Դերասանուհի Միլա (Միլենա) Կունիսը ծնվել է 1983 թ. օգոստոսի 14-ին Ուկրաինայում: Բացի Միլայից, նրանց ընտանիքում մեծանում էր նաև մեծ եղբայրը' Միշան: Ծնողները հրեաներ էին: Մայրը' Էլվիրան, ֆիզիկայի ուսուցչուհի էր, իսկ հայրը տաքսի ծառայության տնօրե: Իր մանկության տարիների մասին Միլան տխրությամբ հիշում է.«Առավոտյան մենք դուրս էինք գալիս բակ, ավելի ճիշտ' մեզ հանում էին բակ, և մենք 6-8 ժամ թափառում էինք' սոված, ճղճղված հագուստով»: Նրա այս խոսքերին ուկրաինական մամուլը շատ քննադատաբար մոտեցավ: Միլան պատմել էր նաև, որ իրենց Չերնովցի քաղաքում այնպիսի ծանր դրություն էր, որ բոլոր ընտանիքներում էր այդ իրավիճակը' քաղցած երեխաներ, անճար ծնողներ, թշվառ վիճակ: Շատերը հերքեցին և մեղադրեցին Միլային սուտ պատմությունները պատմելու համար: Երբ Միլային հարցնում են, թե որն է եղել նրա մանկության ամենաերջանիկ պահը, աղջիկը պատասխանում է. «Ես 5 տարեկան էի, պապիկս պառկած էր անկողնում, նա ինձ Նոր տարվա թագավորական նվեր էր արել' մի տուփ ծամոն: Պատկերացնո՞ւմ եք' ինչ է նշանակում ունենալ մի ամբողջ տուփ ծամոն Ուկրաինայի գավառական քաղաքում 80-ականներին»:
1991-ին Միլայի ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես: «Ես մի բառ անգամ չգիտեի անգլերեն: Հենց երկրորդ օրը ծնողներս ինձ տարան դպրոց, որտեղ ես չէի կարողանում շփվել ոչ մեկի հետ: Սարսափով եմ հիշում այդ օրերի մասին»:
Դժվարություններ հաղթահարելը միշտ էլ հիանալի ստացվել է Միլայի մոտ: Այս անգամ նույնպես: Աղջիկը ժամերով դիտում էր անգլալեզու հաղորդումներ, ուսումնական ծրագրեր: Հետզհետե նա յուրացնում է լեզուն: «Ես ամեն օր լաց էի լինում: Չէի հասկանում մարդկանց, չէի հասկանում լեզուն: Ես չէի հասկանում նրանց մշակույթը: Իմ առաջին նախադասությունը քոլեջի ընդունելության համար գրված շարադրության մեջ սա էր' «Պատկերացրեք' խուլ և կույր 7տարեկանում»: Հենց այսպես էի ես զգում ինձ Նահանգներ տեղափոխվելիս»:
9 տարեկանում Միլա Կունիսն ընդունվում է դերասանական վարպետության դպրոց Բեվերլի Հիլզում: Այնտեղ նա հանդիպում է Սյուզեն Կորտիսի հետ, ով դառնում է նրա մենեջերը: Հենց այս տարիքում էլ գործակալները գնահատում են աղջկա գեղեցկությունն ու նկարահանում նրան փոքրիկ գովազդներում: Երիտասարդ դերասանուհու կարիերան սկսվում է 1994-ին, երբ էկրան է դուրս գալիս Բարբի տիկնիկների գովազդը' Միլայի մասնակցությամբ: Աստիճանաբար Միլային են վստահվում նաև ֆիլմերում երկրորդական դերերը:
1998թ. Միլայի կարիերայի համար իսկական շրջադարձ էր: Նա մասնակցում է «70-ականների շոու» հեռուստասերիալի քաստինգին: Քաստինգի միակ պայմանն այն էր, որ մասնակիցները պետք է 18 տարեկանից բարձր լինեն: Երբ նրան հարցնում են տարիքի մասին, Միլան ժպիտով պատասխանում է, որ շուտով իր ծննդյան օրն է մոտենում, բայց մոռանում է նշել, թե քանի տարեկան է դառնում: Աղջիկը դեռ 14 տարեկան էր:
Իր տաղանդով Միլան այնպես է ապշեցնում ռեժիսորին, որ կեղծիքը բացահայտելուց հետո էլ նա որոշում է հաստատել նրա դերը ֆիլմում: Աղջիկը պետք է կատարեր երիտասարդ, երես առած Ջեկի Բուրհարտի դերը:
1999թ. Միլային հնարավորություն է ընձեռնվում կրկնօրինակել հայտնի «Գրիֆիիներ» մուլտֆիլմի հերոսուհու ձայնը: Այս աշխատանքի համար 15-ամյա Կունիսը նոմինացվում է Էմմի մրցանակաբաշխությանը: Սակայն սա արդեն այն բանից հետո էր, երբ Միլա Կունիսը բավականին ճանաչված աստղ էր դարձել:
1998-2006 թթ. նա մասնակցում է «70-ականների շոու» սերիալի 8 սեզոնների նկարահանումներին: Ի դեպ, հենց նկարահանման տաղավարում Միլայի հետ աշխատում էր լեզվի մասնագետ, շտկում նրա լեզվական սխալները:
Միլան սկսում է հանդիպել շոուում իր հետ նկարահանվող Դենի Մաստերսոնի հետ: Սակայն նրանց հարաբերությունները ամենևին լուրջ բնույթ չունեին: Շուտով Միլան սկսում է հանդիպել նույն ֆիլմի ռեժիսոր Մորգան Ֆրիմենի հետ: Այս կապը բոլորն անվանում էին «շահավետ», իսկ ինքը Կունիսը ասում էր. «Եթե կարծում եք' մենք հանդիպում ենք միայն նրա համար, որ դա շահավետ է, ապա դուք երբեք չեք կարող պատկերացում կազմել անկեղծ ու անմիջական հարաբերությունների մասին»:
Միլան 2001թ.-ից սկսեց նկարահանվել ավելի մեծ մասշտաբով ֆիլմերում: Առաջին մի քանի փորձերը ձախողվեցին: Սակայն դա չի հիասթափեցնում Կունիսին: «Ես մի քաստինգից մյուսն էի վազում, խոսում բոլոր ռեժիսորների հետ, համաձայն էի յուրաքանչյուր դերի: Ես անընդհատ հիշեցնում էի իմ մասին, փորձում էկրանին մնալ»:
Միլա Կունիսի համար իսկական հաջողություն էր «Forgetting Sarah Marshall» ֆիլմը: Աղջկան ընտրում է Ջադ Ապատոուն, ով դեռ ուրիշ ֆիլմի լսումներից հիշում էր Կունիսին: Կինոքննադատները դրական են արձագանքում, և ֆիլմն իսկապես հաջողություն է ունենում:
2002թ. Միլան սկսում է հանդիպել «Տանը միայնակ» ֆիլմի գլխավոր դերասան Միկոլեյ Կալկինի հետ: Սիրահար զույգը նույնիսկ համատեղ շուն ուներ, որը հերթափոխով ապրում էր մեկ Միլայի, մեկ Կալկինի տանը: Բոլորը կարծում էին, թե հարաբերությունները կհասնեն նաև ամուսնության, իսկ լրատվամիջոցները բազմաթիվ անգամներ այս զույգին ամուսնացրին- բաժանեցին: Եվ մի օր բոլորովին անսպասելի Կունիսը հայտարարեց, որ այլևս չի կարող Մակոլեի հետ:
«Ես ձանձրանում էի: Նա ինձ սահմանափակել էր ամեն հարցում: Սիրում էր նստել տանը և ժամերով հեռուստացույց նայել, իսկ ես կյանք էի ուզում վայելել, ոչ թե ծերանալ հեռուստացույցի առաջ: Նա շատ լավն է, բարի, դրական, բայց ինձ համար չէ»:
2010թ. Միլան նկարահանվում է «Իլայի գիրքը» ֆիլմում, որը նույնպես մեծացնում է նրա ճանաչումը, նաև հարստացնում աղջկա բյուջեն: «Ես երբեք չեմ դժգոհել իմ ֆինանսական վիճակից: Ես աշխատել եմ, վաստակել, ծախսել, վայելել: Էլ ինչու եմ ինքնամոռաց աշխատում, եթե չպետք է վայելեմ արդյունքը»:
2010 թվականն իսկական հաջողության տարի էր այս գեղեցկուհու համար: Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին հրավիրում է Միլային «Սև կարապ» ֆիլմում նկարահանվելու: «Եթե չլիներ իմ մտերիմ ընկերուհին' Նատալի Փորթմանը, ես այդ դերը չէի ստանա: Գիտեք' այնքան դժվար է լինել մտերիմ ընկերներ և մարմնավորել հակառակորդների»:
Ֆիլմում Միլան մարմնավորում էր գլխավոր հերոսուհու ընկերուհուն' Լիլիին: Իսկ ֆիլմի նկարահանումների համար Միլան ստիպված էր խիստ դիետա պահպանել և ամեն օր մի քանի ժամ տրամադրել բալետին: «Աննկարագրելի են հիշողություններս այդ ֆիլմի նկարահանումներից; Մի քանի անգամ լուրջ վնասվածքներ եմ ստացել, բայց էլի շարունակում էի պարապել: Իսկ դիետայի մասին միայն հիշելիս արդեն ինձ քաղցած եմ զգում»:
Պետք է ասել, որ այս զոհաբերություններն անտեղի չէին: Ֆիլմն իսկապես մեծ հաջողություն է ունենում, կինոքննադատները գնահատում են Միլայի խաղը: Իր կարիերայում առաջին անգամ Միլա Կունիսը նոմինացվում է «Ոսկե գլոբուս» մրցանակի:
2011-ի ամռանը էկրան է դուրս գալիս Միլայի հաջորդ հաջողված աշխատանքը' «Ընկերական սեքս», որտեղ գլխավոր դերում հենց ինքը'Միլան էր և Ջասթին Թիմբրլեյքը: Ֆիլմի պրեմիերայից հետո բոլորը խոսում էին այս մասին, որ ֆիլմի երկու դերասանները հանդիպում են: «Ես հոգնել եմ կրկնել, որ իմ և Ջասթինի միջև բացի ընկերական հարաբերություններից ուրիշ ոչինչ չկա: Մենք ընկերներ ենք, բայց ընկերական սեքսին դեմ» ,- ծիծաղելով ասում է Միլան:
2012-ի սկզբին Միլա Կունիսը դառնում է Christian Dior նորաձևության տան դեմքը' գովազդելով նրանց գարնանային հավաքածուն:
Միլայի կյանքում հենց այս տարի հայտնվեց Էշթոն Կաթչերը' Դեմի Մուրի նախկին ամուսինը: Հարաբերությունները ի սկզբանե մեծ աղմուկով էին ուղեկցվում: Դեմի Մուրը չէր ուզում ապահարզան տալ Կաթչերին և դրա պատճառով նաև հոգեկան անհավասարակշռություն էր ձեռք բերել: Միլա Կունիսին շատերը մեղադրեցին Էշթոնին Դեմի Մուրից խլելու մեջ: «Էշթոնն ինքն է ինձ ընտրել, ես նրան ոչ մեկից չեմ խլել: Պարզապես մարդիկ սկսել են հավատալ էժանագին բամբասանքների, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ես ու Էշթոնը սիրում ենք իրար' անկախ այն բանից' դուր է գալիս դա Դեմի Մուրին, թե' ոչ»: Ի դեպ այս զույգը ծանոթացել էր դեռ «70-ականների շոու» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Միլա Կունիսի կարիերան գնալով աճում է, նոր նախագծեր, նոր դերեր, իսկ բոլորովին վերջերս Միլա Կունիսը ճանաչվեց «Երկրագնդի ամենասեքսուալ կին»:
Ես' էկրանին և ես' իրականում, բոլորովին տարբեր մարդիկ ենք: Ես չեմ ուզում դառնալ այնպիսին,. ինչպիսին ուզում են ինձ տեսնել ուրիշները:
Ես բնույթով գլամուր աղջիկ չեմ, չեմ վարում աստղային կյանք, չեմ ծախսում փողերս անիմաստ բաների վրա, ինձ չեն հետաքրքրում անիմաստ զվարճությունները: Ես աշխատող եմ և անում եմ ամեն ինչ կյանքում էական արժեքներ ձեռք բերելու համար:
Ես երբեք տիկնիկներով չեմ խաղացել, ինձ հետաքրքրել են բոլոր տղայական խաղերը: Տիկնիկների ահռելի հավաքածու ունեի, բայց միշտ երազում էի խաղալիք զինվոր ունենալ:
Հիշեք, որ ոչ ոք Ձեզ ոչինչ պարտական չէ: Դուք նույնպես ոչ մեկին ոչնչով պարտական չեք: Հույսներդ մի դրեք ուրիշների վրա , այլապես Ձեզ մեծ հիասթափություն է սպասվում:
Ոչ ոք երբեք իսկապես ազնիվ չի խոստովանում, թե որքան երջանիկ է և ինչքան բավարարված այն մարդու հետ, ում հետ ապրում է:
Եկեք իրերն իրենց անուններով կոչենք. ես իսկապես անամոթ եմ: