Ladynews.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը

-Արաքսյա´, հիշո՞ւմ եք՝ ինչպես եք կայացրել դերասանուհի դառնալու որոշումը:

-Մոտավորապես հիշումեմ՝ կամ պետք է դերասանուհի դառնայի կամ կենսաքիմիկ, մայրիկիս երազանքն էր, որ ես բժիշկ դառնայի, իսկ դերասանուհի դառնալով էլ կիրականացնեի իմ սիրելի տատիկի, որին ցավոք չեմ տեսել, չիրականացած երազանքը: Որոշմանս մեջ ճակատագրական դեր խաղաց նաեւ կենսաբանության ուսուցչուհիս՝ ընկեր Հովհաննիսյանը: Նա գիտեր դերասանուհի դառնալու երազանքիս մասին, սակայն բացասաբար էր արձագանքում, մի օր էլ, տեսնելով խաղս, ասաց. «Կենսաբան ցանկացած մարդ էլ կարող է դառնալ, եթե շատ աշխատի եւ պարապի, իսկ դերասանուհի՝ ո'չ, գնա' աղջիկս, սա է քո ճանապարհը»,-դրանից հետո որոշումս հստակ էր արդեն:

- Ամենաանսպասելին, որ զգացել ու ապրել եք, արդեն գործնականում շփում ունենալով թատերական աշխարհի հետ, ի՞նչն է եղել:

-Արդարության պակասը, այն, թե ինչպես են մարդիիկ այլընտրանքային ճանապարհներով հասնում իրենց նպատակին,սակայն ես հավատում եմ՝սիրով եւ ազնվորեն արված աշխատանքը ստվերում չի մնա:

-Ըստ Արաքսյա Մելիքյանի՝ ո՞րն է դերասանի գլխավոր առաքելությունը:

-Փոքր ժամանակ բոլորին համոզում էի՝ էլի բժիշկ եմ դառնալու, ուղղակի մարդկանց բուժելու մեթոդներն են այլ լինելու: Առանց շատ խորը հասկանալու, կարծում եմ, ճշմարտությունն եմ ասել. հետագայում դրանում համոզվեցի՝ ուսումնասիրելով հազարավոր արտիստների եւ փիլիսոփաների աշխատությունները՝ հոգու կատարսիսի մասին: Որքան համոզիչ ու ազնիվ լինես արածդ գործում, այնքան շատ մարդ կհավատա ասելիքիդ՝ կերպարի խոսքով եւ լեզվով ասված:

-Հիմա կա՞ն են դերասաններ, ովքեր կարողանում են թատրոն հաճախող հանդիսատեսին հասցնել կատարսիսի:

-Այո', հիմա թատրոններում շատ կան դերասաններ, ովքեր ի զորու են դա անելու, ուղղակի նրան «տեսնել» է պետք, ոչ թե նայել:

-Իսկ մեր հանդիսատեսն ի վիճակի՞ է «տեսնել» դերասանին:

-Ես հանդիսատեսին չեմ մեղադրում. անցումային ժամանակներ են, արժեքների վերագնահատում է տեղի ունենում: Կգա ժամանակ եւ ամեն բան տեղը կընկնի:

-Ինքներդ Ձեր առաքելությունը թատերարվեստում ինչքանո՞վ եք իրականացրել եւ ինչե՞ր դեռ պետք է անեք:

-Ես գտնվում եմ այդ ճանապարհին, իսկ թե ինչքանով կանցնեմ, չգիտեմ. հավատում եմ՝ ամեն ինչ ի վերուստ է որոշված, իսկ ինձ մնում է ապրել, սիրել,աշխատել եւ հաճույք ստանալ այդ ամենից:

-Ձեր ամուսինն էլ է դերասան, իսկ Ձեր բալիկն, օրինակ, ի՞նչ է պատմում, իրեն ընկերները, դպորցում կամ չգիտեմ գուցե մանկապարտեզում ճանաչում են որպես Արաքսյա Մելիքյանի՞, թե՞ Անդրանիկ Զաքարյանի զավակ:

-Առանձնապես չի կիսվում իր առօրիայից, եթե եինքս չհարցնեմ, երեւի դա նրա համար արդեն սովորական է դարձել: Ի դեպ' երբեմն ինքն է մեզ ներկայացնում որպես դերասան եւ դերասանուհի (ծիծաղում է):

-Կատարում եք միաժամանակ երեք գործառույթ՝ կնոջ, մոր եւ դերասանուհու, պատասխանատվության զգացումը ո՞ր դեպքում է ավելի մեծ, երբ ջանում եք թերացումները հասցնել նվազագույնի, իհարկե, եթե թերացումներ ունենում եք:

-Թերացումներ, անշուշտ, լինում են, բայց ես ջանում եմ ժամանակս հավասարապես բաշխել: Ոչ մեկ թող չպարծենա՝ կարող է իդեալական լինել, պարզապես մարդկանց պահանջներն են տարբեր, նայած, թե ում համար, ինչն է կարեւոր:

-Արաքսյա´, երջանկության լիարժեք զգաղություն կարելի՞ է ապրել ավելի շատ սիրելո՞ւց, թե՞ սիրված լինելուց:

-Ինձ համար սիրված լինելը կենսական անհրաժեշտություն է, բացակայության կամ պակասի դեպքում, կարեւոր չէ՝ որ ոլորտում,ես կորցնում եմ դրական վերաբերմունքս կյանքի նկատմամբ, իսկ երբ ես եմ սիրում ու նվիրվում, զգում եմ այդ երջանկության փայլատակումները:

-Ասում են՝ մարդը խանդում է ոչ թե այն պատճառով, որ սիրում է, այլ՝ ուզում է սիրված լինել, կասե՞ք՝ Դուք առիթներ ունենում եք խանդելու:

-Ես չեմ խանդում. պատճառ եւ առիթներ չեմ ունենում, աշխատում եմ ինքս էլ խանդելու առիթներ չտալ, երկու դեպքում էլ դա ինձ համար անձնական վիրավորանք է:

-Արաքսյա', ինչպիսի՞ն պետք է լինի սիրող կինը, ի՞նչ պետք է անի հանուն սիրելի տղամարդու, որպեսզի վերջինս իրեն լիարժեք զգա տվյալ կնոջ կողքին:

-Այս հարցի շուրջ ինչ էլ ասեմ, դա կլինի իմ սուբյեկտիվ կարծիքը. նայած ինչ տղամարդու, ինչ կին է դուր գալիս, միայն հուսամ՝ ես գոհացնում եմ ամուսնուս:

-Բոլոր տղամարդիկ միարժեքորեն պնդում են, որ երբեք չեն հասկացել ու չեն հասկանա՝ ինչ է ուզում կինը, իսկ ի՞նչ եք կարծում տղամարդն ի՞նչ է ուզում եւ ակնկալում իր կողքին եղած կնոջից:

-Ըստ իս՝տղամարդիկ իրենց էությամբ էգոցենտրիկ մեծ երեխաներ են, ուստի ուզում են լինել սիրած էակի կողմից սիրված եւ «երես առած»: Տղամարդկանց համար մեծագույն սթրես են կենցաղային խնդիրներն ու կոնֆլիկտները: Նախնադարից շատ բան չի փոխվել, երբ տղամարդը գնում էր դուրս, մենամարտում, որս անում, հաղթում եւ վերադառնում, ուր իրեն սպասում էին սիրելի կինն ու անվերջ աղմկող երեխաները:

-Երջանկության եւ ներդաշնակության հասնելու գլխավոր այցեքարտն՝ ըստ Ձեզ ո՞րն է:

-Պահանջելուց առաջ մտածիր՝ ինքդ ի՞նչ ես անում նրա համար: Ընտանեկան անդորրը պետք է պահպանել եւ դրա համար պետք է ամեն ինչ անեն ե'ւ կինը, ե'ւ ամուսինը: Իզուր չի ասված՝ «վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզես, որ դիմացինը վարվի քեզ հետ»: