Նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին, Փարիզում: Ազնավուրի մայրը' Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը' Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):
Նրա ծնողները էմիգրանտներ էին, որոնք տեղափոխվեցին Ֆրանսիա 1915թ. հայոց ցեղասպանության ժամանակ: Նրանք մտադիր էին մեկնել ԱՄՆ, սակայն վիզա չստանալով ստիպված եղան մնալ Ֆրանսիայում: Այդպես Շառլ Ազնավուրը դարձավ Ֆրանսիայի քաղաքացի:
Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրվել էին իր կողմից 20 տարեկան հասակում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար: Ասում են, որ Ազնավուրը որոշեց դառնալ շանսոնյե այն բանից հետո, երբ նա 9-ը տարեկան հասակում լսեց Շեվալյեի երգերից մեկը:
Նա հայտնվեց երաժշտական Պառնասում 40-ական թվականներին, շատ տաղանդավոր և երիտասարդ կոմպոզիտոր Պիեր Ռոշեի հետ դուետում: Նրանց նկատեց ֆրանսուհի մեծ դիվան' Էդիթ Պիաֆը, ով խնդրեց Ազնավուրին նրա համար երգեր գրել: Շառլը և Պիերը երգչուհու հետ միասին մեկնեցին համերգային շրջագայության Ֆրանսիայով և Ամերիկայով: Պիաֆի հետ ծանոթությունը, Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքի գլխավոր դրթապատճառն էր: Նա մեծ երգչուհուց սովորեց այն ամենը ինչ հնարավոր է սովորել շանսոնի մասին: Պիաֆի պնդմամբ' Ազնավուրը թողեց Ռոշեին և երգեր գրելու հետ մեկտեղ սկսեց երգչի իր անհատական ֆանտաստիկ կարիերան:
Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997): Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։
Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:
2009թ. մայիսի 4-ից' Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից' Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: