Ամերիկյան երկրաֆիզիկական միության անդամներն այս շաբաթ համաժողով կանցկացնեն Մեքսիկայում, որի ընթացքում կներկայացվեն Հոնդուրասում գիտնականների կատարած ուշագրավ բացահայտման մանրամասները։
Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով ibtimes.co.uk կայքին, հնագետները Կենտրոնական Ամերիկայի ջունգլիներում հայտնաբերել են հնագույն քաղաքակրթություն, մասնավորապես՝ նրանց կողմից կառուցված մի շարք քաղաքներ և 18մ բարձրությամբ տասնյակ բուրգեր։ Մասնագետների կարծիքով՝ դրանք կառուցվել են մ.թ. 500թ.։
Կոլորադոյի պետական համալսարանի հնագետ Կրիստոֆեր Ֆիշերը գտնում է, որ քաղաքներն ու բուրգերը կառուցվել են ոչ թե ացտեկների կամ մայաների, այլ ուրիշ քաղաքակրթության կողմից, որը ևս մարդկային զոհեր մատուցելու ավանդույթ է ունեցել։
Կորուսյալ քաղաքակրթության կառուցած քաղաքներն ու բուրգերն ուսումնասիրելու համար մասնագետները կիրառել են LiDAR կոչվող լազերային սարքը, որը կարողանում է ներթափանցել ջունգլիների խիտ սաղարթն ու ամենայն մանրամասնությամբ նկարել փլատակները։