Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում արդեն երրորդ տարին է՝ ինչ Բրիտանական խորհուրդը, միանալով «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնությանը, մայիսի 23-25-ը Երեւանի տարբեր վայրերում կազմակերպում է գրական ընթերցումներ:
Գրական ընթերցումների ընթացքում միաժամանակ համատեղվել են հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը եւ ներկայացման արտասովոր վայրը:
Միջոցառումները մեկնարկել են մայիսի 23-ից:
Այսօր, մայիսի 24-ին մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայարաններում՝ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում դերասան Արսեն Գրիգորյանը ընթերցեց Միացյալ Թագավորության չորս երկրների գրականության լավագույն նմուշները:
Լուրեր.com-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ ընթերցել է Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունները:
Արսեն Գրիգորյանից հետաքրքրվեցին, արդյոք երիտասարդության մոտ շա՞տ էր հետաքրքրությունը դեպի ընթերցանությունը։
«Քանի որ ես ավելի տարված էի ընթերցանությամբ, չէի կենտրոնացել մարդկանց հայացքների և այդ իմպուլսի վրա, բայցև նկատելի էր, որ ներկաների թիվը գնալով շատանում էր: Սկզբում երեք, հետո հինգ, հետո տաս, քսան և այդպես շարունակ»,- ասաց նա:
Վերջինս նշեց նաև, որ սա շատ գեղեցիկ միջոցառում էր և կարևոր երիտասարդների ու հասարակության համար:
Նշենք նաև, որ մայիսի 25-ին՝ ժամը 17:00-ին, արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում, Հյուսիսային պողոտայում՝ Բրիտանական խորհրդի վրանում, կկազմակերպվի թեյախմություն և ընթերցանության ժամ: