MRO (Mars Reconnaissance Orbiter) լուսանկարող սարքից Մարսի վրա արված լուսանկարները հնարավորություն են տվել գիտնականներին առաջին անգամ հաշվել, թե տարեկան քանի աստերոիդ է ընկնում մոլորակի վրա, գրում է tert.am-ը`հղում տալով Газета.Ru-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է ՆԱՍԱ-ի հաղորդագրությանը:

MRO սարքը, որը հագեցած է Մարսի ուղեծրի շուրջ պտտվող ամենահզոր HiRISE տեսախցիկով, մոլորակից լուսանկարներ է անում 2006 թվականից ի վեր: Գիտնականները, համեմատելով նույն տարածքում մի քանի տարիների ընթացքում արված լուսանկարները, հայտնաբերել են 248 թարմ խառնարաններ, որոնք առաջացել են առնվազն 10 տարիների ընթացքում:

Ամենափոքր խառնարանների մեծությունը հասնում է շուրջ չորս մետրի. դրանք ձևավորվել են 1-2 մետրից փոքր չափսերի օբյեկտների ընկնելու հետևանքով: Այդպիսի փոքր չափսերի աստերոիդները չեն հասնում Երկիր մոլորակին՝ այրվելով մթնոլորտում, իսկ Մարսի մթնոլորտը ի զորու չէ կանգնեցնել դրանց:

Ստացված տվյալներն ուսումնասիրելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի վրա ամեն տարի ընկնում է շուրջ 200 աստերոիդ: Այս ցուցանիշը նախկինում ստացված արդյունքներից զգալիորեն ցածր է: