Բրիտանական լեգենդար Beatles խմբի հիմնադիրներից Փոլ Մաքքարթնին 2 նամակ է հղել ռուսական իշխանություններին, որոնցում իր աջակցությունն է հայտնել Pussy Riot պանկ խմբի դատապարտված աղջիկներ Մարիա Ալյոխինային և Նադեժդա Տոլոկոննիկովային. գրված է երաժշտի պաշտոնական էջում, մեջբերում է Ria Novosti-ն:
Չորեքշաբթի օրը հայտնի էր դարձել, որ 2 տարվա ազատազրկման դատապարտված Ալյոխինան հացադուլ է հայտարարել' ի նշան դատարանի որոշման դեմ բողոքի, որն արգելում է նրան ներկա գտնվել դատական լսումներին կամ հանդես գալ պայմանականորեն ազատ արձակման համար ներկայացվող միջնորդությամբ:
«Ես վստահ եմ, որ Մարիայի հետագա ազատազրկումը վնաս կհասցնի ոչ միայն նրան, այլև այն ամբողջ իրավիճակին, որի զարգացումներին հետևում են աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մարդիկ»,-գրել է Մաքքարթնին իր նամակներից մեկում: Նա հույս է հայտնել, որ Ալյոխինային ազատ արձակելը դրական ազդանշան կդառնա բոլոր նրանց համար, ովքեր հետևում են այս իրադարձություններին: