի դեմ կռվելու, պաոավը ծտերից որդու մասին է հարցուփորձում։ Թամոյի ջրաղացը Դավթի շինածն է, և քարերը երկնային՝ ոչ մաշվել ունեն, ոչ կռանելու պետք։ Եվ ջրաղացի պատերին նստած ալյուրը հազար տարվա հնություն ունի։ — Առասպելը հայտնվում է որպես իրականություն, իրականությունը դառնում է աոասպել, դժվար է նաև զատել սահմանները՝ որտեղ ավարտվեց աոասպելը և սկսվեց առասպելական կյանքը, որտեդ ընդհատվեց հեքիաթը և սկսվեց հեքիաթային կյանքը: Եվ այդ իրականը ո՞ր ժամանակում է։ Ամեն աղունատիրոջ ալյուրին ասացող Թամոն հազար տարվա ալյուրից խառնում է մի պտղունց, և ժամանակները խառնվում են՝ հազար տարի առաջ անցած օրը գալիս–ձուլվում է ներկա օրվան, դարերը ձուլվում են վայրկյանին, վայրկյանը՝ հավերժությանը, և աղորիքի անկռած քարերը շարունակում են պտտել Սասնա տան հին ու նոր հեքիաթը։ Ժամանակը Դաշտենցի վեպերում ծիածանի կամարն է՝ մի ծայրում հայոց առաջին վեպ «Սասնա ծռերն» է, մյուսում՝ «Խոդեդանն» ու « Ռանչպարների կանչն» են: Եվ ծիածանի աննյութեղեն, շարժուն ու գունեղ կամարով Դաշտենցի վեպի բնակիչները հոսում են դեպի «Սասնա ծռերը» և այնտեղից՝ հայոց առաջին վեպի բնակիչները հոսում են դեպի ասացող դաշտադեմցի Խաչիկի «Սասնա ծռերի» նոր պատումները։ Առասպելական նույն լեռներն ու ձորերն են. լեռներում թափառող քուվի այծերն ու ոչխարները թլոր Դավթի հոտի մնացորդն են, նույնն են գետերը, նույնն է ջրաղացը, հազար տարի առաջ ջրաղացպանն էլի Թամոն է եղել, Պառավի շաղգամի արտը՝ Ոսկեհատի շաղգամի արտն է. Սև սարի բնակիչներից մեկը Ձենով Օհանն է. ահա սուրբ Աղբերիկի կրոնավոր Կաթմոսը նրա կանչից խլացել է. Ասատուրը Սասնա տան հազար տարի առաջվա հովիվն է. ահա Սև սարում գայլ է խեղդում, մի նշանավոր հայ Հալեպ քաղաքում տուն է շինել՝ Դարբին Զենոբը քլունգն առած հասել է Հալեպ, քանդել օտար հողում հիմնած հայ տունը և, ահա, հսկա քլունգն ուսին գալիս է՝ Դարբին Զենո՞բն է, թե՞ քեռի Թորոսը։ Թիկունքը՝ սարին, շեմը՝ քարափին, Զենոբի ժայռեղեն տունը Դավթի բերդն է կամ Դավթի Բերդը Զենոբի տունն է... Անցյալն ու ներկան կապած ծիածանի կամարի տակ թե մի բան է փոխվել, դա այն է, որ Ծովասարում թափառող Դավթի հոտը պակասել է, և չարն է շատացել։ Եվ Թելո Մեսրոպն ու հարևան գյուղացին վեճի մեջ են՝ որքա՞ն է միլիոնը։ Վիճում են ու գնում Սուրբ Աղբերիկ պարզելու, թե որքան է միլիոնը՝ հարյո՞ւր հազար, թե՞ հազար հազար։ Հենց այդքան հայ զինվոր է հարկավոր՝ հայոց լեռները մաքրելու չարքերից... Բայց, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, մի տղա, մեն–մենակ մի ջահել՝ Կարմիր Իրիցու տնից, անունը՝ Արաբո, ձին հեծած կանգնել է Ծիրնկատարին. Սուլթան Համիդին կռիվ է հայտարարել;
Սա հեքիա՞թ է, թե՞ իրականություն:
Մեզ հասած Դավթի հեքիաթը հանկարծ հայտնվում է որպես իրականություն, իսկ իրականությունը, որ թշնամու դեմ մենակ կանգնած Արաբոն է, դառնում է հեքիաթ։ Դավի՞թն է Քուռկիկ Ջալալին հեծած կանգնել Մարութա սարի գլխին, մենակ մի զինվոր, իսկ վարը Մսրա Մելիքի ավարառու բանակն է. թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին։
Այո, նույն Դավիթն է, նույն միայնակ զինվորը:
Հայ ֆիդայական շարժման սկիզբը այսպես հեքիաթային, բայց պատմականորեն ճիշտ, մեզ ներկայացնելով, Խաչիկ Դաշտենցը հարց է տալիս՝ որքա՞ն ժամանակ է անցել, ահա, քսաներորդ դարի մուտքն է, բայց Դավթից մինչև Արաբոն ծիածանի կամարի տակ լեռների ու նրանց մարդ¬կանց ճակատագրում ի՞նչն է փոխվել... Կայծակնահար նույն լեռներն են, չարքերով լցված նույն վիհերը, իր մենակությանը խաչված նույն ժողո¬վուրդը և ըմբոստ ճակատով նույն միայնակ զինվորը՝ անունը Դավիթ թե Արաբո:
Մոսե Իմոն հասել է մինչև Ինգլիզ և քրիստոնյա թագավորից, ի տեղ օգնության, մի օրորոց է ստացել նվեր։ Այդ լեռների պատվիրակը աշխար¬հի հզորներից հզոր ո՛ր թագավորի դուռն էլ գնար, այդ օրորոցը կստանար՝ օրորիր հույսդ:
Հույսը դարձյալ հրաշքն է՝ Պայթող աղբյուրի ակունքից հայտնվող Քուռկիկ Ջալալին, երկրի ընդերքից հայտնվող հրեղեն ձին։
Այդ հրեղեն ձին Արաբոն էր:
Այդ հրեղեն ձին Աղբյուր Սերոբն էր, Սպաղանաց Մակարն էր, Գևորգ Չաուշը, Անդրանիկը, Դժոխք Հրայրը, Սմբատը, Գալեն, Չոլոն, Մորուք Կարոն, Արծիվ Պետոն, Սևքարեցի Սաքոն, Կայծակ Անդրիասր, Տեր Քաջի Ադամը, Կոտո Հակոբը, Լաճկանցի Արթենը, Առղա Զորիկը, Ալադին Միսակը, Բրինդարը, Սեյդո Պողոսը, Արտոնքա Ջնդոն, Մուքոն, Բամբկու Մելոն, այդ հրեղեն ձին Շենիքցի Մանուկն էր, Փեթարա Մանուկը, Փեթարա Թադեն, Փեթարա Ախոն, Փեթարա Իսրոն...
Պայթող Աղբյուրի հրաշքը հայ ֆիդայիներն էին:
Հրեղեն շնչով այրեր, հայրենիքի մատաղացու որդիներ, որ ապրեցին միայն հայրենիքի կյանքով և դեռ իրենց կենդանության ժամանակ դարձան պատմություն։
Պատմական անձնավորութուններ, բայց հայոց պատմության հազիվ լուսանցքում տեղ գտած:
Եվ ահա նրանց առասպելական կյանքը, վեհ ու արդար գործը, հերոսական պատմությունը, որի շունչը այնքան պետք է մեր ժողովրդին, «Ռանչպարների կանչով» մեզ է ներկայացնում հայ ֆիդայիների արդարամիտ պատմաբան Խաչիկ Դաշտենցր։ Եվ ներկայացնում է քննախույզ պատմաբանի հմտությամբ պատմության հերոսներին՝ ծննդավայրերով, կնքանուններով ու պատմություններով, իրադարձությունները՝ կապերով, գործողությունները՝ կոնկրետ ժամանակով և որոշակի տեղերով:
շարունակելի
Նյութը վերցված է Խաչիկ Դաշտենցի կայքից
Նյութը պատրաստեց' Ք. Ա.-ն: