Այն մեկը դեռ անտեսանելի էր, իսկ դուք արդեն կռահում էիք նրա գոյության մասին: Երբեմն մարգագետնի կանաչ ծածկույթի տակ աննկատելիորեն առվակ է հոսում. Զբոսնելով' դուք նկատում եք, որ խոտն այդտեղ ավելի խիտ է ու բարձր, իսկ գետինը մի քիչ ծակոտկեն է և թեթևակի նստվածք է տալիս ձեր ոտքերի տակ: Դրանք լոկ նշաններ են, բայց չեն խաբում' ջուրը մոտ է: Կամ էլ երբեմն հիվանդությունից առաջ, երբ բացահայտ նախանշաններ դեռ չկան, դուք սովորական կյանք եք վարում, բայց այնուամենայնիվ ինչ-որ մի տկարություն, անառիթ մի տագնապ արդեն նախազգուշացնում է ձեզ թաքնված վտանգի մասին:
- Այս ի՞նչ է կատարվում ինձ հետ,- ասում եք դուք:- Ես վատառողջ եմ:
Այդպես էր նաև այն ժամանակ, երբ ձեր ամուսինն Ուրիշին էր ճարել: «Այդ ինչ է կատարվում նրա հետ,- մտածում էիք դուք:- Նա առաջվանը չէ»: Մինչև այժմ նա երեկոները պատմում էր ձեզ, թե ինչպես է օրն անցկացրել: Նրան դուր էր գալիս մեջբերել բազմաթիվ մանրամասներ (տղամարդիկ սիրում են պատմել իրենց մասին), նա հաղորդում էր ձեզ իր հաջորդ օրվա պլանների մասին: Կամաց-կամաց նրա երեկոյան «հաշվետվությունները» մշուշոտ դարձան: Դուք սկսեցիք նրա ժամանցի մեջ անհասկանալի ընդմիջումներ նկատել: Ասենք, նա ինքն էլ գիտակցում էր իր բացատրությունների խոցելիությունը: Նա միայն անցողակի էր հիշատակում այս կամ այն ժամի մասին, խճճվում էր: Դուք գլուխ էիք կոտրում. «Ի՞նչ է ուզում թաքցնել»:
Դուք կարծում էիք, թե ամուսնության տասը տարում նրան լավ եք ուսումնասիրել: Դուք գիտեիք, թե նա ինչով է հետաքրքրվում' ծառայությամբ, քաղաքականությամբ, սպորտով, մի քիչ գեղանկարչությամբ և բնավ ոչ գրականությամբ ու երաժշտությամբ: Իսկ այժմ նա հաճույքով էր քննարկում գրքային նորույթները: Հանկարծ անփութորեն հարցնում էր. «Մենք Ստենդալի վեպերն ունենք: Ես հաճույքով կվերընթերցեի դրանք»: Բայց դուք հո գիտեք, որ նա ոչ մի անգամ չի կարդացել դրանք: Նախկինում ձեր արդուզարդի նկատմամբ այնքան անտարբեր' նա սկսեց հարցնել. «Դու ինչու՞ չես հագնում դաջովի կտորից կարված զգեստներդ: Դրանք այնքան գեղեցիկ են»: կամ էլ ասում էր. «Մազերդ ավելի կարճ կտրիր: Այդ ձիու պոչերն արդեն մոդայից դուրս են եկել»: Նույնիսկ նրա քաղաքական հայացքներն էին փոխվել, նա սկսել էր ավելի հանդուրժողաբար վերաբերվել առաջավոր հայացքներին: Սիրո մասին հիմա սկսել էր խոսել մի տեսակ տարօրինակ ու արտասովոր խանդավառությամբ, իր ամուսնության մասին արտահայտվում էր բավականին ցինիկաբար: Մի խոսքով' դուք դադարել եք ճանաչել նրան:
Շուտով վերջին կասկածները փարատվեցին: Երբեմնի ամուր հիմքի տակով այժմ հեղեղ էր հոսում: Այստեղ մեկ ուրիշ կին կա: Բայց ով է նա: Դուք աշխատում եք պատկերացնել նրան, մտովի ստեղծել նրա կերպարը' օգտագործելով այն տեղեկությունները, որոնք ձեր ամուսինը, ինքն էլ այդ չուզենալով, ամեն օր հաղորդում էր ձեզ: Նա, հավանաբար, երիտասարդ է, գեղեցիկ, հիանալի հագնվում է. Կիրթ է կամ հմտորեն ձևացնում է այդպիսին: Կարողանում է ձի նստել (քանի որ ձեր ամուսինը, որը վաղուց արդեն հրաժարվել էր ձիասպորտից, սկսել էր ասել. «Բժիշկն ինձ խորհուրդ է տալիս ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, և ես ուզում եմ նորից ձիով ման գալ»): Այդ կինը հավանորեն , ապրում է Լյուքսեմբուրգյան պալատի մոտերքում. շարունակ պարզվում էր, որ ինչ-որ ամենաճշմարտանման գործեր ստիպում էին ձեր ամուսնուն հայտնվել հենց այդ թաղամաում:
Իսկ այնուհետև մի անգամ ձեր բարեկամների մոտ կայացած ճաշկերույթի ժամանակ դուք նրան տեսաք: Օ’հ: Նրան ճանաչելու համար ձեզ պետք չեկան ոչ առանձին ջանքեր, ոչ էլ խորաթափանցություն: Ավաղ: Բավական էր հետևել ձեր ամուսնու դեմքի արտահայտությանը:
Նա հայացքով շոյում էր այդ կնոջը: Աշխատում էր որքան կարելի է քիչ խոսել նրա հետ, բայց նրանք կարծես պատահմամբ փոխանակվում էին մերթ գլխի հազիվ նկատելի շարժումով, մերթ հազիվ նշմարելի ժպիտով' կարծելով, թե դա ոչ ոք չի տեսնում, իսկ դուք ցավով նկատում էիք այդ ամենը: Տանտիրուհին հաղորդեց, որ այդ ուրիշն ինքն է ցանկացել հանդիպել ձեզ հետ:
- Իսկ ինչու:
- Չգիտեմ… նա շատ է լսել ձեր մասին… Եվ սաստիկ ուզում էր ծանոթանալ ձեզ հետ:
Ձեր զրուցակցուհու շինծու անտարբեր տոնից դուք հասկացաք, որ ինքն էլ գիտի: Դուք միաժամանակ ապշած, վշտացած և մտահոգված էիք, և ամենից առաջ նրա համար, որ այդ կինը համաձակվել էր ոտնձգություն անել ձեր սեփական ամուսնու նկատմամբ: Ձեզ հաշիվ չտալով' դուք վաղուց արդեն համարում էիք, որ նա պատկանում է միայն ձեզ, որ նա ձեր իսկ մի մասն է դարձել: Ձեր աչքում նա արդեն ազատ մարդ չէր, ինչպես մյուսները, ոչ, նա դարձել էր կարծես ձեր մարմինը: Ուստի այդ Ուրիշը ավելի շատ իրավունք չուներ նրան խլելու ձեզանից, քան կտրելու ձեր ձեռքը կամ գողանալու ձեր նշանի մատանին:
Ձեզ մտահոգեց նաև այն, որ այդ Ուրիշը միաժամանակ և նման էր մտովի ձեր ստեղծած կերպարին, և տարբեր էր: Եվ իրոք, բավական էր լսել նրան' անմիջապես կռահելու համար ձեր ամուսնու նոր մտքերի, նոր ձգտումների և նույնիսկ նոր բառերի աղբյուրը: Նա խոսում էր ձիերի, մրցարշավների մասին, մեջբերումներ անում այն գրքերի հեղինակներից, որոնց նկատմամբ վերջերս ձեր ամուսնու մոտ իր համար այնքան անսովոր հետաքրքրություն էր արթնացել: Բայց դուք գտաք, որ նա ավելի երիտասարդ է և, անկեղծ ասած, ավելի 'գեղեցիկ չէ, քան դուք: Թերևս, նա ուներ գեղեցիկ ճակատ, արտահայտիչ աչքեր: Եվ այսքանը: Նրա բերանը ձեզ թվաց զգայական և գռեհիկ: Նրա խոսակցությունն աշխույժ էր, բայց ոչ փայլուն և շուտով ձանձրացրեց ձեզ: «Թե ինչ է նա գտել այդ կնոջ մեջ»,- տարակուսանքով հարցնում էիք ինքներդ ձեզ:
Տուն վերադառնալով դուք անմիջապես հարձակվեցիք ձեր ամուսնու վրա.
- Այդ ի՞նչ ամուսնական զույգ էր: Դու դրանց որտեղի՞ց ես ճանաչում:
- Գործարար հարաբերություններ են,- կմկմաց նա և աշխատեց փոխել խոսակցության թեման:
Բայց դուք հաստատապես որոշել էիք հանել նրա հոգին:
- Ես այդ կնոջը այդքան էլ հաճելի չեմ համարում: դատելով ըստ ամենայնի, նա վերին աստիճանի ինքնագոհ է, բայց ճիշտն ասած' առանց դրա համար առանձնահատուկ հիմքեր ունենալու:
Նա փորձեց զսպել իրեն, բայց նրա հափշտակությունն այնքան ուժեղ էր, որ սկսեց հակառակել ձեզ:
- Ես այլ կարծիքի եմ,- պատասխանեց նա' ձգտելով անտարբեր տեսք ընդունել,- այդ կինը գեղեցիկ է և նրա մեջ շատ հմայք կա:
- Գեղեցի՞կ է: Դու, երևի, լավ չես նայել, թե նա ինչպիսի բերան ունի:
Նա զայրացած թոթվեց ուսերը և որոշ ինքնագոհությամբ պատասխանեց.
- Ընդհակառակը, ես շատ լավ եմ նայել, թե նա ինչպիսի բերան ունի:
Հուսահատության մեջ դուք շարունակում էիք ոչնչացնել (դուք այդպես էիք կարծում) ձեր Մրցակցուհուն: Թե ձեր ամուսինը, թե դուք քնեցիք միայն գիշերվա ժամը երկուսին' հոգնեցուցիչ ու ծանր ընդհարումից հետո: Հաջորդ առավոտյան նա ձեզ հետ շեշտված սառն էր և ասաց.
- Ես տանը չեմ ճաշելու:
- Ինչու:
- Որովհետև ես տանը չեմ ճաշելու: Եվ վերջ: Ես դեռ իմ գլխի տե±րն եմ, թե ոչ:
Այդ ժամանակ դուք հասկացաք, որ նախորդ օրը սարսափելի սխալ եք թույլ տվել: Սիրահարված տղամարդուն իր ընտրյալից չես կտրի' վերջինիս վատաբանելով: Նա տղամարդուն հմայիչ է թվում: Եթե դուք ասեք, որ դա այդպես չէ, նա կորոշի, որ ոչ թե ինքն է խաբվում, այլ դուք չեք կարողանում ճշմարտության աչքերին նայել, իսկ գլխավորը' չեք ուզում դա անել, որովհետև սաստիկ խանդոտ եք:
Ուրիշ կնոջ մասին
Նամակ երկրորդ
Դուք խելացի կին եք և լիովին գնահատեցիք վտանգը: Օ, ձեր առաջին մղումը եղավ նրանց կյանքն անտանելի դարձնելը: Անձամբ սկսել ամուսնուն հետևելը… թե՞ թողնել դա մեկ ուրիշին: Նա էլ ամուսին ունի, որը, հավանաբար ոչինչ չի կասկածում: Դրանից էլ պարզ բան. հարկավոր է նրա մեջ տագնապ սերմանել և ստիպել նրան հետևել կնոջը: Բայց միայնակ մնալով, դուք երկարատև ընկղմվեցիք դառը մտորումների մեջ:
«Այո, խանդի համար ես բոլոր հիմքերն ունեմ, և կարող եմ թունավորել նրանց կյանքը: Բայց դրանով ինչի կհասնեմ: Ամուսնուս աչքում կլինեմ այն, ինչ արդեն եղել եմ նախորդ երեկոյան. ցավալի խոչընդոտ, ձանձրալի, թերևս, նույնիսկ ջադու կին: Մինչև այժմ հակառակ ամեն ինչի' նրան ինձ հետ կապում էին հիշողությունները, սովորությունները և, կարծում եմ, անկեղծ զգացմունքը: Նա զգում էր իր մեղքն իմ առջև, տանջվում, որ տառապում եմ ես, և փորձում քնքուշ վերաբերմունքով մասամբ փոխհատուցել այն բանի համար, որ պատրաստվում էր զրկել ինձ սիրուց:
Պատրաստվում էր… Միայն պատրաստվու՞մ: Դեռևս ոչ մի բան չի ապացուցում, որ նա անդրդվելի չի մնացել: Այդ կինն, ըստ երևույթին, այնքան էլ ազատ չէ. ինքը' առավել քան: Գուցե նրանք դեռևս սահմանափակվում են զբոսանքներով, բարում ունեցած զրույցներով… Եթե ես բարկացնեմ նրան, զգալ կտամ, որ իմ գերին է, մեկ էլ տեսար նա կվճռի հեռանալ ինձանից: Եթե այդ կինն էլ ոտք դնի նույն ուղու վրա, ով գիտի, թե բանն ուր կհասնի: Գուցե մեզ մոտ բանը չհասնի կապերի խզման, սակայն , անզգուշորեն գործելով, ես ինքս կքայքայեմ մեր ընտանիքը, մինչդեռ, մի քիչ համբերություն դրսևորելով…»:
Եվ այստեղ զայրույթի նոր բռնկումից ձեր սիրտը սկսեց բաբախել:
«Եվ այնուամենայնիվ որքան անարդարացի է դա: Ես առանց ետ նայելու իմ ողջ կյանքը տվի նրան: Հարսանիքից հետո ոչ մի անգամ ուրիշ տղամարդու վրա չեմ նայել: Նրանք բոլորն ինձ մի տեսակ կեղծ էին թվում: Նրանք ինձ հետաքրքում էին այնքանով, որքանով կարող էին օգտակար լինել իմ ամուսնուն… Արդոք ես իրավացի էի: Արդյոք ես դրանով իմ նկատմամբ լիակատար հանգստություն չներշնչեցի նրան… Ընկերուհիներս ինձ հաճախ զգուշացնում էին. «Զգուշացիր, տղամարդիկ պիտի հուզմունք և հետաքրքություն ապրեն: Եթե դու դադարես ամուսնուդ համար գաղտնիք լինելուց, նա կսկսի որոնել այն ուրիշ տեղում…»: Մինչդեռ ինձ համար հեշտ էր, ինձ համար դեռ հիմա էլ հեշտ է նրա մեջ խանդ արթնացնել… Չկատարելով ոչ մի վատ բան… Պարզապես ավելի քիչ անտարբերությամբ վերաբերվելով ուրիշ տղամարդկանց քնքուշ խոստովանություններին: Նրա որոշ բարեկամներ փնտրել և դեռ էլի փնտրում են ինձ սիրահետելու առիթներ: «Կարելի՞» է երեկոյան անցնել ձեզ մոտ»,- հարցնում են նրանք:- «Կարո՞ղ եմ արդյոք ձեզ թատրոն տանել, քանի դեռ Ժակը գործարար ուղևորության մեջ է»: ես միշտ մերժում էի, մեկընդմիշտ վճռելով ամուսնուս նկատմամբ անշեղ հավատարմություն պահպանել: Իսկ եթե ես ընդունեի էլ նրանց սիրահետումները, եթե նա իր հերթին մի քիչ տանջվեր, մի՞թե դա նրան մի քիչ չէր հիշեցնի, որ իր կինն էլ հետաքրքություն է առաջացնում ուրիշ տղամարդկանց մոտ, որ նա էլ կարող է դուր գալ:
Դուք խելամտություն կունենայիք այդ պլանը դեն նետելու: Այն անհեթեթ ու վտանգավոր էր: Անհեթեթ, քանի որ չի կարելի հարկադրել սեփական խառնվածքին: Որքան էլ նա մեղավոր լինի, դուք սիրել եք ձեր ամուսնուն, իսկ նրա բարեկամները… բավական էր նրանց մի փոքր ավելի շատ ազատություն տալ, արագորեն նողկանք կառաջացնեին ձեր մեջ: Վտանգավոր է, քանզի հնարավոր չէ կանխագուշակել ձեր ամուսնու արձագանքը: Արդյո՞ք նա կվշտանա, արդյո՞ք կզղջա, եթե նրա մոտ հիմքեր առաջանա զգուշանալու ձեր հրապուրվելուց: Ի՞նչ իմանաս: Արդյո՞ք ընդհակառակը չի ստացվի: Տարված լինելով Ուրիշով, նա կմտածի. «Ավելի վատ իմ կնոջ համար: Մինչև հիմա ես նրան խնայում էի: Բայց եթե նա ինքը շուտով չձգտի փրկել մեր ընտանիքը, նրբախնդրության հարկ չկա: Միմյանց կազատենք»:
Կոկետությունը երկսայրի զենք է: Այն կվիրավորի նրան, ով ձեռքն առնելով, անշնորհք շարժում կկատարի: Դուք դա հասկացել եք: «Բայց ինչպե՞ս վարվել»,- գլուխ էիք կոտրում' մենակ ճաշելով և առաջվա նման անձնատուր լինելով դառը մտորումներին:
«Արդյո՞ք նրանք հիմա միասին են ճաշում: Ինչի մասին են խոսում: Արդյո՞ք նա պատմում է այն տեսարանի մասին, որը ես երեկ սարքեցի, և իմ ինքնամոռացության մեջ արձակածս վայնասունի հակադրությամբ կինն արդյո՞ք նրան չի թվում մի ապաստան, ուր տիրում են անդորր, քանքշություն, երջանկություն… ես նրա մասին այքան վատ բան ասացի… այն ամենը ինչ մտածում էի: Իսկ մենակ ինքս ինձ պետք է խոստովանեմ, որ իմ խոսքերում չկար ոչ օբյեկտիվություն, ոչ արդարացիություն: Ես նրա մասին դատում էի որպես մրցակցուհի, այլ ոչ թե ողջամիտ կին: Կաշխատեմ հասկանալ… Եթե այդ կնոջը չհամարեի թշնամի, որն ընդունակ է կործանել իմ երջանկությունը, ի՞նչ կմտածեի նրա մասին»:
Եվ այդ ժամանակ դուք հերոսական ջանք գործադրեցիք ձեզ տիրապետելու և փաստերի երեսին նայելու համար: Երեկոյան տուն վերադառնալով' ձեր ամուսինը զարմացած ու թեթևացած գտավ ձեզ, միանգամայն հանգիստ վիճակում: Դուք նրան ոչ մի հարց չտվիք: Նա ինքն իր կամքով հուզիչ անճարպկությամբ խոստովանեց , որ նկարների ցուցահանդեսում բոլորովին պատահաբար հանդիպել է Ուրիշին: Դուք չհարցրիք, թե ինչ հրաշքով է նա, որ միշտ այդքան հեռու էր արվեստներից, հայտնվել ցուցահանդեսում: Դուք, ընդհակառակն, ասացիք, որ եթե այդ ամուսնական զույգն իրեն այդքան դուր է գալիս, շատ լավ կլիներ ճաշին կամ ընթրիքին հրավիրել և ամուսնուն, և կնոջը: Նա ապշած էր և նույնիսկ սկեց առարկել:
- Դու այդպե՞ս ես գտնում,- տարակուսեց նա:- Բայց նրա ամուսինն այնքան ձանձրալի է: Նա , իհարկե, հաճելի կին է, սակայն բոլորովին այլ խառնվածքի, քան դու: Չէ՞ որ նա քեզ դուր չի եկել: Ես չէի ուզենա քեզ պարտադրել նրա ընկերակցությունը:
- Դուք սկսեցիք պնդել, որ նա սխալվում է. Անցյալ երեկո հոնածությունը հարուցեց ձեր ջղայնությունը, բայց, ըստ էության , դուք ոչինչ չունեք այդ Ուրիշի դեմ, ընդհակառակն, համառ պայքարից հետո դուք հաղթեցիք' պնդելով հրավերքի վրա: Դա կրկնակի ճրպիկ քայլ էր: Այդ ամուսնական զույգին ձեր տունը մտցնելով, դուք խելացիորեն ենթադրում էիք, որ ձեր մրցակցուհուն կզրկեք գաղտնիքի ձգողականությունից, արգելված պտղի հմայքից: Իսկ գլխավորը' դուք ուզում էիք նորից տեսնել, ուշադիր զննել նրան և փորձել հասկանալ, թե հատկապես ինչով է նա հրապուրում ձեր ամուսնուն:
Ուրիշ կնոջ մասին
Նամակ երրորդ
Եվ այսպես, այդ Ուրիշը ձեզ հյուր եկավ: Դուք նրան ընդունեցիք շատ սիրալիր, դիտեցիք ինչպես հարկն է, ուշադիր լսեցիք, ձգտելով գնահատել նրան այնպես, ինչպես կգնահատեր կողմնակի կամ սիրահարված մարդը: Քննությունը տանջալից էր, բայց օգտակար: Դուք նկատեցիք բազմաթիվ գծեր, որոնք ձեր աչքից վրիպել էին առաջին հանդիպման ժամանակ: Նրա գնալուց հետո, գիշերային լռության մեջ, երբ ձեր ամուսինն արդեն քնած էր, դուք ամփոփեցիք երեկոն:
«Նա ինձանից ավելի գեղեցիկ չէ, բայց հմտորեն է օգտվում իր գեղեցկությունից: նա հիանալի ճաշակ ունի: Նրա բեժ գույնի բրդյա շորը, կարմիր գոտին, բերետը' ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրված է, հմտորեն հարմարեցված, անբասիր է… Գուցե բանը փողի՞ մեջ է: Ոչ, և շորերը, և բերետը թանկ խանութից չեն: Պարզապես դրանք սիրով են ընտրված: Միանգամից երևում է, որ նա ձգտում է իրեն արվեստի ստեղծագործություն դարձնել: Անկեղծ լինենք. մեծ չափով դա նրան հաջողվել է:
Եվ ահա թե ինչ. Ես սկսում եմ հասկանալ, թե նա ինչով է այդպես հրապուրում Ժակին: Ես ինքս ամաչկոտ եմ ու լռակյաց: Բացի այն րոպեներից, երբ խիստ զայրույթ կամ հսկայական երջանկություն եմ ապրում' այդ ժամանակ ես ինձ նման չեմ, ես հազվագյուտ եմ արտահայտում զգացմունքներս: Դա իմ մեղքը չէ: Այդպես են ինձ դաստիարակել ծնողներս, որոնք դաժան մարդիկ էին: Իմ տեսքը միշտ խստաբարո է, և դա այդպես է: Իսկ այդ Ուրիշը… իսկը անբռնազբոսություն է: Ամուսինս նրա ներկայությամբ բերեց Ստենդալի խոսքերը (Ժակը մեջբերում է անում Ստենդալից: նա ինձ վախեցնում է… թեև ծիծաղելի է երևում). «Ես այնպես եմ սիրում բնական ամեն բան, որ փողոցում կանգ եմ առնում դիտելու, թե ինչպես է շունը կրծում ոսկորը»: Նա ասաց. «Դիպուկ է ասված»): Նա ինքը' այդ Ուրիշն ուտում և խմում է ակնհայտ հաճույքով: Գեղեցիկ է խոսում ծաղիկների ու մրգերի մասին: Պարզվում է, զգայականությունը կարելի է արտահայտել մեծ նրբագեղությամբ: Ես դա հասկացա' նայելով Ուրիշին: Նա հիանալի պատմող է. երբեք չի թողնի, որ զրույցը մարի, իսկ ես, ընդհակառակը, միշտ մտածում եմ, թե ինչ արտասովոր բան ասեմ»:
Եվ դուք կրկին մենակ մնացիք, երկար ժամանակ լալիս էիք: Այժմ արդեն ոչ ատելությունից ու նույնիսկ ոչ խանդից: Այլ սեփական ոչնչության գիտակցումից: Հանկարծ ձեր մտքով անցավ, որ դուք արժանի չեք ձեր ամուսնուն. «Նա հրապուրվել է ավելի վառ ու գրավիչ մի կնոջով, մի՞թե դա հանցագործություն է»:
Դուք այնպես եք ստեղծված, որ արցունքները սովորաբար նշանավորում են ձեր հոգում կատարվող բեկումը' դեպի լավը: Դուք զսպեցիք ձեզ և սրբեցիք աչքերդ: Դուք որոշեցիք մարտնչել այդ Ուրիշի հետ իր իսկ զենքով: Նա կենսուրա՞խ է: Դուք էլ կենսուրախ կդառնաք: Նա գերում է իր լեզվո՞վ: Դուք էլ կփորձեք ձեր խոսքն ավելի բովանդակալից դարձնել' ընթերցելով, հաճախակի հանդիպելով հետաքրքիր մարդկանց հետ: Նա ձեր ամուսնուն տարել է նկարների ցուցահանդեսներ և կինոֆիլմեր դիտելու՞: Մի՞թե դա ամեն կնոջ և հատկապես ձեր ուժերից վեր է:
Դուք երկար ժամանակ սարսափելի հիշողություններ կպահպանեք այն ժամանակաշրջանի մասին, որ հետևեց այդ որոշումն ընդունելուն: Քանի որ Ուրիշը հաղթանակեց, դուք վճռեցիք դառնալ այնպիսին, ինչպիսին նա է: Օ, դուք ջանացել եք ամբողջ երեք ամիս և այնքան հոգսեր եք պատճառել ձեզ: Ձեր ջանքերի մեջ ներդնելով ձեր ամբողջ հոգին, դուք արժանի էիք հաջողության: Սակայն ինչպիսի ձախողմամբ ավարտվեց դա: Դուք խիզախորեն խաղացիք մի կատակերգություն: Անհոգ էիք ձևանում, երբ ձեր սիրտը կտոր-կտոր էր լինում հուսահատությունից: Ձեր ամուսնուն հաճոյանալու համար անխոնջ կերպով շաբաթ և կիրակի օրերի զվարճություններ էիք հորինում: Սկզբում նա զարմանքով միայն նայում էր ձեզ վրա: «Այդ ինչ է պատահել քեզ,- ասում էր նա:- Դու խելագարվե՞լ ես: Ես այնպես ուրախ եմ, որ գոնե կիրակի օրը կարող եմ հանգստանալ, իսկ դու ինձ ստիպում ես թանգարաններ վազվզել. Ոչ շնորհակալ եմ»: Մի ուրիշ անգամ նա ասաց. «Դու իսկական ճչանակ ես դարձել: Քեզ հնարավոր չէ կանգնեցնել, խոսում ես, անընդհատ խոսում: Իրոք դու ինձ ձանձրացնում ես»:
Իսկ ինչքան արտասուք թափվեց այն օրը, երբ խնամքով ընտրելով անգլիական կոստյում, որին, ինչպես կարծում էիք, հավանություն կտար Ուրիշը, դուք այն հագած, հպարտությամբ երևացիք ձեր ամուսնուն: Սկզբում նա ոչինչ չնկատեց: Վերջապես դուք հարցիք.
- Ժակ, դու ոչինչ չե՞ս ասում… Քեզ դուր է գալի՞ս իմ կոստյումը:
- Դեհ, կոստյումը շատ լավն է,-պատասխանեց նա:
Այդ պահին դուք վճռեցիք, որ ամեն ինչ կորած է: Մնում էր դադարեցնել պայքարը և ընդունել Ուրիշի հաղթանակը:
Ձեր ընկերուհիներից մեկի օրինակը, անվանենք նրան Երրորդ, ձեզ փրկություն բերեց' բացելով ձեր աչքերը սեփական սխալների վրա:
Դուք Անաբելլայի հետ ծանոթ էիք մանկուց: Արդեն այն հեռավոր տարիներին նա զարմացնում էր կամքի լիակատար բացակայությամբ: Ընդհանուր առմամբ, այդ բավական լավ, թերևս, չափազանց բարի աղջիկը հեշտությամբ էր ենթարկվում շրջապատի, և մասնավորապես' ձեր ազդեցությանը: Կար ժամանկ, երբ Անաբելլան ձգտում էր նմանվել ձեզ, ընդօրինակելով ձեր սանրվածքը և արտագրելով առաջադրանքները: Ավելի ուշ դուք կրկին հանդիպեցիք: Առաջվա նման նա պատրաստ էր պար գալ առաջին պատահած մարդու նվագի տակ: Երբ տեսնում էր, որ նրա բարեկամները հիացած են որևէ շիկահեր կնոջով, նա անմիջապես գնում էր ներկվելու: Հենց նկատում էր, որ մի մոդայիկ կինոաստղ կարճ, աստվածային ճարտարապետի հատիչով վարպետորեն քանդակած քիթ ունի, նրան անմիջապես համակում էր ճիշտ նույնպիսի քիթ ունենալու ցանկությունը, և նա վազում էր վիրաբույժ-կոսմետոլոգի մոտ: Ձեզ համար ամենադժվար պահին առիթը նորից հանդիպեցրեց ձեզ նրան: Դուք տեսաք , թե ինչ աստիճանի էին այդ թշվառականին տգեղացնում և տաշած քիթը, և արծաթագույն խոպոպը, և շինծու կենսուրախությունը: Ձեր աչքերը կարծես բացվեցին:
«Պետք է լինել ոչ թե պարզապես անբռնազբոսիկ, այլ անբռնազբոսիկ իր ձևով»,- ասացիք ինքներդ ձեզ:
Այդ օրվանից դուք հրաժարվեցիք ուրիշին նմանվելու մտադրությունից: Դուք փորձեցիք դարձնել նրան ձեր ընկերուհին: Եվ առանց դվարության հասաք այդ բանին: Ինքներդ էլ չկռահելով' դուք նրա աչքում մեծ հեղինակություն ձեռք բերիք: Պարզվույմ է ' ձեր ամուսինը նրան շատ լավ բաներ է ասել ձեր մասին: Նա ձեզ գնահատել է ավելի քան դուք կարծում էիք: Այդ պատճառով էլ, բավական էր, որ դուք կանչեիք Ուրիշին, և նա գալիս էր: Դա հանգեցրեց հետաքրքրաշարժ փոփոխությունների:
Պաշտոնատեղից վերադառնալով և Ուրիշին իր տանը գտնելով, ձեր ամուսինը սովորում էր հանձին նրա տեսնել ոչ թե վեպի հերոսուհու, այլ տնային գործածության առարկայի նման մի բան: Սկզբում այդ անսպասելի բարեկամությունը զվարճացնում էր նրան: Նրան թվում էր, թե ինքն իշխում է ձեր երկուսիդ վրա: Բայց շատ շուտով ձեր և մյուսի մոտիկությունը դարձավ ավելի սերտ, քան նրա և ձեր ամուսնու միջև էր: Երկու կինն անհամեմատ ավելի շուտ են լեզու գտնում: Ուրիշը շատախոս էր և այդ պատճառով էլ սխալ գործեց: Նա իրեն չզսպեց և ձեզ պատմեց, թե հատկապես ինչն է պարսավում ձեր ամուսնու մեջ' ավելացնելով, որ շատ ավելի մեծ նշանակություն է տալիս ձեր բարեկամությանք, քան նրա քմահաճությանը: Դուք ողջամտություն ունեցաք նրա խոսքերը չհաղորդելու ձեր Ժակին. դրանք ցավ կպատճառեին նրան և կդիպչեին ինքնասիրությանը: Դա արդեն կլիներ ոչ միայն դատապարտելի քայլ, այլև տակտիկական սխալ: Նա ձեզ չէր հավատա, կգանգատվեր Ուրիշին, իսկ վերջինս փրփուրը բերանին, կժխտեր ամեն ինչ:
Դուք համբերատար սպասում էիք նոր հարաբերությունների զարգացմանը: Միայն մի բանում հետևեցիք Ուրիշի խորհուրդներին և օգտվեցիք նրա փորձից: Նա տվեց անհրաժեշտ հասցեներ, ասաց , թե ում մոտ պետք է հագնվել ու սանրվել: Եվ այստեղ արդեն դուք աշխատեցիք չընդօրինակել նրան, այլ գտնել ձեր սեփական ոճը: Ձեզ, ինչպես և նրան, ղեկավարում էր կատարելության հասնելու ձգտումը: Եվ դուք ձեռք բերիք ձեր կատարելությունը: Աննկարագրելի երջանկությամբ նկատեցիք, որ ձեր ամուսնու աչքերը հաճույքով կանգ են առնում ձեզ վրա և որ մարդկանց ներկայությամբ նա հիանում է ձեզնով:
Հերոսական համառությամբ դուք շարունակում էիք հրավիրել և ձեզ մոտ պահել Ուրիշին: Հարկավոր էր վերջնականապես գցել նրա հեղինակությունը: Դա շատ ժամանակ չխլեց: Նա սպառեց իր պատմությունները: Սկսեց ինքն իրեն կրկնել : Արդյո՞ք նա շարունակում էր մենակ հանդիպել ձեր ամուսնու հետ: Քիչ հավանական է, քանի որ նա այլևս չէր ստում' պատմելով թե ինչպես է օրն անցկացրել: Ձեր հաղթանակը փայլուն էր, թեև գաղտնի. Մի անգամ , երբ ձեր ամուսնուն առաջարկեցիք երեքով տուրիստական ուղևորություն կատարել մեքենայով, ձեր պայքարն ավարտվեց վերջնական հաղթանակով: Դուք թաքուն ցնծում էիք: Ձեր ամուսինը ջղայնացած բացականչեց.
- Դեհ ոչ… Նորի՞ց այդ կինը… չեմ հասկանում, դու ի՞նչ ես տարվել նրանով:
- Մ՞իթե դու ինքդ հաճելի չէիր համարում նրան:
- Հաճելի,- փնթփնթաց նա,- հաճելի… Կարելի է սիրել լավ գինին, բայց ինչու՞ նրանով միշտ ողողել բերանը… Եվ հետո, ճիշտն աած, շատ ավելի սրտովս է քեզ հետ երկուսով լինելը:
Դրանից հետո Ուրիշն աստիճանաբար անհետացավ ձեր կյանքից: Հանդիպումներն ավելի հազվադեպ դարձան: Դրանց միջև եղած ժամանակամիջոցները երկարեցին: Ուրիշն ընդամենը ստվեր դարձավ: Իսկ հետո առհասարակ դադարեց գոյություն ունենալուց: Ձեր ընտանեկան օջախը փրկված էր: