Սոցիոլոգները Facebook սոցկայքի օգնությամբ պարզել են, թե ինչու միևնույն տարիքի տղամարդիկ և կանայք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Պատճառն այն է, որ միևնույն հետաքրքրությունները գրավում են հակառակ սեռի ներկայացուցիչներին տարբեր տարիքում, ասվում է Wolfram Alpha Personal Analytics ընկերության պատրաստած հետազոտությունում, որը ներկայացնում է tert.am-ը՝ հղում տալով newsru.com-ին։

Մասնագետները հիմնվել են սոցկայքում արված գրառումների և «Հետաքրքրություններ» բաժնի վրա։

Արդյունքները ցույց են տվել, որ մեծավմասամբ կանայք տղամարդկանից ավելի շուտ են սկսում հետաքրքրվել այս կամ այն ոլորտներով։ Օրինակ՝ կանայք սկսում են ակտիվորեն կարդալ գեղարվեստական գրականություն միջինը 22 տարեկանում, տղամարդիկ՝ միայն 50-ում։ Իրենց առողջության մասին կանայք սկսում են հոգ տանել սկսած 43 տարեկանից, նրանց զուգընկերները՝ 54 տարեկանից։

Նույնիսկ տեխնիկան կանանց ավելի վաղ է սկսում հետաքրքրել (22 տարեկանում), քան հակառակ սեռի ներկայացուցիչներին (34 տարեկանում)։

Միակ առավելապես տղամարդկանց հետաքրքրությունը սպորտն է։ Ուժեղ սեռի ներկայացուցիչները սկսում են զբաղվել սպորտով սկսած 14 տարեկանից, իսկ կանայք՝ 48 տարեկանից։

Սակայն կան թեմաներ, որոնք արդիական են երկու սեռի ներկայացուցիչների համար միևնույն տարիքում։ Օրինակ՝ նորաձևությունը հուզում է նրանց 16 տարեկանից, իսկ քաղաքականությունը և եղանակը՝ 60 տարեկանից։ Ինչ-որ առումով միավորում է նաև կենդանիների թեման. կանայք սկսում են հոգ տանել կենդանիների մասին 37 տարեկանում, այն դեպքում, երբ տղամարդիկ՝ 6 տարի շուտ։

Չնայած, որ կանայք առաջ են անցնում հակառակ սեռի ներկայացուցիչներից իրենց «հետաքրքրությունների» ցուցանիշներով, նրանց հետաքրքրություններն ավելի մակերեսային են և արագ զիջում են այլ զբաղմունքներին։ Տղամարդիկ, ընդհակառակը, ամեն ինչում հասնում են վերջնակետին։